«Չի կարելի ամեն անգամ կասեցնել զինվորի հարձակումը ճիշտ այն պահին, երբ նա զգում է հաղթանակի համը»

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մամուլի ասուլիսը: Հանդիպման թեման ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններն էին, հայկական կողմի անելիքները; Ասուլիսին անդրադարձ կատարվեց նաև ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքին:

Խոսելով հայկական դիվանագիտական կորպուսին այս պահին սպասվող աշխատանքների մասին՝ բանախոս Գագիկ Գինոսյանն ընդգծեց. «Մենք ազգովի պետք է պարտադրենք մեր դիվանագիտական կորպուսին, որ այն, ինչ այս օրերին ձեռք բերվեց զուտ հայ մարդու, հայ զինվորի ոգու և հմտության շնորհիվ, պետք է վերածվի դիվանագիտական հաղթանակի: Եթե մեզ այս անգամ էլ են պարտադրում հրադադար, ապա, կներեք, մենք չենք կարող այս անգամ ևս այդ հրադադարը գրանցել այն պայմաններով, որով այն կնքվեց 1994 թվականին: Ներեցեք, այսպես հերթական անգամ մենք ինքներս մեզ խոշտանգում ենք:

Չի կարելի ամեն անգամ կասեցնել զինվորի հարձակումը ճիշտ այն պահին, երբ նա զգում է հաղթանակի համը, տեսնում է խուճապը՝ հակառակորդի բանակում, երբ նա ականատեսն է դառնում, թե ինչպես է մատի մի շարժումով առաջ տանում իր հայրենիքի սահմանագիծը, և կասեցնել ինչ-որ պատճառաբանություններով՝ միջազգային ատյաններով, և այլն: Ընդ որում, սա անում են այն պարագայում, երբ այդ նույն պատճառաբանություններով և նույն միջազգային ատյանները շատ համառորեն լռում էին, երբ, օրինակ, ռուսական կողմը ճամարտակում էր, թե մենք ՀԱՊԿ-ում պարտավորվածություններ ունենք՝ Հայաստանի Հանրապետության, բայց ոչ՝ Արցախի նկատմամբ, որովհետև Արցախը ՀԱՊԿ-ի անդամների մեջ չի մտնում, մոռանալով, որ անցած տարի, օրինակ, նույն բանը կատարվում էր Շամշադինում, Նոյեմբերյանում, այսինքն՝ հենց Հայաստանի Հանրապետության սահմաններին, և ինքն էլի լուռ էր:

Հիմա հարց է ծագում՝ իսկ դուք որտե՞ղ էիք անցյալ 5-6 օրերի ընթացքում, ինչո՞ւ չէիք բռնում նախահարձակ Ալիևի նավթակոկորդը ու ստիպում կասեցնել իր հրահրած պատերազմը: Մենք պետք է կամք ունենանք՝ միջազգային ատյաններին պարտադրելու դիվանագիտական մեր ճշմարտացիությունը, իսկ եթե ոչ, ապա թող ընդունեն, որ իրենք անգործ են ու անմեղսունակ»:

«Այն հաղթաթուղթը, որ ընձեռեց այս օրերին հայ զինվորի բազուկը, իշխանությունները պարտավոր են ձևակերպել՝ որպես մեր դիվանագիտական հաղթանակ, պարտադրելով համանախագահներին և թշնամուն՝ գրանցել մեր ռազմական ձեռքբերումը՝ իբրև դիվանագիտական հաղթանակ»,- համոզված է Գագիկ Գինոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս