«Հայաստանն այս պահին միանշանակ պետք է դուրս գա և՛ ԵՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից». Արմեն Մարտիրոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ համապետական սգո օր պետք է հայտարարվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմին՝ նա ասաց, որ դրանից պետք է ներկայացվի քաղաքական օրակարգ ՀՀ քաղաքացիներին: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ արտաքին դիվանագիտության ոլորտում մենք նորից որդեգրել ենք պաշտպանողական և ոչ թե՝ հարձակողական դիրքորոշում: Նա հիշեցրեց, որ ԵԽ ԽՎ-ում շրջանառվում էր երկու բանաձև, որոնցում ձևակերպում կար այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները. բանաձևերից մեկը, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարին՝ ընդունվել է. «Ինձ թվում է՝ հենց այնպես չէ, որ հենց Սարսանգի կողմից եղավ հարձակումը: Ընդհանրապես պատերազմ սկսողը, հարձակվողն իր համար նաև իրավական հիմքեր է պատրաստում: Այդ իրավական հիմքերից մեկն էլ ԵԽ ԽՎ-ում այդ բանաձևն էր, որը մենք պարզապես պաշտպանողական դիրքերից արդեն երկար ժամանակ անց փորձեցինք կանխել: Երկրորդ բանաձևը կանխել մեզ չհաջողվեց: Կարծում եմ՝ մենք այստեղ մեծ գործունեություն ունենք ծավալելու, որը չենք անում»:
Զարուհի Փոստանջյանն ասաց նաև, որ չի կարելի երկչոտությամբ հայտարարել, որ Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, եթե ավելի լայնածավալ գործողություններ լինեն. «Եթե մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չենք ճանաչում, ապա, բնականաբար, նա չի կարող բանակցային լիիրավ կողմ լինել»: Նա նշեց նաև, որ պետք է անդրադարձ կատարվի հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ճգնաժամային են. եթե այդ երկիրը մեր իրական ռազմավարական դաշնակիցն է, ապա այսպիսի իրավիճակում դաշնակցի նման վարքագիծն անթույլատրելի է: «Մենք պետք է սկսենք փնտրել արդեն անվտանգության այլընտրանքային դաշնակիցներ, ինչպիսիք կարող ենք դիտարկել Եվրամիությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ այս պատերազմը ցույց տվեց՝ մենք դաշնակից, երաշխավոր, համապատասխան ռազմական սպառազինություն չունեինք. «Ունեինք միայն մեր երիտասարդներին, որոնց արյան և անգին կյանքերի գնով կարողացանք կանխել այն, ինչ պլանավորված էր»:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր են խախտվել՝ դրսևորվել է ագրեսիա, ԼՂՀ տարածքների գրավում. «Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել է բռնություն, ուժ, նրանք տուժել են՝ խոշտանգվել, սպանվել: Տուժել են նաև երեխաներ. մեկը սպանվել է, երկուսը՝ վիրավորվել: Արդեն կան ներքին տեղահանվածներ՝ Թալիշ և Մատաղիս: Խաղաղ բնակչության տեղահանումը նույնպես միջազգային պարտավորությունների խախտում է. իրենց պատճառով է բնակչությունը տեղափոխվել: Բացի այդ, տուժել է խաղաղ բնակչության գույքը»: Զարուհի Փոստանջյանը նույնպես հայտարարեց, որ զինծառայողներից շատերի դիերը ետ են վերադարձվել խոշտանգված վիճակում, ինչը խոսում է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների մասին: Այս բոլոր փաստերը պետք է ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում, այդ թվում՝ դատարաններում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն այդպես դրսևորեց իրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Ռուսաստանն իր շահն է պաշտպանում. «Շատ լավ է անում, որևէ մեկն այդ առումով Ռուսաստանին ոչինչ չի կարող ասել: Խնդիրն այն է, որ Հայաստանն իր շահը չի պաշտպանում: Ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին միանշանակ պետք է դուրս գա և՛ ԵՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ բացառապես փոխշահավետ համագործակցություն իրականացնի և՛ տնտեսական, և՛ ռազմական ոլորտում»: