Ռուս-ադրբեջանական դավադրություն՝ ընդդեմ Ղարաբաղի

Այսպիսով, կամաց-կամաց բացահայտվում են ապրիլյան պատերազմի իրական նպատակներն ու շահառուները: Վերջիններս էլ, ի դեպ, հենց բացահայտողներն են: Կրեմլին մոտ կանգնած, ասել է թե` Կրեմլի ցուցումով աշխատող, ասել է թե` Կրեմլի մտքում եղածը տիրաժավորող «Իզվեստիա» թերթը` հղում անելով իր «դիվանագիտական աղբյուրներին», հրապարակել է ղարաբաղյան հակամարտության հարցում «ռուսական պլանը», որը, ըստ էության, նորություն չէ: Դա, մեծ հաշվով, հանգում է նրան, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի մի քանի ազատագրված շրջաններ, ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, և անորոշ ժամանակ հետո կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Եվ ամենակարևորը` դա պետք է իրականացվի խաղաղապահների (թեև հոդվածում չի նշվում, սակայն հասկանալի է` ռուս) «բարձր հովանու» ներքո: Այսինքն` «Իզվեստիան» անուղղակիորեն բացահայտել է, որ ապրիլյան պատերազմն առաջին հերթին՝ պետք էր Ռուսաստանին` սեփական պլանն իրականացնելու, այսինքն` դրա իրականացման համար անհրաժեշտ հիմք ստեղծելու համար: Ռուսական հաշվարկը շատ պարզ է` առաջին հերթին՝ հայկական կողմին վախեցնել պատերազմով և հարցը դնել շատ կտրուկ` կա՛մ պատերազմի շարունակություն (դա կապահովի Ադրբեջանը` ռուսական զենքով), կա՛մ ռուսական պլանի իրագործում: Ռուսական այս պլանն իրականում նշանակում է՝ հանձնել Լեռնային Ղարաբաղը: Հանձնել ռուս-ադրբեջանական միությանը: Տարածքները հանձնել Ադրբեջանին, այդ տարածքներում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում «կարգուկանոնի պահպանումը»` ռուսներին, ինչը նշանակում է, որ ռուսներն աչալրջորեն կվերահսկեն, որպեսզի այդ տարածքներն անհրաժեշտ չափով բնակեցվեն ադրբեջանցիներով, մինչև այն աստիճան, որը բավարար կլինի հետագայում հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում «ամրագրելու» համար:

«Իզվեստիան» չի գրում այս պլանի վերջին, բայց ամենակարևոր բաղադրիչի՝ նպատակի մասին, որը Ռուսաստանին դրդում է դիմել այս քայլերին: Իսկ նպատակը, չնայած «Իզվեստիան» չի գրում, սակայն պարզ է բոլորին` Ադրբեջանը դարձնել Եվրասիական միության անդամ: Ընդ որում, այնպես չէ, որ սա նորություն է ռուսական քաղաքականության մեջ: Դեռ ամիսներ առաջ էր ռուսական քարոզչական հրետանին` փորձագետներով ու կրեմլամերձ լրատվամիջոցներով, ներկայացնում այս պլանը, որը ստացել էր «տարածքներ-Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դիմաց» անվանումը:
Ռուսական քաղաքականությունը, բոլոր թերություններով հանդերձ, ունի մի առավելություն. հնարավորին չափ բաց է. ռուսները հայտարարում են, որ շարունակելու են հարձակողական զենք վաճառել Ադրբեջանին, ռուսները խոսում են ազատագրված տարածքների վերադարձի մասին, ռուսներն ասում են, որ Ադրբեջանը և Հայաստանը Ռուսաստանի համար ունեն միևնույն նշանակությունը:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարում է, որ առաջիկա օրերին ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մտնելու են ինտենսիվ փուլ, և, որ դա արվում է Ռուսաստանի նախագահի միջամտությամբ ու ջանքերով: Դրանից առաջ, ի դեպ, ադրբեջանցիներն արդեն հասցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնել ապրիլյան պատերազմում կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում ունեցած միջամտության համար: Ասել է թե` ադրբեջանցիները շնորհակալություն հայտնեցին ռուսներին հայկական բանակի առաջխաղացումը թույլ չտալու համար:

Երկու օր հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: Նա վստահաբար իր հետ բերելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը: Կամ՝ գալու է այդ պլանի մասին հայկական կողմի պատասխանը ստանալու համար: Այսօրվա ամենակարևոր հարցը, որից կախված է Լեռնային Ղարաբաղի, ինչո՞ւ ոչ` նաև Հայաստանի ապագան, հետևյալն է` ունա՞կ է արդյոք Հայաստանի իշխանությունը մերժելու Ռուսաստանին` սեփական պլանն իրագործելու և Հայաստանին «հաշտություն պարտադրելու» հարցում: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին այս հարցի պատասխանը գուցե դրական լիներ, քանի որ իշխանությունը, թերևս, ամուր զգալով պատերազմական օրերին հասարակության ցուցաբերած միասնականությունից, համարձակություն ունեցավ Ռուսաստանի ուղղությամբ գոնե մի քանի հայտարարություն անել:

Սակայն վերջին օրերին իշխանությունների պահվածքը, նրանց կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իշխանությունը վերադարձել է «նախկին ռեժիմին», որը ենթադրում է՝ ռուսական շահի գերակայություն բոլոր հարցերում և այդ շահի սպասարկում` բոլոր մակարդակներով:

Հայաստանի հասարակությունն այսօր պետք է ստանա այդ հարցի պատասխանը` ունա՞կ է իշխանությունը դիմադրելու ռուսական պարտադրանքին, թե՞ ոչ: Այդ պատասխանը կարևոր է նրանով, որպեսզի հասարակությունն իմանա իր անելիքը: Հասարակությունը ցույց է տվել, որ պետությանը սպառնացող ագրեսիայի դեպքում ունակ է համախմբվելու: Եվ եթե դա տեղի ունեցավ ադրբեջանական զինված ագրեսիայի դեպքում, կարող է տեղի ունենալ նաև ռուսական ագրեսիայի պարագայում, որը, իհարկե, զինված չէ, բայց կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ: Այդ թվում` նաև ռազմական:

Հասարակությունը պետք է ստանա այդ հարցի պատասխանը` իմանալու համար նաև՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու է իշխանությունների հետ միասի՞ն, թե՞, դրա դեմ պայքարելուց բացի, պետք է պայքարի նաև իշխանության դեմ:

Տեսանյութեր

Լրահոս