«Վերջին խոսքը եղել էր՝ «Վարդան, արագաց…», ու պայթել էր ականը». ականատեսի աչքերով
«Ամսի 2-ի երեկոյան արդեն սահմանում էինք ու տեսանք, թե ինչպիսի ոճրագործություններ են իրականացնում Ադրբեջանի հրոսակախմբերը: Հնարավորինս դոկումենտացրինք այն, ինչ այդ պահին հնարավոր էր: Դրանց մի մասը, որ ցենզուրան թույլատրեց, արդեն ցուցադրել ենք: Նյութերը շատ-շատ են, բայց ամեն ինչ չէ, որ թույլատրված է հանրությանը ցուցադրել։ Օրինակ՝ երեկ ադրբեջանցիները ինչ-որ կարճ ժամանակով վիդեո տեղադրեցին. ինչ որ լեյտենանտի գնդակահարություն էր, բայց արագ հեռացրին այն յութուբից: Չհասցրինք ճշտել՝ դա իրո՞ք մեր լեյտենանտն էր, թե՞ ոչ: Եթե ինչ-որ մեկը պահպանել է, հանձնեք իրավապահներին, որովհետև գերի ընկած լեյտենանտ էր, հարցրին՝ ի՞նչ կոչում ունես, պատասխանեց՝ լեյտենանտ ու գլխից գնդակահարեցին: Այդ ամենը տեսախցիկի առաջ: Սա հիմք չընդունեք, որ ես ասում եմ՝ դա հայ էր, խոսում էր ռուսերենով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա ընդգծեց՝ երևի այդպիսի պատերազմական իրավիճակ չկա, որ այդ պատերազմը չունենա դասալիք, իսկ մենք, նրա խոսքով՝ մի դասալիք չենք ունեցել. «Գումարած դրան՝ մենք, որ հասանք այնտեղ, առաջին բանը, որ նկատեցինք՝ հենց տրամադրությունն էր: Մի քիչ կոպիտ կհնչի, բայց ոնց որ տոնական լիներ տրամադրությունը: Առաջին բանը, որ աչք ծակեց, սպաների ու զինվորների միասին աշխատանքն էր, և ես համոզված եմ՝ բոլոր այդ սպաներն ու զինվորները հիմա հարազատ հոր ու որդու, եղբոր կարգավիճակում են: Չկա չարիք՝ առանց բարիք. զինվորները տեսան, թե ամենաբարձրաստիճան սպաները ոնց են առաջնագծում իրենց մարմնով փակում իրենց դիմացը, ոնց են նետվում մարտի, ոնց ներս չեն գնում թաքստոց, մինչև չհանեն իրենց զինվորին»:
Զինվոր-սպա հարաբերությունը լավագույնս ցույց տալու համար նա բերեց հետևյալ օրինակը. «Վերջին մեր զոհերից երեքի մարմինները, որ հանում էինք, ականատեսը պատմում է, որ ավագ լեյտենանտը, ով իր երկու ПК-իստների հետ վազում էր թաքստոց, կարող էր մտնել թաքստոց ու չզոհվել, բայց որ տեսավ ПК-իստները չեն հասցրել, կանգնում է, ու վերջին խոսքը եղել էր՝ «Վարդան, արագաց…», ու պայթել էր ականը: Այսինքն՝ ավագ լեյտենանտը, մինչև իր ենթական զինվորներին չէր մտցրել թաքստոց, ինքը չմտավ, չփրկվեց, զոհվեց»:
Կինոռեժիսորը պատմում է՝ այնպիսի բաների են ականատես եղել, որ ուղղակի ցնցված է. «Ասենք, ամուսին և կին, ամուսինը գնաց վերև կռվելու, կինն էլ էր ծառայող, երեք ամսվա ամուսնացած էին: Տղամարդը կռվում զոհվեց: Մինչև մյուս առավոտ բոլորս գիտեինք, աղջիկը չգիտեր, ինքը ծառայում էր: Հաջորդ առավոտ նոր ասացին: Հերոսություններ ենք տեսել, այնպիսի բաներ ենք տեսել, որ ես, չնայած՝ մեր զոհերի քանակին, ազգային վերելքը, որ տեսնում ես մի տեսակ հպարտություն ես հայտնում։ Այդ կադրերն էլ ունեմ, որ կնոջը հայտնում են, բայց մինչև այդ կինը չթույլատրի, չեմ հրապարակի, ես դա պահել եմ, որ եթե նա երեխա ունենա, հանձնեմ իրեն, ոչ թե հանրությանը»: