Ադրբեջանն Իսրայելից հայտարարություններ է ակնկալում Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ

Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Այս մասին իսրայելական Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Այն, ինչ սպասում ենք Իսրայելից, որին մեծապես հարգում ենք, արձագանքելն է այն ամենին, ինչ տեղի է ունենում, որովհետև Իսրայելը կարող է Հայաստանից պահանջել դադարեցնել կրակն ու սկսել բանակցությունները»,- ասել է Ալի Հասանովը:

«Մենք Իսրայելին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր և ակնկալում ենք մեկնաբանություն: Ադրբեջանը խնդրում է իր ռազմավարական գործընկերոջը` Իսրայելի Հանրապետությանը, իր վերաբերմունքն արտահայտել վերջին զարգացումների` ռազմական սադրանքների վերաբերյալ, որոնք իրականացրել է Հայաստանը Ադրբեջանից օկուպացրած տարածքների սահմանին»,- ասել է Հասանովը:

Վերջինս նշել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ու կարող է նրանց կոչ անել Հայաստանին ներգրավել բանակցությունների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս