Հակառակորդի ՄԻ-8 տիպի ուղղաթիռը խոցվել է ԼՂ տարածքում՝ անցնելով մեր դիրքերը մոտավորապես մինչև 500 մետր խորությամբ
Հայկական կողմի կողմից խոցված երկրորդ ադրբեջանական ուղղաթիռը ՄԻ-8 տիպի է: Այս մասին այսօր ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:
«Հակառակորդը տվյալ ուղղությամբ իրականացրել է հարձակողական գործողություններ՝ դիվերսիոն հետախուզական խմբերի կազմերով, ովքեր մինչև լուսաբաց ընկել են շրջափակման մեջ: Ուղղաթիռը եղել է ՄԻ-8 տիպի, որը հնարավոր է՝ պետք է իրականացներ կա´մ շրջափակման մեջ գտնված անձնակազմի տարհանում, կա´մ հնարավոր օգնության ցուցաբերում: Այսինքն՝ տվյալ տարածք իջեցնել ևս որոշակի, հատուկ նշանակության ուժեր: Տվյալ ուղղաթիռը խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ անցնելով մեր դիրքերը մոտավորապես մինչև 500 մետր խորությամբ: Խոցումից հետո ուղղաթիռն իրականացրել է հնարավոր թռիչք՝ մոտավորապես 5կմ-ի սահմաններում և կատարել վթարային վայրէջք իրենց տարածքում»:
Նրա խոսքով՝ այդ ուղղաթիռից իրեղեն ապացույց չունեն, ինչպիսիք հայկական կողմի մոտ առկա են խոցված ՄԻ-24G ուղղաթիռի դեպքում: