«Համեստ հերոս» որոնելիս. Գերման Ավագյան
Ադրբեջանական ուղղաթիռի կործանման մասին դեռ ապրիլի 2-ին էինք լսել՝ դեպի Ղարաբաղ ճանապարհին։
Լրագրողի գործը հեշտ է. ժլատ պաշտոնական տեղեկատվությունն էլ է բավարար՝ թերթի էջը լցնելու համար։ Լուսանկարչի գործն ավելի դժվար է. հյուրանոցում նստած չես կարող լուանկարել։ Պետք է մեկնել իրադարձությունների կիզակենտրոն։
Պարզվեց, «կոկորդիլոսի» անկման վայր հասնելը, մեղմ ասած, հեշտ չէ։ Ստիպված էինք հասնել Մատաղիս գյուղ, որն անընդմեջ կրակոցների թիրախ էր։ Հակառակորդի հրետանու հատուկ ուշադրության կենտրոնում էր այն ճանապարհը, որտեղով հարկադրված էինք անցնել։
Դրանից մեկ օր առաջ մեզ ոստիկանական «Ուազիկ»-ը Թալիշից հասցրեց Մարտակերտ՝ անցնելով հենց այս նույն ճանապարհով։ Այն ժամանակ բախտներս բերեց, մեր «Ուազիկ»-ը, մեծ արագությամբ սլանալով, միայն արկի հարված ստացած լճակի ջրով «լողացրեց» մեզ։ Բեկորները հակառակ կողմը թռան։ Այս անգամ ճակատագրի «համը տեսանք» հնամաշ գերմանական Օպելի մեջ նստած։ 25-ամյա «Օպել Կադետ»-ի արագությունը բացելով մինչեւ սահմանագիծը, աչքի պոչով հասցրի նկատել նոր ռմբափոսեր, որոնք նախորդ օրը չկային։ Մեծ արագությամբ անցնելով գյուղի միջով, չգիտեմ ինչու՝ հիշեցի օրինախախտներին նկարահանող երեւանյան տեսախցիկները։
Հետո դեպի հարավ մեր ընթացքն ավելի հանգիստ էր։ Ինձ, համենայն դեպս, այդպես թվաց։ Որովհետեւ, երբ արդեն նստած էինք հերթապահ մասում, տեղեկացանք, որ նախորդ հերթապահ մասը, որտեղ զինվորների հետ մի-մի ծխախոտ ներս քաշեցինք, մեր հեռանալուց հետո «Գրադ»-ով խփել էին։
«Օպելը» թողնելով այդտեղ, երիտասարդ զինվորների հետ առաջնագիծ գնացինք։ Երկար տեւեց։ Ամեն անգամ, երբ «Ուրալ»-ը կանգ էր առնում, ես խորը շունչ էի քաշում։ Կանգառները շատ էին՝ 5-րդից, թե 6-րդից հետո դադարեցի հաշվել… Զինվորների հետ գիշերեցինք սարերում։ Հետո ողջ առավոտը նստած սպասում էինք կրակոցների դադարին։ Տխուր-տրտում կանգնած էի զինմասի բակում, հանկարծ մեկի ձայնը լսեցի. «Ձյաձյա՛ Գերման»։
Այդպես ինձ դիմում էր միայն մեկ մարդ՝ տարիուկես առաջ, երբ Սլավոնական համալսարանում ֆոտոլրագրություն էի դասավանդում։ Չսխալվեցի. շրջվեցի ու տեսա… նախկին ուսանողիս։ «Սուրե՛ն»… Չկարողացա խոսքս շարունակել։ Ինչ-որ բան սեղմեց կոկորդս։ Ամբիոնի վարիչը մի քանի անգամ Սուրիկին դիտողություն էր արել դասախոսին նման ձեւով դիմելու համար։ Համալսարանում ինչ-որ հատուկ կարգ կար, բայց ես խնդրել էի Սուրիկին՝ ինձ չասի «պարոն Ավագյան», «ընկեր Գերման»-ն էի գերադասում։ Հնար չեղավ. «Ձյաձյա Գերմանը», երբեմն՝ «Ձյաձ Գերան» ինձ «հետապնդում էին» ողջ կիսամյակի ընթացքում։
Գրկախառնվեցինք։ «Դե, Սուրեն, այսօր կարելի է ավարտել մեր ուսուցումը։ Հիմա դու հասկացա՛ր, թե ինչ է ֆոտոլրագրությունը։ Շատ ավելի լավ, քան ուսանողներից որեւէ մեկը»։
Հենց իմացավ, որ դափ-դատարկ, թեթեւ հագնված (նույնիսկ լրացուցիչ գուլպա չէի վերցրել) եմ հասել Ղարաբաղ, ուսանողս նետվեց զորանոց՝ ներքնաշոր ու ծխախոտ բերելու։ Մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել, որ նման բան չանի. «Սուրիկ ջան, ես գնալու եմ, դու մնալու ես։ Ե՛ս պետք է ծխախոտ բերեի քեզ, ոչ թե դու ինձ նվիրեիր։ Ավելի լավ է՝ մի երկու օր չծխեմ»։
Ի հիշատակ լուսանկարվեցինք միասին։ Հուսով եմ, ինձ կհրավիրի իր հարսանիքը լուսանկարելու։ Խոստանում եմ՝ այդ աշխատանքի համար փող չեմ վերցնի։
Կեսօրվա ժամը մեկին հրամանատարը մեզ թույլ տվեց ավելի մոտենալ սահմանին. Հրադադար էր հայտարարվել։ Երկու կիլոմետր կտրելուց հետո զինվորները կանգնեցրին մեզ՝ ճանապարհին «աշխատել էր» թշնամական «Շիլկա»ն։ Մեզ ուղեկցող սպան հայհոյեց. «Էդ սողունները հրամանը չե՞ն ստացել, ինչ է»։ Քիչ անց նորից թույլ տվեցին առաջ գնալ։ Վերջապես հասանք այնտեղ, որտեղ ծառայում էր մեր հերոսը։ Խրամատն անցանք ու տեսանք նրան պահակետում։
Այստեղ էլ պարզվեց, որ հերոսի մոտ հասնելն ավելի հեշտ է, քան նրա հետ հարցազրույց անելը։ Ահա այն ամենը, ինչ հաջողվեց դուրս քաշել նրա բերանից. «Գեւորգ Մանուկյան, Հոռոմ գյուղից եմ»։
– Դե պատմիր, թե ոնց եղավ։
– Կանգնած էի, հսկում էի։ Տեսա՝ ուղղաթիռը մոտենում է մեր դիրքերին։ Վերցրի զենքը…
– Զենքի անունն ի՞նչ է։
– Դա ռազմական գաղտնիք է,-կարճ կապեց տղուկը։
Գեւորգն այդպես էլ չասաց, թե ինչով է խփել ուղղաթիռը։ Վերջապես, իմ համառ պնդումներից հետո պատասխանեց. «Չգիտեմ։ Ես զենքերի անունները լավ չեմ հիշում»։
Լուսանկարելով մեր հերոսին՝ խոստացա Գեւորգին՝ լուսանկարը տանել Հոռոմ գյուղ հուլիսի 17-ին, հենց այն օրը, երբ զորացրվելու է մեր զինվորը։
Հետո արդեն ետդարձի ճանապարհն էր։ Գիշերը «Կամազ»-ի թափքում էինք։
Հասնելով մեր «Օպել»-ին, մինչեւ Ստեփանակերտ ճանապարհը դրանով հաղթահարեցինք։ Բախտներս բերեց, որ «հրադադար էր հայտարարվել»։ Հակառակ դեպքում՝ գիշերը վառած լապտերներով մեքենա վարելն ինքնասպանության հավասար բան էր։