Հայաստանի հաջորդ պատերազմը
Ապրիլի լույս 2-ի գիշերվանից հետո Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ապրում են միանգամայն այլ` պատերազմական ռեժիմում: Պատերազմի ժամանակ առաջնային խնդիրը, բնականաբար, ռազմական գործողություններում հաղթանակն արձանագրելն է, որը, բարեբախտաբար, հայկական զինուժն իրականացնում է պատվով:
Սակայն, որքան կարևոր են ռազմաճակատում զինված ուժերի գործողությունները, նույնքան կարևոր են թիկունքում, քաղաքական որոշումներ կայացնողների շրջանում կարճաժամկետ ու երկարաժամկետ վերլուծությունները, առաջին հերթին՝ պատեազմական գործողությունների պատճառ դարձած գործոնների վերլուծությունը, և դրա հիման վրա՝ համապատասխան հետևությունների արձանագրումը: Հենց դա պետք է հիմք դառնա ապագա, եթե կարելի է այդպես ասել, հետպատերազմական շրջանի քաղաքականության մշակման ու իրականացման համար:
Անցած չորս օրերը հստակորեն ցույց տվեցին, որ իրականում Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն արտաքին թշնամու դեմ պայքարում հայտնվեցին միայնակ: Այն դեպքում, երբ ֆորմալ առումով Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իրականում բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող, սակայն, որպես տնտեսական նախագիծ հռչակված՝ Եվրասիական տնտեսական միությանը, և ամենակարևորը` հռչակագրային-պայմանագրային մակարդակում ռազմավարական դաշնակցություն ունի Ռուսաստանի հետ:
Տարիներ շարունակ, առաջին հերթին ու առավելապես՝ անվտանգության ապահովման ու իբրև թե դրա մակարդակի բարձրացման պատճառաբանությամբ Հայաստանը խցկվել, բռնակցվել է ռուսական բոլոր արկածախնդիր նախագծերում, ոչ միայն միակողմանիորեն կատարել է Ռուսաստանի հանդեպ ռազմավարական դաշնակցային պարտավորությունները, այլև շատ հաճախ դա կատարել է սեփական ինքնիշխանության, ավելի հաճախ` ազգային ու պետական արժանապատվության ոտնահարման միջոցով:
Հայաստանի գործող, ինչպես նաև ռուսիֆիկացման հիմքը դրած նախկին իշխանություններն այդ ամենը, բացահայտ կամ ոչ, արդարացրել են նրանով, որ դա արվել և արվում է՝ հանուն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության:
Անցած չորս օրերին ադրբեջանական զինված ուժերը` իրենց տրամադրության տակ գտնվող ռուսական ծանր հրետանիով ու կրկին ռուսական արտադրության այլ սպառազինություներով, հողին հավասարեցրեցին տարիների ընթացքում, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունների ու ռուսահպատակ «քաղաքական մտքի» կողմից հյուսված այդ առասպելը:
Առասպել, որն ադրբեջանցիների կողմից ռուսական արտադրության զենքով «պայթեցվեց» Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ու հարավում ընթացող մարտերի ընթացքում: Լեռնային Ղարաբաղում, արդեն մարտի դաշտում հերթական անգամ ապացուցվեց, որ Ռուսաստանի «ռազմավարական դաշնակցությունը», դրան հղում անելով՝ անդամակցելը ԵՏՄ-ին, ոչ թե՝ «անվտանգության բարձիկ» էր, ինչպես թմբկահարում էին ռուսական քաղաքականության ռուս և հայ էմիսարները, այլ՝ «անվտանգության փուչիկ»:
Բայց այս «պայթյունը» գոնե պոստ ֆակտում կարող է դրական լինել միայն այն դեպքում, եթե դրան հետևեն այլ «պայթյուններ» ևս. մասնավորապես, եթե գոնե քաղաքականապես ու հանրայնորեն «պայթեն» բոլոր այն գործիչները, ովքեր Հայաստանում կուրորեն զբաղված էին եվրասիականացման քարոզով, բոլոր նրանք, ովքեր 2014 թվականի դեկտեմբերին կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բոլոր նրանք, ովքեր դեռևս այն ժամանակ՝ այսօր դրսևորվող վտանգների մասին զգուշացնողներին անվանում էին մարգինալներ` հույս ունենալով դրա համար արժանանալ Կրեմլի միջանցքային ավանտյուրիստների գովասանքին:
Ավելորդ էմոցիոնալությունից զերծ մնալու համար այսօր անհրաժեշտ է արձանագրել չոր փաստերը: Ռուսաստանը պայմանագրային դաշնակցային պարտավորություններ ունենալով Հայաստանի նկատմամբ՝ չի կատարում այդ պարտավորությունները, Ռուսաստանը միևնույն անվտանգության համակարգի մեջ գտնվելով Հայաստանի հետ՝ Ադրբեջանին վաճառում է սպառազինություն, որը հենց այս օրերին կրակում է հայ զինվորների ու հայ խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ, Ռուսաստանն այս օրերին քաղաքական-դիվանագիտական հարթությունում իրեն դրսևորում է այնպես, ինչպես աշխարհի մյուս պետություններն ու միջազգային կառույցները` «մտահոգվելով» ստեղծված իրավիճակի առթիվ՝ հավասարության նշան է դնում կողմերի միջև` դրանով, ինչպես մյուս հավասարության նշան դնողները, աջակցելով Ադրբեջանի ագրեսիային:
Այդ ամենին գումարած՝ Ռուսաստանը կեղտոտ, շատ կեղտոտ խաղ է խաղում քարոզչական դաշտում: Բավական է միայն ընթերցել կրեմլյան լրատվամիջոցների վերնագրերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ, որոնք երեկ ողջ օրվա ընթացքում, բացի սեփական «վերլուծություններից», զարմանալի օպերատիվությամբ տարածում էին ադրբեջանական քարոզչական ապատեղեկատվությունը. «Карабахнули!», «В Баку заявили об уничтожении в Карабахе 170 армянских солдат», «Минобороны Азербайджана опубликовало кадры уничтожения штаба в Карабахе»…
Տվյալ դեպքում խնդիրը Ռուսաստանին մեղադրելը չէ. ինչպես պատմության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր, Ռուսաստանն առաջնորդվում է սեփական շահերով ու նպատակներով` կանգ չառնելով որևէ միջոցի ընտրության առջև: Խնդիրն այն է, թե որքանով այս ցավալի, տասնյակ զոհերի պատճառ դարձած իրադարձությունները վերջապես կսթափեցնեն Հայաստանում որոշումներ կայացնողներին ու այդ որոշումները հանրային գիտակցության մեջ «լվացողներին», զոմբիացած ռուսասերներին ու ռուսական գործակալական ցանցի հաստիքային ու արտահաստիքային աշխատողներին, որքանով այս իրադարձությունները կդառնան հանրային ու քաղաքական պահանջ` գոնե օրակարգ մտցնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու, վերարժևորելու հարցը:
Եթե դա տեղի ունենա, ապա կկարողանանք արձանագրել, որ այս մահաբեր իրադարձությունները գոնե այդ առումով դրական ազդեցություն կունենան ու հիմք կդառնան ապագայում նման իրավիճակների կրկնությունը բացառելու համար:
Տա Աստված, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները ժամ առաջ ավարտվեն: Ավարտվեն հայկական կողմի հաղթանակով ու հայկական կողմի պարտադրած զինադադարով, որը, ինչպես երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, չի կարող լինել այլ փաստաթուղթ, քան 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ միջև ստորագրված փաստաթուղթը:
Այս պատերազմի նվազագույն քաղաքական հաղթանակը պետք է լինի Լեռնային Ղարաբաղին՝ որպես լիիրավ կողմ, բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը: Ռազմաճակատում կորցրած ու նոր դիրքեր նվաճելուց բացի ու դրան զուգահեռ՝ ամենակարևոր նպատակը պետք է լինի հենց այս` բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքի վերանվաճումը:
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտով, ցավոք, պատերազմները չեն ավարտվելու: Առջևում Հայաստանին սպասվում է նոր պատերազմ` առաջին հերթին՝ արտաքին քաղաքական դաշտում, ու առաջին հերթին՝ Ռուսաստանի ուղղությամբ: Այդ պատերազմի նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության, կարգավիճակի վերանվաճումը և Ռուսաստանի հետ նորմալ, իրավահավասար հարաբերությունների հաստատումը:
Թող որ, ոչ դաշնակցային, առավել ևս, ոչ ռազմավարական, բայց իրավահավասար հարաբերությունների հաստատումը:
Հայաստանն անկախություն է ձեռք բերել Ղարաբաղյան պատերազմի շնորհիվ ու նաև դրա արդյունքում: Պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվելու «հատկություն» ունի: Այսօր Հայաստանը, ինչպես 28 տարի առաջ, կանգնած է նույն մարտահրավերների առաջ, որոնք, դժվարին լինելով, միաժամանակ իրենց մեջ պարունակում են նույն հնարավորությունները, ինչ ավելի քան քառորդ դար առաջ: Պատմությունը, կրկնվելու հատկությունից բացի, ունի մեկ այլ հատկություն ևս. այն պատժում է ժողովուրդներին ու պետություններին, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում: