«Միշտ զգուշացնում էի՝ բրոնիժիլետդ հագիր, կասկադ դիր… Իմ ասածներն էլ իր զինվորներին էր հորդորում, բայց…». հիշում է զոհված Վլադիմիր Նարինյանի եղբայրը
karabakh-open.info. Մարտունում գարունն իր ողջ շքեղությամբ փթթում է, սակայն այս անգամ ապրիլը երազանքներ ու ժպիտներ խլեց։
ԼՂՀ Մարտունի քաղաքի «Կարվին» կոչվող թաղամասը լուռ է, փոքրիկ նրբանցքը՝ սգավոր։ Նարինյանների ընտանիքը մի շաբաթ առաջ հողին հանձնեց տան ամենափոքրին՝ քառօրյա պատերազմի զոհ Վլադիմիրին։
«Միշտ զգուշացնում էի հեռու մնա մեքենաներից, բրոնիժիլետդ հագիր, կասկադ դիր։ Իմ ասածներն էլ իր զինվորներին էր հորդորում, բայց․․․»,- ցավով ասում է ավագ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Մխիթարը, բայց, ինչպես պատմում են, հենց մեքենայի մոտ էլ զոհվեց Վլադիմիրը։
Փոքրիկ բակում բոլորը լուռ են։ Ցավն անբառ խոսում է արդեն սպիտակին տվող մազերով ու մորուքով Վլադիմիրի հոր աչքերով։ Ընտանիքի անդամները պատմում են, որ իրենց փոքրը հոգատար էր, զգայուն, հանդուրժող․ «Սիրում էր բոլոր հարազատներին, սակայն հազվադեպ էր ծնունդների ու խնջույքների գնում։ Առավել կապված էր տատիկի ու հոր հետ, միշտ ասում էր, եթե բաբոն /տատիկը-հեղ․/ գալիս է՝ ես էլ կգամ»,- պատմում է որդեկորույս մայրը՝ տիկին Նելլին։
Վլադիմիրն ընկերասեր էր, եղբոր բնորոշմամբ՝ սիրտն էլ կտար ընկերոջը։
Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զորամասում զոհվեց Վլադիմիրի մտերիմ ընկերը՝ Յուրին։ «Ձայնի մեջ լաց կար»,- ասում է եղբայրը, ուզում էր ինքն էլ վերջին հրաժեշտը տար սիրելի ընկերոջը, սակայն ընդամենը մի քանի օր անց հավերժաբար միացավ նրան՝գուցե ուրիշ աշխարհում։
Ընկերների հուշերում Վլադիմիրը հասուն էր՝ թեթեւակի մի ժպիտ աչքերում ու դեմքին․ «Նրա հետ դժվար էր չժպտալը, լավատես չլինելը, իր լավատեսությամբ բոլորին վարակում էր»,- ասում է մանկության ընկերուհին՝ Ասյան։
Ասյան Արցախի պետհամալսարանի պատմության բաժնում է սովորում, Վլադիմիրը՝ նույնպես․ «Ասում էր կոնսպեկտներդ կպահես՝ հաջորդ տարի ինձ պետք են գալու։ Ուզում էր անպայման շարունակել ուսումը»։
Հարազատների խոսքով՝ պատմությունը նրա տարերքն էր․ «Մինչեւ վերջերս էլ գալիս պառկում էր կողքովս ու ասում՝ պապ, հայդուկների մասին պատմիր։ Աղբյուր Սերոբը նրա սիրելի հայդուկն էր»,- հառաչանքով ասում է Ստեփանը՝ Վլադիմիրի հայրը։
Ժպտերես երիտասարդը նաեւ ֆուտբոլի սիրահար էր, մայրը ցույց է տալիս զորամասից ուղարկած պատվոգիրը, հաղթող ֆուտբոլիստի պատվոգիրը։
Ոչ միայն պատվոգրի արժանացավ, այլեւ գրազի հաղթող դարձավ ֆուտբոլով։ «Տարիներ առաջ արտասահմանցիներ էին եկել, գրազ եկան, Վալոդիկը մի քանի գոլ խփեց, իրենք էլ 100 դոլար տվեցին։ Հավասար բաժանեց բոլորի մեջ, իր բաժինն էլ կոնֆետ, հյութեր գնեց բաժանեց թաղի երեխեքին»,-հիշում է Ասյան։
Կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանը ծառայակից ընկերների հուշերում աչքաբաց ու կատակասեր է․ « Ավանեսյան, էդ ոսկեգույն լիչկաներդ ինձ ես չէ՞ թողնելու, որ զորացրվես»,- մտաբերում է Հակոբ Ավանեսյանը, ով Վլադիմիրի հետ ծառայել է նույն զորամասում։
«Չհասցրեց ինքն էլ ոսկեգույն լիչկաներով զորացրվել»,-ավելացնում է նա։
Տեխնոլոգիաների դարում ծառայության ժամանակ Վլադիմիրը թղթե նամակ էր ուղարկել տուն, որում բոլորին հորդորում էր՝ «Ձեզ լավ նայեք»։ Այսօր Նարինյանների միակ սփոփանքը Վլադիմիրի հենց այդ նամակն է, նկարները, հիշողությունից երբեք չանհետացող նրա անուշ ժպիտը։
Մխիթարը թերթում է նկարները, անշշուկ կարդում եղբորը գրած վերջին հաղորդագրությունները, հիշում վերջին ուրախ օրը, երբ եղբայրն իրեց կողքին էր․ Մխիթարի նշանադրության օրն էր․ «Էդ օրն ասաց նկարիր ինձ, ուզում եմ նկարս փոխեմ /սոցցանցի պրոֆիլում/, բայց այդպես էլ չհասցրեց»։
Տարիներ շարունակ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրականության մեջ են մեծացել Նարինյան երեք եղբայրները․ «Ես գիտեի, որ էս կռիվը նորից է սկսվելու, գիտեի, որ հիմա էլ երեխեքս են տառապելու, բայց չէի ուզում հավատալ, որ մտածածս երբեւէ իրականություն կդառնա»,- արցունքների միջից ասում է 20-ամյա որդուն կորցրած Նելլին ու ավելացնում․ «Թող գոնե այսուհետ խաղաղություն լինի, թող էլ ոչ ոք իմ վիշտը չզգա»։
Հ․ Գ․-Վլադիմիրը տարիներ շարունակ կարմրամազ մի կատու էր պահում, իր բաժին ուտելիքն անգամ կատվին տալիս, նստեցնում տատիկի ոտքերին հավատացնելով, որ կատուն տատիկի ճնշումը կիջեցնի, նրա բոլոր ցավերը կտանի։ Մի օր կատուն կորչում է։ Վլադիմիրի զոհվելուց հետո կարմրամազ մի կատու նորից հայտնվեց։
-Տեսա Ստյոպան փիս-փիս է անում, ասացի՝ էդ ի՞նչ բանի ես,-պատմում է կինը։
-Վալոդիկի կատվին է նման,-ասաց ամուսինն ու շարունակեց կերակրել կարմրամազ կատվին։
Մարիամ Սարգսյան