«Պարզվեց, որ ռուսներն այնքան էլ վստահելի չեն, ինչպես միշտ, իրենք շատ կոնկրետ սցենարով խաղում են միայն իրենց խաղը». Սերժ Ավեդիքյան

168.am-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված վերջին օրերի պատերազմական իրավիճակի շուրջ զրուցել է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանի հետ

– Պարոն Ավեդիքյան, սպասո՞ւմ էիք ռազմական գործողությունների նմանօրինակ զարգացում ղարաբաղաադրբեջանական սահմանին:

– Չեմ կարող ասել, թե սպասում էի, որ ռազմական բնույթի այսպիսի մեծության գործողություններ կծավալվեն, բայց այս վիճակը, որ առկա է արդեն 20 տարուց ավելի, երբ Մինսկի համանախագահների խումբը ոչ մի կերպ չի կարողանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքն օրինավոր կերպով պաշտպանել, այլևս փտած իրականություն է ստեղծվել: Բոլորս էլ վաղուց հասկացել ենք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ սպառազինվում է իր նավթադոլարներով և դա անում է անթաքույց, իսկ Հայաստանի ու Ղարաբաղի բանակները պինդ կանգնած են սահմաններին: Պարզ չէ՞ր, որ այդ զենքերը, որ ռուսները վաճառում էին ազերիներին, պետք է մի օր օգտագործվեին, հո իրենց թանգարաններում դնելու համար չէի՞ն ձեռք բերում դրանք. տրամաբանությունը պարզից էլ պարզ է: Դե, եթե մեր թիկունքին կանգնած մի մեծ երկիր, որի անունն է Ռուսաստան, իր ռեալ, հին իմպերիայի քաղաքականությանը հատուկ սառնությամբ զենք է վաճառում և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, նշանակում է, որ ինչ էլ որ լինի՝ Ադրբեջանն իր համար կարևոր պարտնյոր է:

– Բայց Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը մինչև վերջին օրերը մենք էինք, ոչ Ադրբեջանը, համենայն դեպս, իրենք էին այդպես հայտարարում:

– Մենք տեսանք, որ այս իրավիճակներում Ռուսաստանը հարցին չվերաբերվեց բարոյական կամ կրոնական կոնտեքստից, այլ զուտ կոնկրետ քաղաքական շահի տեսանկյունից, առավել ևս՝ փողի հետ կապված հարցերում: Հայաստանի և Ղարաբաղի «գլխին կանգնած» մարդիկ պարզապես օգտագործեցին ստեղծված իրավիճակը՝ ի օգուտ իրենց: Սա է իրականությունը: Ամենամեծ դասը, որ մենք պետք է քաղենք վերջին օրերից, այն է, որ որևէ երկիր չի կարող իր ամբողջ հույսը դնել հարևան երկրի վրա, վստահ լինելով, որ ինչ էլ պատահի՝ կկանգնի իր թիկունքին: Ես չեմ կարող այսօր հայտարարել, թե սա ռուսների կազմակերպած խաղն էր, և պետք էլ չի այդպես անել: Չեմ կարող նմանապես ասել, թե մամուլից դուրս ի՞նչ է խոսվել Մեդվեդև-Սարգսյան հանդիպման ընթացքում, կամ Մերկել-Սարգսյան հանդիպմանը, բայց, որ վարագույրների հետևում ինչ-որ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են, սա հերքելը պարզապես միամտություն է: Թե ի՞նչ խաղեր են գնում այս պահին, ոչ ոք չի կարող ասել, բայց ես մի բան եմ նկատում, որ Հայաստանը և Ղարաբաղն այսօր օգտագործվում են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում, ինչպես նաև՝ Ռուսաստանի դիրքը որոշակիորեն հստակեցնելու՝ Պարսկաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Ի դեպ, ես այն կարծիքին եմ, որ վերջին օրերի խաղում օգտագործվում է նաև Ադրբեջանը: Սա, թվում է, շատ պարզ մի իրավիճակ է, որտեղից կարելի է հստակ հետևություններ անել, բայց իրականությունն ամեն վայրկյան կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Ալիևի իրավիճակն այսօր Ադրբեջանում, մեղմ ասած՝ բարենպաստ դիրքերում չէ՝ նավթի գների անկման և երկրի սոցիալ-տնտեսական ցածր կենսամակարդակի ֆոնին: Կարծում եմ՝ Ադրբեջանն այսպես ինքն է օգտագործում իր ժողովրդին՝ շեղելով վերջիններիս ուշադրությունն այդ երկրում տիրող ծանր սոցիալական պայմաններից: Եվ հետո, մենք բոլորս էլ հստակ գիտենք, որ Ադրբեջանը, մեղմ ասած, դեմոկրատական երկիր չի: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ այս պահին օգտագործում են թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին: Ի վերջո, հստակ պետք է իմանալ՝ Թուրքիան դա ՆԱՏՕ-ն է, որ հիմա իր խաղերն է առաջ տանում Ռուսաստանի և Հայաստանի դեմ, բայց այդ խաղերի իրավունքը դրանց ինչ-որ մեկը տալիս է, չէ՞, կամ էլ սա Էրդողանի հերթական անհեռատես ապուշություններն են, որն այդքան հեշտությամբ հնարավոր չէ տեսնել ու ապացուցել: Խաղերը, որ տարվում են այսօր՝ անասելի հզոր են, իսկ զուգահեռ իրավունքները՝ շատ տարօրինակ:

– Միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ դեպքերի նմանօրինակ զարգացման ֆոնին:

– Արդեն իսկ կան երկրներ, հատկապես՝ մի շարք եվրոպական երկրներ, որոնք բարձրաձայնում են այն մասին, որ սա Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններ էին: Հենց այստեղ՝ Ֆրանսիայում, մամուլն արդեն արձագանքում է իրականությանն այնպես, ինչպես եղել է: Առաջին օրերի լռությունը, կարծում եմ, կապված էր փաստերի սակավության հետ: Սակայն մի բան ուզում եմ նշել. նույնիսկ այն պարագայում, եթե միջազգային հանրությունը բարձրաձայնի, միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Նկատի ունեմ՝ ազերիներն ինչ-որ ուզեցին՝ արեցին, թեկուզ չհաջողված սցենարով, բայց նաև մեր կողմի մարդկային կորուստների հաշվին, իսկ յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար շատ կարևոր է: Այժմ ես լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, թե մենք սպառազինության տեսակետից շատ ավելի հետ ենք Ադրբեջանից: Կարծեմ հիմա Հայաստանում այս առնչությամբ դեբատներ են գնում:

– Ձեզ համար անակնկալ չէ՞ր նախագահ Սարգսյանի այդ հայտարարությունը:

– Չէ, այնուամենայնիվ ես հասկացա, որ դա հստակ ստրատեգիա է, որովհետև ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը շարունակաբար Ռուսաստանից զենք-զինամթերք ձեռք բերել, ու հանկարծ նախագահը նման հայտարարություն անի: Տեսնում ենք, որ մեր զինվորների ձեռքին «Калашников» տեսակի ավտոմատներ են, բայց ո՞նց կարող է պատահել, որ մենք այլ զինտեխնիկա չունենանք՝ բա տանկե՞րը, հրթիռնե՞րը, և այլն: Դա անհնար բան է: Հենց այդ պատճառով էլ ես նախագահի այդ հայտարարությունը համարում եմ որոշակիորեն մտածված ստրատեգիկ քայլ, բայց թե հատկապես ի՞նչ նպատակով՝ չեմ կարող ասել: Միգուցե, որովհետև Ադրբեջանն ինքը տեղի-անտեղի հայտարարում է, որ, իբր իր բանակին տրամադրվող ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը Հայաստանի բյուջեից ավելին է:

– Ի՞նչ եք կարծում, ժամանակավոր հրադադարը կպահպանվի՞, թե՞ դարձյալ կխախտվի:

– Ոչ ոք չի կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, այդ թվում՝ ես: Միայն մի բան գիտեմ, որ այս ամենը շատ վտանգավոր է, ու, ինչպես միշտ՝ տուժողը մեր երիտասարդ տղերքն են, որ կանգնած են սահմանի բերանին, մեկ էլ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչները, բայց ո՛չ քաղաքական գործիչները, ովքեր իրենց աշխատասենյակներում նստած՝ հեռախոսազրույցներ ու հանդիպումներ են ունենում: Ես նրանցով եմ մտահոգ ու նաև այն առնչությամբ, թե ինչ աստիճանի հետամնացություն է բերում վերահսկվող պատերազմն այդ տարածքներում, որտեղ կառուցվում էին նոր շենքեր, տներ ու փողոցներ, վերականգնվում էին քաղաքներ, որպեսզի ժողովուրդը նորից կարողանար խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրել:

Հիմա ի՞նչ, նորի՞ց պետք է վերսկսել պատերազմն ու ոչնչացնել այդ ամենը: Մենք՝ սփյուռքում ապրողներս, գիտենք, թե ինչ գումարներ են ներդրվում Ղարաբաղը շենացնելու, զարգացնելու համար, և մենք հասկանում ենք նաև, որ պետք է ոչ միայն շարունակենք այդ աշխատանքները, այլ նաև՝ ուշադիր լինենք արդեն ստեղծածը պահպանելու ուղղությամբ: Թե չէ՝ մենք կառուցում ենք կամ օգնում ենք, որ կառուցվի, իսկ սրանք հետևից գալիս ու քանդում են՝ մի քանի օրվա մեջ: Նորմալ, ստեղծարար մարդկային ուղեղի համար շատ տարօրինակ է հասկանալ, որ մի քանի օրվա մեջ կարելի է ամեն ինչ կոտրել, փշրել ու վերջ, չէ՞ որ դա հարյուրավոր, հազարավոր մարդկանց օգնությունն է՝ դեպի իր երկիրը, իր հայրենիքը: Ինձ համար նաև այսօր սա է ամենաողբերգական հարցերից մեկը… Մենք էլ գիտենք, քաջ հասկանում ենք, որ պատերազմն առանց զոհերի չի լինում, բայց ամբողջ մի ժողովուրդ ու ազգ է տուժում: Սիմվոլիկ առումով՝ Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի վերականգնումը և անկախ լինելը շատ մեծ դեր է խաղում հայկական պատմության համար, որովհետև մենք տուժած ազգ ենք՝ դեռ շատ վաղուց: 1988-ից հետո առաջին անգամն էր, որ մենք հետ էինք վերադարձնում մեր պատմական հողերը, ժողովրդին ու նրանց ազատությունը: Հիմա դա նորից դնել վտանգի տակ, միայն նրա համար, որ չենք կարողանում իրականությունը հասկանալի ներկայացնել աշխարհին ու ստիպել, որ նրանք հաշվի նստեն այդ իրականության հետ… շատ վտանգավոր հարց է:

– Նախագահ Սարգսյանն այս օրերին հայտարարեց, որ, եթե պատերազմը շարունակական բնույթ կրի, մենք ստիպված և անհապաղ կճանաչենք Արցախի անկախությունը:

– Նախագահ Սարգսյանը երևի ուզում է ասել, որ սա արդեն մեր առջև ծառացած ուժի դրսևորման հարցն է, բայց վստահ եմ՝ ինքն էլ հստակորեն տիրապետում է այն իրավիճակին, որ, եթե մենք ընդունենք Լեռնային Ղարաբաղի անկախացումը, ապա Ադրբեջանն իրավունք ձեռք կբերի պաշտոնապես պատերազմ հայտարարել Արցախին: Մենք դեռևս այդ քայլին չենք գնում, որպեսզի Ադրբեջանն իրավունք չունենա պատերազմ հայտարարելու, բայց հիմա, երբ մենք արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի դադարեցնում իր ագրեսիվ պահվածքը, ապա երևի նախագահ Սարգսյանը հենց այդ նկատի ունի՝ հայտարարելով, թե կճանաչի Արցախի անկախությունը: Սա տրամաբանական ու, միևնույն ժամանակ, քաղաքական հարց է: Ոչ ոք այսօր թիկունք չի կարող կանգնել օրենքի ուժով Ղարաբաղի անկախացումն ընդունելու մեր նախաձեռնությանը: Ի վերջո, ինչպես Կոսովոն և Ղրիմը, Ղարաբաղը նույնպես հայտնվել է այս բարդ ու նուրբ հարցի առանցքում:

Գիտեք, ես՝ որպես այս ամենին տարածական հեռավորությունից նայող մեկը, ուզում եմ խնդրել բոլորին՝ շատ զգույշ մոտեցեք այս հարցերին ու դրանց քննարկմանը, աջ ու ձախ քիչ խոսեք, շատ մտածեք, հետո խոսեք: Միայն մի բան եմ նկատում, որ Ղարաբաղի սահմանին հրահրված այս պատերազմական իրավիճակը գլուխ բարձրացրեց այնպիսի մի ժամանակահատվածում, երբ լարված են ռուս-թուրքական հարաբերությունները, երբ միջազգային մասշտաբով տարբեր հանդիպումներ էին տեղի ունենում՝ Էրդողանի ու ԱՄՆ-ի միջև, և այլն: Ուզում եմ ասել՝ այս ամենը դրսից թույլատրված մի բան էր, որը միայն Ադրբեջանն իր գլխով չէր նախաձեռնի: Ինչ-որ թույլտվություն նա ունեցել է, որպեսզի սա տեղի ունենար: Իսկ թե մեզ՝ Հայաստանին, ի՞նչ են թույլատրում, ես դա եմ ուզում հիմա հասկանամ ու չեմ հասկանում:

– Մեր դիվանագիտական կորպուսից ի՞նչ եք ակնկալում այս իրավիճակում:

– Սա ևս շատ բարդ հարց է, որի պատասխանը, կարծում եմ, իրենք էլ չգիտեն, որովհետև հիմա արդեն պարզվում է, թե ովքե՞ր են մեզ թիկունք կանգնելու և ովքե՞ր են պաշտպանելու: Պարզվեց, որ ռուսներն այնքան էլ վստահելի չեն, ինչպես միշտ է եղել, որովհետև իրենք շատ կոնկրետ սցենարով խաղում են միայն իրենց խաղը, այնպես որ, մենք մեր հույսները միայն մեզ հետ պետք է կապենք՝ Հայաստանը՝ իր Սփյուռքի ու ժողովրդի հետ միասին: Հենց հիմա, երբ մենք զրուցում ենք հեռախոսով, Փարիզում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց, 2000 հոգանոց ցույց է տեղի ունենում: Այս պահին ցուցեր են տեղի ունենում նաև Լիոնում, Վալանսում և այլուր: Սա նշանակում է, որ Սփյուռքը շատ կայուն է Ղարաբաղի հարցում, որովհետև շատ լավ գիտի, որ սիմվոլիկ առումով Ղարաբաղի հարցը մեր պատմության շատ նուրբ հարցերից մեկն է:

Դրա համար հարկավոր է ամեն ինչ անել՝ պարզություն մտցնելով այս ամենի մեջ: Այս պահին մեր առջև ծառացած բոլոր հարցերը պետք է բաց ու պարզ խաղաթղթով դնել մեր սեղանի վրա և լուծել դրանք առաջին հերթին՝ դիվանագիտությամբ, իսկ եթե՝ ոչ, ապա՝ զենքի ուժով: Կարծում եմ՝ Ադրբեջանն իր այսօրինակ հարձակողական կեցվածքով ուզում է ապացուցել բոլորին, որ սա դիվանագիտորեն լուծվելու հարց չէ: Նրանք կոնկրետ մեսիջներ են հղում մեզ՝ դուք ուզո՞ւմ եք Ղարաբաղը պահել՝ իմացեք, որ դիվանագիտորեն չեք պահելու, դուրս եկեք պատերազմի ու կտեսնեք, թե ո՞վ է հաղթելու, թեև նրանց բոլոր խաղադրույքները, որ դրել են պատերազմում հաղթելու վրա՝ չեն իրականանալու, ինչը և ցույց տվեց վերջին օրերի իրենց հրահրած ռազմական գործողությունների արդյունքը՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս