«Այս ամենը ևս մեկ-երկու օր կշարունակվի, ու դադար կլինի». «Արաբո» ջոկատի հրամանատարը՝ սահմանի իրավիճակի մասին
«Կարծում եմ՝ Ադրբեջանի այս ավանտյուրան ամբողջը կատարել է Թուրքիայի դրդմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով այսօր պատրաստվում է մեկնել Ղարաբաղ՝ միանալու ազատամարտիկների կամավորական ջոկատին:
Նա կարծում է՝ Իլհամ Ալիևը շահագրգռված է այս ամենում, քանի որ շատ փողեր է ծախսում բանակի վրա, իսկ քանի որ հիմա ճգնաժամ է, ուզում է ցույց տալ՝ այդ գումարները որտեղ են ծախսվել:
«Մենք 1915 թվականին պատերազմ չէինք, ուզում, բայց միլիոնուկես մարդ զոհվեց, հիմա պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, պատրաստ լինել պատերազմին ու վերջ տալ այս անորոշ իրավիճակին, հայտարարել տոտալ մոբիլիզացիա, ամեն մի հայ դառնա ռումբ, ու մենք ցույց տանք, Ադրբեջանի հետ խոսենք այն լեզվով, որով ինքն է խոսում մեզ հետ»,- նշեց Մ. Եղիազարյանը:
Ըստ Մ. Եղիազարյանի՝ իսկական պատերազմը կսկսվի մի քանի ամիս հետո, և այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ Ալիևի կողմից հետախուզական մարտ է, իսկ մեծ պատերազմ անպայման լինելու է մի քանի ամսից:
«Մենք պարտավոր ենք ավելի լավ պատրաստվելու, քանի որ միայն ամուր զենքը բռնելով՝ մենք կարող ենք հաջողության հասնել»,- ասաց նա:
Մ. Եղիազարյանը նաև նշեց, որ հայ ժողովուրդն իրեն հիանալի է դրսևորում. «Մենք սովոր ենք երգելով կռվել ու երգելով մեռնել»:
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանն իսլամիստ ահաբեկիչների է բերում պատերազմի դաշտ՝ Մ. Եղիազարյանը նախ՝ դա քիչ հավանական համարեց, հետո էլ նշեց, որ ամեն դեպքում իրենք ոչ մի «սարսափ», «վտանգ» չեն կարող ունենալ.
«Նրանք սովորական մարդիկ են՝ մսից ու արյունից»:
Մ. Եղիազարյանը կարծում է՝ այս ամենը ևս մեկ-երկու օր կշարունակվի, ու դադար կլինի, իսկ մի քանի ամիս հետո կսկսվի լանամասշտաբ պատերազմը: