
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Թալիշում ադրբեջանական բանակի վայրագությունները

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: «Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ընդգծեց Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են: «Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է»,- եզրափակեց Բաբայանը:
Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Hetq.am- ը հրապարակել է Թալիշում ադրբեջանական վայրագությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակած լուսանկարների, ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Թալիշը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանին: