«Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ մենք լուրջ վտանգ ունենք, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»

Եվրոպական միությունն առավել մեծ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որն արդեն շատ տառապանքներ է բերել: Այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է վտանգ հանդիսանալ ԵՄ հարևանությունում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև արգելք է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար:

«Շատ ուրախ եմ, որ անկացնում ենք այս քննարկումը: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Հայաստան ու Ադրբեջան կատարած իմ այցերի հիմնական հարցերից էր: Սա ևս մեկ անգամ հիշեցում էր, թե ինչքան վտանգավոր է ձգձգված հակամարտությունը: Հակամարտության` վերջին և աննախադեպ լարումից օրեր առաջ մենք զգուշացրել էինք, որ ստատուս-քվոն անկայուն է: Լարված իրավիճակից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարող է շատ փոքր քայլ լինել»,- Եվրոպական խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Մոգերինին:

Նա նաև շեշտեց, որ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար: «Այն ընկած է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Այն զարգացման հսկայական հնարավորություն ունի, սակայն այն հետ է մղվում անկայունության և պատերազմի պատճառով:

Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այս հակամարտությունը խարխլում է երկու երկրների, նրանց հարևանների զարգացումը և մերձեցումը ԵՄ-ի հետ»,- ընդգծեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Նրա խոսքով` ապրիլի սկզբին բռնությունները հասան 1994թ. ի վեր աննախադեպ մակարադակի: «Բոլորս տեսել ենք տեղեկությունները՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ թվաքանակի մասին, այդ թվում և քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ մենք լուրջ վտանգ ունենք, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,- ասաց Մոգերինին:

Նա նաև հույս հայտնեց, որ եվրապատգամավորները կարող են իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում խորհրդարանական կապերի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս