Զոհվել է ԵԿՄ անդամ Նորայր Հաջիյանը

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակեց ապրիլի 2-ին զոհված ԵԿՄ անդամ Նորայր Միքայելի Հաջիյանի մասին:

Նորայր Միքայելի Հաջիյանը ՀՀ ԵԿՄ  անդամ էր, նա, Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը, կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (ՙԱրամո-114՚ ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։

1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։

2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։
Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

Անձնագրային հաշվառման մեջ գտնվելով Երևանում, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։

Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ՙԴրաստամատ Կանայան՚ (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ ՙՄայրական երախտագիտություն՚ (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ ՙԱրամազդ՚ հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ ՙՄարտական ծառայություն՚ (05.04.2016թ.) մեդալով։

Ունի երկու որդի՝ 10 և 6 տարեկան։

Տեսանյութեր

Լրահոս