Բաժիններ՝

«Ինչի՞ համար ենք մենք այսքան զոհ տվել, եթե որևէ նկատելի ձեռքբերում չենք ունեցել». ադրբեջանական սոցցանցերում շրջանառվող ամենաակտուալ հարցը

Այսօր հրավիրված՝ «Տեղեկատվական անվտանգության սկզբունքները պատերազմական իրավիճակում» թեմայով ասուլիսի ժամանակ տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը վերլուծեց, թե ինչպե՞ս աշխատեցին տեղական և միջազգային ԶԼՄ-ները քառօրյա պատերազմի ընթացքում, որո՞նք պետք է լինեն տեղեկատվական հետագա քայլերը, և, թե ինչպիսին էր սոցցանցերի օգտատերերի պատրաստվածությունը ռազմական գործողությունների համատեքստում:

«Ես կարող եմ նկարագրել ադրբեջանական սոցցանցերում միջին վիճակագրական տվյալներով այս պահին շրջանառվող ամենաակտուալ հարցը՝ «ինչի՞ համար ենք մենք այսքան զոհ տվել ու ռազմական տեխնիկա կորցրել, եթե որևէ նկատելի ձեռքբերում չենք ունեցել»: Ահա սա է ագրեսոր երկրի զանգվածային լրատվամիջոցներում օրակարգային համարվող թիվ մեկ հարցը,- նշում է տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը և հավելում,- Մենք հետևում ենք ադրբեջանական լրատվամիջոցների ամենօրյա զարգացումներին, և ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերին ակնհայտ կեղծ ինֆորմացիաների տարածման մեծ հոսք է նկատվում՝ սրանով փորձելով ինչ-որ կերպ մխիթարել իրենց ժողովրդին: Դրա վառ օրինակներից մեկն էլ այն է, որ ակնհայտ չհաջողված ֆոտոշոփի միջոցով ցույց են տալիս, իբր ադրբեջանցիները հասել են Ֆիզուլի կամ գրավել են Ջաբրաիլ քաղաքը: Այնինչ մի քանի ժամ հետո մենք տեսնում ենք, որ Ֆիզուլին «գրաված հերոս» Ռամիլ Սաֆարովը, ով իրենց տարածած լուսանկարում լղար մեկն է, հաջորդ օրը հայտնվում է Բաքվում ինչ-որ մեկի թաղմանը՝ ակնհայտ խոճկորի տեսքով: Այսինքն՝ նույն Ադրբեջանի ժողովուրդն էլ հասկանում է, որ մի բան էն չի»:

Բանախոսն ընդգծում է, որ մոռանալով աշխարհագրական դիրքը՝ ադրբեջանցիները հայտարարություններ են տարածում, թե իբր վերջին օրերի պատերազմական գործողությունների արդյունքում գրավել են Սեյսուլան բնակավայրը՝ մոռանալով, սակայն, որ նույն Սեյսուլանը գրավելու համար իրենք պետք է ստիպված լինեին գրավելու դրանից առաջ ընկած Արցախի մի քանի գյուղեր ևս, որովհետև Սեյսուլանը բավականին խորքային դիրքում է գտնվում՝ խառնելով իրար նույնիսկ հին ու նոր Սեյսուլանները:

«Ադրբեջանին հիմնական նպատակով պետք էր բլից-կրիգ, որի արդյունքում իրենց պետք էին հայկական բնակավայրեր, ոչ թե ինչ-որ դիրքեր կամ բարձունքներ, որպեսզի կարողանային արագ կանգնեցնելով պատերազմը՝ ցույց տային իրենց ժողովրդին այն թեզը, որով 20 տարի շարունակ կերակրում են նրանց, թե ադրբեջանական բանակը մեկ օրում ընդունակ է գրավել ողջ Արցախը: Չի բացառվում նաև, որ իրենց հիմնական թիրախներևից մեկն էլ Սարսանգի ջրամբարի գրավումն է եղել»,- կարծում է Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով քառօրյա պատերազմի ընթացքում տեղական լրատվական դաշտի գործունեությանը՝ Տիգրան Քոչարյանն այն գնահատում է «շատ լավ». «Ոչ մի լրատվական կայք այդ օրերին ապատեղեկատվություն չտարածեց: Կային, իհարկե, ինչ-որ կայքեր, որոնք փորձում էին այդ օրերին լայքեր հավաքել կամ գումար աշխատել, բայց դրանց հարցով մենք դեռ զբաղվելու ենք, երբ այս վիճակը մի փոքր թեթևանա: Շատ օպերատիվ աշխատեցին ոլորտի մասնագետներն ու սոցիալական ցանցերը: 24-ժամյա ռեժիմով ու շատ համախմբված կերպով շատ արագ բացահայտվում էին ադրբեջանական կողմի տարածած մեծածավալ ապատեղեկատվությունները: Հիմա հստակ պետք է նշեմ՝ ադրբեջանական ոչ մի քարոզչական թեզ պատերազմի օրերին չաշխատեց»:

Ինչ վերաբերում է միջազգային մամուլին, ապա, ըստ Տիգրան Քոչարյանի՝ նրանք աշխատել են չեզոք. «Հիմնականում բոլորն աշխատեցին նեյտրալ կոնտեքստով: Չեմ կարող ասել, թե պրոհայկական վարքագիծ դրսևորեցին, պարզապես դրանցից մի քանիսն ազնվորեն նշել է, որ Ադրբեջանն ագրեսոր է եղել ու նախահարձակ: Շատ լավ աշխատանք գնաց ռուսալեզու ԶԼՄ-ների հետ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Ուկրաինայի և ԱՊՀ այլ տարածքների նույնպես: Այս անգամ նույն ռուսական լրատվամիջոցները փորձեցին չկրկնել այն սխալները, որոնք թույլ էին տվել «էլեկտրամայդանի» օրերին: Այս անգամ նրանց կողմից ցուցաբերվեց ակնհայտ օբյեկտիվ մոտեցում, ամենայն հավանականությամբ՝ հաշվի առնելով, որ առկա են որոշակի տրամադրություններ՝ կապված Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հետ: Արևմտյան ԶԼՄ-ները նույնպես կշռադատված ու չափավորված ինֆորմացիա տվեցին: Որպես դրական փաստ՝ կարելի է արձանագրել CNN-ի ուղիղ եթերը՝ Արցախի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև»:

Տիգրան Քոչարյանը նշում է, սակայն, որ հիմա արդեն թևակոխել ենք բոլորովին այլ՝ հարաբերական անդորրի փուլ, և դաշտը վերադառնում է իր հին՝ պառակտման ու գզվռտոցի վիճակին. «Շատ հավանական է, որ այս օրերին ադրբեջանական կողմից ևս ապատեղեկատվության թեզեր նետվեն մեր դաշտ, որպեսզի կարողանան պառակտումն ուժեղացնել և ներկայացնել, իբր հայկական կողմը պարտված է, պետք է զիջումների գնա, խոսք է գնում նաև ազատագրված տարածքների վերադարձման մասին, և այլն: Այստեղ պետք է հստակ նշել, որ այս պատերազմից հետո Արցախը երկրորդ անգամ լեգիտիմացավ, որովհետև ցույց տվեց ու ապացուցեց, որ ինքը պաշտպանում է սեփական հողն ու խաղաղ բնակչությանը»:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը կոչ է անում ջուր չլցնել թշնամու ջրաղացին և չտրվել հուսալքության կամ հավատի բացակայության մթնոլորտ ստեղծող տրամադրություններին. «Պարզ է, որ եղել են խնդիրներ, և պարզ է, որ խնդիրներ բոլորի մոտ կան: Եթե 20 տարի առաջ Արցախի համար կռիվ էին տալիս կամավորական ջոկատներն ու մահապարտները, ապա այս անգամ հայկական բանակը մտավ պատերազմի մեջ: 18-20 տարեկան երիտասարդների կողմից այնպիսի մի ճակատամարտի ականատես եղանք ու այնպիսի հերոսություններ տեսանք, երբ, օրինակ, հայկական կողմը ոչնչացրեց ադրբեջանական սպեցնազի գրեթե ողջ կազմը, և այսքանից հետո մեզ մնում է միայն արձանագրել՝ հայկական բանակը լուծեց իր առջև դրված բոլոր ռազմական խնդիրները: Հետևաբար՝ այս պահին մեզ պետք է ֆիքսել համախմբման, մոբիլիզացման պահն ու օգտագործել խաղաղ պայմաններում երկիրը շենացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս