Թալիշում խոշտանգված Խալափյանների որդին պատմում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը. «Հրապարակ»

Թալիշում սեփական տան մեջ մեջ գնդակահարված, ապա խոշտանգված տարեց ամուսինների՝ Խալափյանների որդին՝ Գագիկ Խալափյանը, բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնել։

«Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում նախ նա հիշեց կատարվածը։ Գիշերը, երբ թշնամու գորշերը հարձակվում են գյուղի վրա, ռմբակոծում այն եւ մտնում գյուղ, Գագիկն իր կնոջն ու վեց երեխաներին նստեցնում է իր «Նիվա» ավտոմեքենան ու տեղափոխում ավելի անվտանգ հատված։ Հետո վերադառնում է ծնողների հետեւից։ ճանապարհին կրակում են նրա մեքենայի վրա, բարեբախտաբար, չի տուժում։ Հասնելով տան մոտ՝ 15-20 մետր հեռավորության վրա ադրբեջանցի զինվորների խոսակցություն է լսում։ Շտապ մտնում է տուն, մորը հանձնարարում, որ պատրաստվեն, հագնվեն, հայրը 2-րդ կարգի ՚   հաշմանդամ էր, մորը խնդրում է օգնել հորն ու տատին, որ արագ հագնվեն։ Հորն էլ հանձնարարում է զենքը լիցքավորել, մինչեւ ինքը իջնի գյուղ, օգնական ուժեր կանչի, վերադառնա, իրենց էլ հետը տանի անվտանգ վայր։ Մինչ նա կիջներ գյուղամեջ, հետ կդառնար, թշնամին իր սեւ գործը տեսած է լինում։

«Մամային ասի՝ մինչեւ պապայի շորերը հագցնես, ես հեսա գալիս եմ, զենքը տուր պապային, թող լիցքավորի, պատրաստ սպասի, կարող է հանկարծ մտնեն տուն, ու դուրս եկա, ավտոն նստեցի, իջա գյուղապետարան։ Իրենք (նկատի ունի թշնամու զինվորներին) ինձ ոչ մի բան չարեցին, չնայած ես սպասում էի, որ կարող ա խփեն ինձ։ Որ իջա գյուղապետարան, մեր տղերքը հավաքված էին, ասի՝ թուրքերը մտել են գյուղ, հետո անմիջապես զանգեցի առաջին գումարտակ, թե շուտ մարդ ուղարկեք դեպի մեր տուն։ Ու մեր սպեցնազը գնում ա էնտեղ, հետո իրենք մերոնցից մի հոգի խփում են ու, փաստորեն, էդ արանքում իրենք մտել էին տուն ու…»,– պատմեց Գ. Խալափյանը։

Դրանից հետո չորս օր իրեն թույլ չէին տալիս մտնել իրենց տուն եւ զոհերի մարմինները հանել, հուղարկավորել։ Չորս օր անց միայն, երբ հրադադար է հաստատվել, նա կարողացել է մտնել տուն, վերցնել հարազատների մարմիններն ու տանել հարեւան Ականաբերդ գյուղում հուղարկավորել։

Այժմ Գագիկ Խալափյանի 8 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինն ու 6 անչափահաս երեխաները, որոնցից ամենամեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 ամսական, բնակվում է Երեւանում, Աջափնյակում, հորաքրոջ տանը։ Հորաքրոջ ընտանիքն էլ է բազմանդամ՝ վեց հոգուց է բաղկացած, եւ հիմա նրանք երեք սենյականոց բնակարանում բնակվում են 14 հոգով։ Այս պահին Գագիկն առաջնահերթ լուծման խնդիր ունի՝ բնակարանի խնդիրը, որ կնոջն ու երեխաներին տեղավորի այնտեղ, մինչեւ տեսնի՝ ինչ է լինում։

Գագիկ Խալափյանի բազմանդամ ընտանիքին, թեկուզ ժամանակավոր, բնակարան է անհրաժեշտ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս