Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել ԼՂ գոտում իրադրության սրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային հանրակցության ջանքերով կհաջողվի թուլացնել լարվածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, նա հայտարարել է «ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության» համաժողովում ունեցած ելույթի ընթացքում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրադրության զարգացմանը:

«Չեմ կարող անհանգստություն չհայտնել մեր հարեւան երկրներում իրադրության սրվելու կապակցությամբ: Ցանկանում ենք հուսալ, որ միջազգային հանրակցության ջանքերով հնարավոր կդառնա լարվածության թուլացումը, ինչը խաղաղության եւ կայունության համար այնքան կարեւոր Է մեր տարածաշրջանում եւ ոչ միայն»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«ՈՒկրինֆորմ»-ը, հղում անելով Լեհաստանի ԱԳՆ-ին, հայտնել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրվելու կապակցությամբ չեղյալ է հայտարարել այցը Լեհաստան:

«Տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով Կովկասի իրադրությունը, Վրաստանի ԱԳ նախարարի՝ Վարշավա այցը չեղարկված է»,- հաղորդել է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Իր հերթին Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն լրագրողներին հայտնել Է, որ Թբիլիսին մտադիր է աջակցել լարվածության թույլացմանը: «Վրաստանը՝ որպես թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հարեւան պետություն, առավելագույնս աջակցելու է իրադրության լիցքաթափման գործընթացին»,-նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս