«Դուք չեք սխալվելու՝ ձեր ձայները տալով պարոն Դանիելյանին՝ իմ շատ սիրելի եղբորը». դերասան Հարություն Մովսիսյան

«Ես ուզում եմ մի գաղտնիք բացել, ես ու Արամը վաղուց ընկերներ ենք, բայց մեր ընկերությունը երբեք շահադիտական չի եղել, մենք եղբայրներ ենք եղել»,- այսօր Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց դերասան Հարություն Մովսիսյանը:

Նա ասաց, որ ինքը գիտի Ա. Դանիելյանի ծագումը, ինչ ընտանիքում է ծնվել. «Գիտեմ, որ նա արդարության կողմնակից է, նա շատ լավ ճանաչում է մարդկանց, հավասարակշռված մարդ է, ուզում եմ, որ դուք ձեր ամբողջ հոգում վստահ լինեք, որ դուք չեք սխալվելու՝ ձեր ձայները տալով պարոն Դանիելյանին՝ իմ շատ սիրելի եղբորը»:

Քաղաքապետն էլ իր ելույթում անդրադարձավ երեկ՝ քաղաքապետի մյուս թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի հանրահավաքին՝ ասելով, որ այս բեմը նրանք դարձրեցին «քաղաքական թատերաբեմ».

«Մեր քաղաքի խնդիրները դարձրել էին իրենց թատերական բեմի օրակարգը, մենք բոլորս այդ խնդիրները գիտենք, բայց այդ ընկերները, որոնք թատրոն էին խաղում, տասնյակ տարիներ Ազգային ժողովի պատգամավոր էին, քաղաքապետ էին, ոչ մի անգամ քաղաքային իշխանության կողքին չեն եղել, ոչ մի քաղաքաշինական հարց չեն լուծել այս քաղաքում, բայց անմեղ տեսքով եկել-կանգնել էին այստեղ և խոսում էին մեր քաղաքի խնդիրներից: Քաղաքական կուսակցություններ կամ հայացքներ փոխելով, մեր ժողովրդին անընդհատ լարվածության մեջ պահելով, կարծում եմ, իրենց չի ստացվի, որովհետև հրազդանցին իմաստուն է»:

Կարդացեք նաև

Ա. Դանիելյանը հայտարարեց, որ ինքը լավ տիրապետում է քաղաքի տնտեսությանը, գիտի բոլոր խնդիրները, իրենք ունեն հզոր թիմ, երկրի իշխանության և մարզային իշխանությունների հետ միասին՝ իրենք առաջիկա տարիներին բարեկեցիկ կդարձնեն քաղաքը:

«Այս օրերին մեր քաղաք են ներխուժել որոշ ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել մեր քաղաքը, ես կուզենամ, որ դուք պրովոկացիաների չգնաք, որովհետև իրենք 2017 թվականից առաջ արևմտյան գործելաոճով են աշխատում: Մենք բոլոր խնդիրները գիտենք, ժողովուրդ ջան, բայց իմացեք, որ այդ խնդիրները լուծողները մենք ենք»,- հայտարարեց քաղաքապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս