«Հայաստանը ստիպված է ՌԴ-ին որպես դաշնակից դիտարկել, եթե նույնիսկ ՌԴ-ն վստահելի դաշնակից չէ»

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել էԱՄՆ-ի Կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

– Դուք, կոնգրեսական Ռոբըրթ Դոլդի հետ նախաձեռնել եք Արդբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։ Ինչո՞վ էր պայմանավորված այն։

– Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ Մեր նախաձեռնության նպատակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Արդրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Չեմ կարծում, որ ակտիվ պատերազմի պարագայում մենք պետք է որեւէ ռազմական աջակցություն հատկացնենք կողմերին։

– Ըստ ձեզ՝ ամերիկյան կողմը պե՞տք է ավելի մեծ դեր ստանձնի Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման եւ խաղաղության հաստատման գործում։

Կարդացեք նաև

– Ես նախ ուզում եմ համոզվել, որ մենք մաս ենք կազմում խնդրի շուրջ բանակցություններում: Երբեմն թվում է, որ դրա մենաշնորհը տրված է Ռուսաստանին։ Մեր նպատակն է Մինսկի խմբի դերի բարձրացումը, քանի որ Մինսկի խումբն է, որ պետք է գլխավոր դեր խաղա այս խնդրում, իր բոլոր համանախագահների ակտիվ մասնակցությամբ։

– Կոնգրեսի մեկ այլ կարեւոր նախաձեռնություն, որին դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել, այսպես կոչված ՛՛Ռոյս Շերման՝՝ նամակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը։ Ի՞նչ ընթացքում է այն։

– Այս նախաձեռնության նախնական նախաձեռնողները Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգըլն էին: Նրանք այն սկսել էին վերջին իրադարձություններից առաջ, շփման գծում խաղաղության պահպանման նպատակով՝ առաջարկելով հրադադարի վերահսկման ավելի գործուն համակարգ։ Ես տարիներ շարունակ ասել եմ, որ հարկավոր է լուջ քայլեր ձեռնարկել հնարավոր բախումները կանխելու համար։

– Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերություններին, կարծո՞ւմ եք արդյոք, որ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը կարող է դիտարկվել որպես այդ լարված հարաբերությունների արտացոլանք կամ շարունակություն։

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը կամ Թուրքիան հետաքրքրված են պատերազմի վերսկսմամբ։ Կարծում են, որ սա Ադրբեջանի ղեկավարության որոշումն է։ Տպավորություն է ստեղծվում, որ երբ Ադրբեջանի կառավարությունը ներքին խնդիրների է դիմակայում, ելքը պատերազմը վերսկսելն է։ Սա է պատճառը, որ մենք պետք է շատ ավելի լրջորեն մոտենանք խաղաղության պահպանման գործընթացին։ Այդուհանդերձ չեմ ուզում ասել, թե Թուրքիան այս գործում դեր չուներ, հատկապես Էրդողանի հայտարարությունից հետո։ Կարծում եմ, սակայն, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ ուղիղ կապ չկա։

– Կարծու՞մ եք արդյոք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրում Հայաստանի դաշնակիցն է։

– Ես կուզենայի Հայաստանը տեսնել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ Արեւմուտքը փորձում է օգնել Հայաստանին տարբեր ոլորտներում ներդրումներով, սակայն ռազմական միջամտության գնալու պատրաստ չէ։ Ռուսաստանը մյուս կողմից դիտարկվում է որպես դաշնակից, որի վրա Հայաստանը մեծապես հենվում է երկրի անվտանգության գործում։ Ռուսաստանը, սակայն, զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին, եւ պատրաստ չէ հանուն Հայաստանի վատացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հայաստանը ստիպված է Ռուսաստանին որպես դաշնակից դիտարկել, եթե նույնիսկ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ։

– Այդ դեպքում, ինչպե՞ս եք տեսնում ԱՄՆ- Հայաստան հարաբերությունների ապագան։

– Փաստը, որ բախումները տեղի ունեցան այն ընթացքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին, պետք է ստանար խիստ արձագանք ԱՄՆ-ի կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը տարիներ շարունակ մեծ ջանքեր է ներդրել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման գործում։ Մենք շարունակելու ենք այդ գործը թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական ոլորտներում։ Այս գործում իր մեծ դերն ունի նաեւ ամերիկահայ համայնքը։

– ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավում, ըստ ձեզ, կա՞ նախագահական թեկնածու, որը կարող է Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես ավելի կարեւոր առաջնահերթություն։

– Ես Հիլարի Քլինթընի կողմնակից եմ։ Նա, կարծում եմ, արտաքին քաղաքականության ոլորտում ամենաիրազեկված թեկնածուն է, որը հստակ պատկերացնում է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում։ Նա մեծ ներդրում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների գործում։ Ես համոզված եմ, որ Հիլարի Քլինթընը ամենաիրազեկված թեկնածուն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրում եւս։

Տեսանյութեր

Լրահոս