«Որոշ քաղաքական ուժերի նպատակը ոչ թե կոնսենսուսն է, այլ, թե ինչ կասի իր մասին ֆեյսբուքյան իքս օգտատերը»
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
– Տիկին Զոհրաբյան, երեկ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը բոլորի անունից ասաց, որ այս ձևաչափով բանակցությունները չտվեցին այն արդյունքը, որոնց ուղղված էին, կոնսենսուս չկայացավ: Ի՞նչ է սա իրենից ենթադրում, այսինքն՝ չկայացա՞վ այդ ձևաչափը:
– ՀԱԿ-ը ներկայացրել էր 5 առաջարկ և ՀԱԿ-ը գտնում է, որ իր առաջարկները չեն ընդունվել ու, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր հայտարարություններում: Այն, որ ի սկզբանե ես ասել եմ, որ առանձնապես լավատես չեմ որևէ ֆորմատով քննարկումների արդյունավետության առումով, հերթական անգամ հաստատվեց: Հայաստանյան քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, այսօր այս խիստ բևեռացված քաղաքական դաշտում այդ կարգի ֆորմատները չեն լինում արդյունավետ: Մենք մասնակցել ենք այդ քննարկումներին՝ ի սկզբանե ասելով, որ մեծ հույսեր չենք տածում, որ հնարավոր է գալ կոնսենսուսի, ինչը հերթական անգամ ապացուցվեց:
Մենք մի շատ սկզբունքային առաջարկ էինք արել, որ ընտրություններին մասնակցությունը լինի մեկ միասնական փաստաթղթով՝ ID քարտերով, բայց երեկ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ դա բավականին ծախսատար պրոցես է, և դոնոր կազմակերպությունները և նաև միջազգային փորձագետները նշել են, որ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, այսինքն՝ 1 տարում, տեխնիկապես հնարավոր չէ այդ խնդիրը լուծել:
Փաստորեն, մեր հիմնական առաջարկը տեխնիկապես իրականանալի չէ:
Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ կուսակցությունները, դիտորդական կազմակերպությունները հնարավորություն կունենան ընտրություններից հետո դիմել և ստանալ քվեարկած անձանց համարները, համեմատելու՝ տվյալ մարդը քվեարկե՞լ է, թե՞ ոչ, կամ նրա տեղն ինչ-որ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ:
Այդ տարբերակը մենք խմբակցությունում կքննարկենք ու մեր դիրքորոշումը կհայտնենք: Այն, որ այս պատմությունը՝ «4+4+4», ավարտվելու էր այս կերպ, ԲՀԿ-ն ի սկզբանե ասել էր, մենք ասացինք, որ ցանկացած ֆորմատի ցանկացած քննարկման պատրաստ ենք մասնակցելու՝ հասկանալով, որ շատ փոքր են շանսերը՝ գալ կոնսենսուսի: Քաղաքական մշակույթից վերացել է երկխոսություն, փոխզիջում, միմյանց տեսակետներ լսելու մշակույթը, որովհետև քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունն աշխատում է ոչ թե՝ կոնկրետ խնդիր լուծելու վրա, այլ աշխատում է ընտրողի լսարանի առջև հնարավորինս շատ դիվիդենտներ հավաքելու համար, սա է իրականությունը: Բազմաթիվ քաղաքական ուժերի չի հետաքրքրում ո՛չ կոմպրոմիսը, ո՛չ միասնական լուծումներ գտնելը, հետաքրքրում է միայն մի բան՝ լրատվամիջոցներով, ուղիղ եթերներով, ֆեյսբուքով հետևող քաղաքացին ի՞նչ կասի իր քաղաքական վարքագծի մասին:
– ՀԱԿ-ի՞ մասին է խոսքը:
– Ես նկատի ունեմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց նպատակը ոչ թե կոնսենսուսն է, այլ, թե ինչ կասի իր մասին ֆեյսբուքյան իքս օգտատերը, և քանի դեռ քաղաքական ուժերն առաջնորդվելու են այդ տրամաբանությամբ, որևէ երկխոսության, կոնսենսուսի մասին խոսել հնարավոր չի լինելու
– Կոնկրետ այս պարագայում մեղավորությունն ո՞ւմն էր, իշխանություննե՞րը պատրաստ չէին ընդունել ընդդիմության առաջարկները, թե՞ ընդդիմությունը պատրաստ չէր երկխոսության:
– Մեղավորությունը մեր քաղաքական մշակույթինն է, քանի դեռ քաղաքական կուսակցություններն աշխատում են ոչ թե՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, այլ աշխատում են ընտրողի լսարանի վրա, մենք անընդհատ ունենալու ենք նույն խնդիրը, և ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ժողովրդի մասին մոռանալու են և այնքան սկսելու են աշխատել ընտրողի լսարանի վրա, որ ինչ-որ մի ֆեյսբուքյան իքս օգտատեր տվյալ քաղաքական ուժի մասին մի ինչ-որ ոչ կոռեկտ ձևակերպմամբ հանդես չգա:
– Ձեզ համար որքանո՞վ են ընդունելի այն բացատրությունները, որ իշխանություններն են տալիս ընդդիմության առաջարկները չընդունելու համար:
– Բնականաբար, բացատրում են, չեն լռում: Ամեն դեպքում, մենք քննարկելու ենք և մենք նաև կփորձենք ինքներս միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների հետ բանակցել և հասկանալ՝ իրապես հնարավոր չէ՞ մինչև 2017 թվականի ապրիլը լուծել միասնական փաստաթղթով քվեարկություններին մասնակցելու հարցը, և նաև արդյո՞ք տեսանկարահանում հնարավոր է ապահովել, և որքանո՞վ դա երաշխավորված կլինի, որ արտաքին միջամտություն չլինի: Այսինքն՝ մենք ինքներս կսկսենք բանակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: