Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, այդ թվում՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը. Պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է կարգավորվի, այդ թվում՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
ԱՄՆ կառավարության նման դիրքորոշումն է ներկայացրել ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները, տեղեկացնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է «Լեռնային Ղարաբաղի արդարացի լուծումը», որը հենվում է «միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ-ի Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Դա նշանակում է «առաջին հերթին» ուժի կիրառման անթույլատրելիություն, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներ», – հայտարարել է Թոները:
Ինչպես նա ընդգծել է, Վաշինգտոնը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար Բաքուն և Երևանը պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամքը և ոչ այլ ոք, ներառյալ Մինսկի խումբը, որի միջնորդությամբ ընթանում են բանակցությունները:
«Ադրբեջանը և Հայաստանը պետք է գտնեն քաղաքական կամք՝ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Դրա հետ կապված՝ նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ապասառեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
Բացի այդ՝ Թոները հաստատել է, որ ԱՄՆ-ը «վճռականորեն դատապարտում է բռնությունը», որը ծայր է առել Լեռնային Ղարաբաղում: