«Շատ մեծ հպարտությամբ ասում էր՝ ընկեր Սարգսյան, Դուք հանգիստ պիտի լինեք, ես այնտեղ եմ լինելու…». տեղի ունեցավ զոհված Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցին բազմամարդ էր. 1996թ. ծնված կոչումով սերժանտին հրաժեշտ տալու էին եկել զինվորի հարազատները, ընկերները, պարզապես քաղաքացիներ:
Ադամ Խաչատուրի Սահակյանը Զինված ուժեր է զորակոչվել 2014թ.: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ապա ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ուսումը կիսատ թողել ու մեկնել բանակ: Ադամին ճանաչողները նրա մասին հիացմունքով են խոսում, բնութագրելիս էլ ամենաշատը «լուսավոր» բառն են օգտագործում:
Ադամ Սահակյանին 7 տարի դասավանդած դասղեկը՝ Աննա Պետրոսյանը, ասում է՝ Ադամը լավագույն աշակերտներից է եղել թե՛ առաջադիմության, թե՛ վարքի ու թե՛ մարդկային հատկանիշների առումով. «Շատ ափսոս, որ այս երեխան, որ պետք է վայելեր այս կյանքը, այսպիսի վախճան ունեցավ: Ցավում ենք ամբողջ դպրոցով, ամբողջ դպրոցի ուսուցչական անձնակազմով»: Նրա խոսքով՝ Ադամը նաև սպորտով է զբաղվել. «Ասելու խոսքեր չկան, թե ինչքան լավ, դրական և բարի անձնավորություն էր»:
Հարևաններից տիկին Թելիկը նշում է, որ Ադամն իր աչքի առաջ է մեծացել. «Երկու եղբայր են՝ շատ դաստիարակված, շատ հանգիստ: Երբեք ոչ մեկի չեն նեղացրել, միշտ օգնել են մեծին, հարգել: Նմանապես իրենց ծնողները՝ շատ լավ, մակարդակով, հանգիստ»: Ադամի մասին պատմելիս՝ տիկին Թելիկը հուզվում է՝ նշելով, որ նա իրենց շատ լավ հուշեր է թողել: Հարևանուհին հիշում է. «Մի անգամ ասացի՝ Ադամ ջան, հեռախոսս չի աշխատում, ասեց՝ Թելիկ տյոտյա, բեր, ես կուղղեմ: Ասացի՝ առել եմ, չեմ հասկանում, Viber-ը ո՞րն է, ինքն ասաց՝ ես ցույց կտամ, դու սովորի»: Հարևանուհու խոսքով՝ վերջին անգամ, երբ Ադամն արձակուրդ է եկել, շատ լավ տրամադրություն է ունեցել, իսկ վերջին անգամ՝ ապրիլի 1-ին, երբ խոսել է ծնողների հետ. «Հեռախոսով ասել է՝ լավ ենք, ամեն ինչ նորմալ է, ասել է՝ մամա, ես դիրքեր եմ բարձրանում»:
ՀԱՊՀ դասախոս Թամարա Սարգսյանն Ադամ Սահակյանին բնորոշում է՝ որպես անհատականություն. «Շատ խելացի, կիրթ, դաստիարակված, մարդ, որն այդ բոլոր հատկանիշների հետ մեկտեղ՝ ուներ ամենակարևոր հատկանիշը. դա հայրենասիրությունն էր: Յուրաքանչյուր անգամ Ադամի հետ խոսելիս՝ համոզվում էի, որ այսպիսի երիտասարդներն իսկապես մեր երկրի վաղվա ապագան են և հզոր ապագան են: Ադամին հիշում եմ, կհիշեմ, և ինքը մեզ համար կմնա՝ որպես մեր ամենասիրելի, ամենախելացի, ամենաքաջ ուսանողներից մեկը»:
Իր բոլոր մյուս հատկանիշների հետ միասին՝ Ադամն աչքի է ընկել հայրենասիրությամբ: «Յուրաքանչյուր անգամ, երբ Ադամի հետ զրուցում էինք ու հիշում, որ պիտի գնա ծառայության, ինքը շատ մեծ հպարտությամբ ասում էր՝ ընկեր Սարգսյան, Դուք հանգիստ պիտի լինեք, ես այնտեղ եմ լինելու: Ու իմ վերջին խոսքերն էին, որ կարոտով կսպասեմ իրեն… Կարոտով սպասում ենք: Նրա հիշատակը միշտ վառ է մեզ համար, միշտ,- ասում է նա ու շարունակում,- Ցավում եմ խորը կսկիծով: Չեմ ուզում ասել, որ իր կյանքն ավարտվեց: Նա կենդանի կլինի բոլորիս համար: Հայի դասական նկարագիր: Եվ թող բոլոր երիտասարդները լինեն ինչպիսին որ կա, ինչպիսին Ադամն էր»: