Մատաղիսում մնացած միակ ընտանիքը
Քառօրյա պատերազմի վերսկսումից մի քանի ժամ հետո Մատաղիսի բոլոր բնակիչները տարհանվել են։ Համայնքում մնացած միակ բնակչները Գայանեն ու իր ամուսինն են։
«Կրակոցները սկսվեցին ուշ գիշերով, այնուհետեւ հրետակոծել են նաեւ գրադ կայանքից: Ականն ընկավ մեր պատշգամբի դեմը: Բնակիչներով որոշեցինք իջնել նկուղ, սակայն սպայական շենքերի նկուղներից մեկն էր նորմալ վիճակում, մնացածը ջրալցված էին, այդ պատճառով բնակիչները նստեցին մեքենաներն ու շարժվեցին Ստեփանակերտ»,- aparaj.am-ին պատմում է Գայանեն։
Մատաղիսում հոսանք չկար: Հիմա, երբ հոսանքը տվել են, դիմացի շենքի բնակարանների լույսերը, քանի օր է՝ վառվում են։ Մարդիկ չեն հասցրել նույնիսկ լվացքը հավաքեն։ Բակում կան մի քանի զինծառայողների մեքենաներ, ովքեր դիրքերում են: Բացի մեքենաներից, բակում կարող ենք հանդիպել կովերի նախիրի, մի քանի այծի, հավերի եւ անվտանգության նկատառումներով գյուղում թողած` բժիշկ զինծառայողի շանը։
Գայանեի ամուսինը թոշակի անցած զինծառայող է։ Այս օրերին տեղափոխվել են «Վերին Մատաղիս»-ի տներից մեկը: «Այնտեղ համեմատաբար ապահով է»,- ասում է ամուսինը։ Ամուսիներն օգնում են զորամասում աշխատող կնոջը` ճաշ պատրաստել զինվորների համար։
Ամուսինները երեք զավակ ունեն։ Կրտսեր որդին Մատաղիսում էր դեպքի օրը. ապահովության համար ծնողներն ուղարկեցին քույրերի մոտ, ովքեր սովորում են Ստեփանակերտում։
«Վիճակը մի քիչ հանդարտվի` կբերենք երեխային: Հարևաններիս հետ էլ եմ ամեն օր խոսում. բոլորն ուզում են շուտ տուն վերադառնալ․․․,- բակում քամուց շարժվող մանկական ճոճանակի ճռճռոցն ընդհատում է մեր զրույցը:
Գայանեն ցույց է տալիս պատուհանագոգին շարված խաղալիքները,- երկրորդ հարկի հարեւանս 20 օր է, ինչ տուն է ստացել եւ տեղափոխվել. չի էլ հասցրել վայելել այն: Այստեղ ապրող բոլոր զինծառայողներն առնվազն երկու զավակներ ուենեն, այդ պատճառով բակում միշտ աշխույժ մթնոլորտ էր տիրում…»։
Իսկ բակում գտանք պայթած գնդակ, որը գուցե հրետակոծության հետեւանքով է փչացել։ Անտեր էին մնացել նաեւ գունավոր կավիճները․․․ Մանկական ճոճանակն էլ քամուց անընդհատ այս կողմ, այն կողմ է շարժվում…
Մանկական խաղահրապարկում, ի հեճուկս պատերազմի, որոշ ժամանակ հետո, անշուշտ, նորից կաշխուժանա խաղը, երբ վերադառնան փոքրիկները․․․ Վերադարձը չի ուշանա․․․
Փետրվարի 16-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանում տոնական տրամադրություն էր. 24 սպաների ընտանիքների համար բնակարանամուտ էր: Մատաղիսի զինվորական շենքերում ապրում է շուրջ 100 ընտանիք։
Լուսինե Թեւոսյան