«Ես ու իմ ընտանիքի անդամները տեղեկացված էինք՝ ինչ իրավիճակ էր ծագել այստեղ մեր ժամանման օրերին, բայց ինձ մոտ բոլորովին հարցեր չծագեցին՝ գա՞լ Հայաստան, թե՞ ոչ». Նոբելյան մրցանակի դափնեկիր Էյ-Իչի Նեգիշի
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից վերջին օրերին Երևան այցելած Նոբելյան մրցանակակիրներ՝ կենսաբան Ահարոն Չեխանովերը (Aaron Ciechanover), կենսաբան Ադա Յոնաթը (Ada E. Yonath), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Dan Shechtman), պաթոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Robin J. Warren), քիմիկոս Էյ-Իչի Նեգիշին (Ei-ichi Negishi), ինչպես նաև՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ու «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը:
«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում 168.am-ը փորձեց որսալ Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիրների արձագանքը՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված քառօրյա պատերազմի, դրա միջազգային արձագանքի և վերջին դեպքերի ֆոնին՝ ադրբեջանական կողմի դրսևորած վայրագ գործողությունների վերաբերյալ:
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսրայելցի Դեն Շեխտմանն անդրադառնալով հնչեցված հարցին՝ պատասխանեց.
«Տեսնում եմ, որ դուք հետաքրքրված եք խաղաղ աշխարհով՝ ես խոսում եմ տեխնոլոգիական նախաձեռնությունների տեսանկյունից, նկատի ունենալով, որ ինդուստրիալ նախաձեռնություններն այս հարցում ևս շատ կարևոր են: Բացի այդ, եթե մարդիկ բոլորը միասին կողմ են խաղաղ աշխարհում տեխնոլոգիական նախաձեռնությունների զարգացմանը, ապա մեզ մնում է քայլել դեպի խաղաղ ապագա: Բարձրագույն կրթություն՝ նշանակում է՝ լավագույն համալսարան, լավագույն համալսարանը՝ բարձր քաղաքակրթություն և քաղաքականություն: Ահա սա է, որ տանում է առողջ ներքաղաքական և արտաքին քաղաքական կեցվածքի որդեգրմանը: Թեև ես գիտնական եմ, բայց կարող եմ խոսել պատերազմի մասին, հետևաբար՝ թույլ տվեք այս թեմային անդրադառնալ գիտնականի դիրքորոշում որդեգրելով՝ մենք Իսրայելում 8 մլն բնակիչ ենք, բայց մեր ազատ շուկայում ունենք թվով 5000 start-up նախագծեր, այն դեպքում, երբ Ճապոնիան ունի 120 մլն բնակչություն և նույնքան՝ 5000 start-up նախագծեր: Հետևությունները ձեզ եմ թողնում…»:
Քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արված հայտնագործության, մասնավորապես՝ ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար Նոբելյան մրցանակակիր, իսրայելաբնակ Ադա Յոնաթն այս թեմային նախընտրեց անդրադառնալ մեկ նախադասությամբ. «Ոչ ոք մեր երկրից մեզ չասաց, չհորդորեց կամ չարգելեց այս օրերին լինել Հայաստանում: Այս փաստը, կարծում եմ, շատ խոսուն է»:
Չինաստանից Հայաստան ժամանած՝ քիմիայի բնագավառում «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները» բացահայտելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Էյ-Իչի Նեգիշին 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, և այդ է պատճառը, որ ինձ իրավունք չեմ վերապահում փորձագետի դերում հանդես գալ այնպիսի հարցերում, որոնք քաղաքական ենթատեքստեր են պարունակում: Սակայն ձեզ կասեմ հետևյալը՝ ես ու իմ ընտանիքի անդամները տեղեկացված էինք, թե ինչ իրավիճակ էր ծագել այստեղ մեր ժամանման օրերին, բայց ինձ մոտ բոլորովին հարցեր չծագեցին՝ գա՞լ Հայաստան, թե՞ ոչ: Ես առավել մտահոգ էի այն լսարանի համար, ովքեր սպասում էին իմ դասախոսությանը, և նաև այն մարդկանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ ձեր գեղեցիկ երկրում:
Հայաստանի մասին ես լսել եմ ինձ համար մեծ հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները և արել իմ հետևությունները՝ կապված այս երկրի հետ: Ես, անկասկած, կժամանեի Հայաստան՝ անկախ ամեն հանգամանքից՝ տալով այստեղ ապրող մարդկանց իմ ունեցածի ինչ-որ մասնիկը»:
«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման պաշտոնական մեկնարկին ուբիքվիտինով դեգրադացիայի հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացած իսրայելցի գիտնական Ահարոն Չեխանովերն արդեն հասցրել էր անդրադառնալ թեմային՝ բարձրաձայնելով հետևյալը.
«Գիտությունն ու տեխնոլոգիաները խաղաղության լեզուն են, մինչդեռ քաղաքականությունը, ցավոք, մարդկանց կարող է հանգեցնել արյունահեղության: Գիտությունն ու տեխնոլոգիաները նպաստում են մարդկանց կյանքի որակի բարելավմանը, և մենք պետք է կիրառենք այն՝ վերացնելու մարդկանց միջև առկա սահմանները, որպեսզի հաղթահարենք ատելությունը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-16-ը Հայաստանում մեկնարկեց և անցկացվեց Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որին մասնակցեցին տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակի արժանացած 5 անվանի գիտնականներ: