Հորը երեխայի մոտ տեսակցության բերեցին շտապօգնության մեքենայով. «Առավոտ»
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երեւանի բաժնի պետ Ա. Բաղտագուլյանի գլխավորությամբ երկու օր առաջ կազմակերպվել էր տեսակցություն Վանանդ Անդրեասյանի՝ նրա որդու հետ։ Վանանդը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին երկու ժամով տեսակցում է երեխայի հետ։ Այս անգամ ԴԱՀԿ-ի տարածքում գտնվող «Հեքիաթային տնակում» էր, որը նախատեսված է նման տեսակցությունների համար եւ գործում է մոտ հինգ տարի։
ԴԱՀԿ-ի տարածքում մեր հայտնվելը, որը Ա. Բաղտագուլյանը համարեց շոու սարքելու մտադրություն, պայմանավորված էր նրանով, որ Մարդու իրավունքների պաշտպան Մ. Թաթոյանին էր դիմել Իրանից Հայաստան իր ծնողների հետ մշտական բնակության եկած, ճարտարապետ, 32-ամյա Վանանդ Անդրեասյանը։ Դիմումատուն ահազանգել էր, որ այս տարվա մարտի 22-ին «Պապլովոկ» կոչվող զբոսայգում միջադեպ էր տեղի ունեցել իր եւ նախկին կնոջ հոր հետ։ Աները քաշքշել էր նրան, հարվածել, փեսան ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, ողնաշարի կոտրվածք, եւ այլ վնասվածքներ։ Հետեւաբար, երեխայի տեսակցության հետ կապված նա ուներ խնդիրներ, գամված էր անկողնուն, խնդրել էր տեսակցությունը կազմակերպել իր հոր տանը։
Սակայն ԴԱՀԿ-ն տեսակցությանը նպատակահարմար էր գտել կազմակերպել «Հեքիաթային տնակում», ուր շտապօգնության մեքենայով բերվեց տուժող ճանաչված երիտասարդը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: