«Բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են, ինչը վախեցնող ուղերձ է հակամարտող կողմերի համար». Մեթյու Բրայզա
168.am-ի զրուցակիցն է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
-Պարոն Բրայզա, ապրիլի 2-ից ծանր մարտեր են սանձազերծվել ԼՂ հակամարտության գոտում։ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆաթ Ասկերովն, ըստ էության ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընդունել է, որ ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսել հայկական ուժերի դեմ ապրիլի 2-ին։ Ինչպե՞ս եք բացատրում սա, հաշվի առնելով հատկապես այն, որ այս ամենը տեղի է ունենում Ալիևի և Սարգսյանի վաշինգտոնյան այցից հետո։
– Ինչպես միշտ է պատահում շփման գծում բռնության դեպքում, յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում բախումներ նախաձեռնելու մեջ և վստահելի տեղեկատվություն չկա` հստակեցնելու համար, թե ով է կրակել առաջինը։ Իրադարձությունների նման զարգացումը՝ 1994թ․-ից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված ամենալուրջ բախումներն այն ժամանակ, երբ երկու նախագահներն՝ Ալիևն ու Սարգսյանը Վաշինգտոնում էին, խոսում է այն մասին, որ ոչ մի նախագահ չի հրահանգել մարտական գործողությունների մեկնարկ։
Իհարկե, բռնության նման բռնկումը թուլացնում է միջնորդական ջանքերում ԱՄՆ բարձր մակարդակի ներգրավում ապահովելու նախագահների նպատակը, ինչպես արտացոլվել էր փոխնախագահ Բայդենի հետ նրանց առանձին հանդիպումների ընթացքում։ Փորձից խոսելով` ասեմ, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կամ փոխնախագահ չի դիտարկի միջնորդական ջանքերում իր անձնական ներգրավումն այն դեպքում, երբ կողմերի նախագահներն իրենք են մարտեր նախաձեռնում։ Այսպիսով, իմ ենթադրությունն այն է, որ կողմերից մեկի տեղական հրամանատարներից մեկն է նախաձեռնել բախումը, միգուցե արտաքին ուժի քաջալերմամբ։
– Արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան և ոչ միայն հայաստանյան փորձագետները քննարկում են, թե ինչպես տարածաշրջանային զարգացումները կարող են անդրադառնալ մեր` հակամարտության գոտու վրա։ Ըստ Ձեզ՝ ո՞ր արտաքին ուժերն են այսօր հետաքրքրված նման իրավիճակով։ Հիմնականում շրջանառվում է երկու երկրի անուն՝ Թուրքիա և Ռուսաստան։
– Թուրքիան, անխոս, հետաքրքրված չէ զինված հաամարտության վերսկսմամբ իր սահմաններին։ Թուրքիան արդեն բավականին շատ դժվարություններ ունի` կապված իրաքյան և սիրիական պատերազմների հետ իր հարավային սահմաններին։ Հասկանալով սա, Ռուսաստանը կարող է հավատալ, որ այս վերսկսված մարտերը կարող են ծառայել իր որոշ շահերին` միաժամանակ։ Առաջինն, ինչպես քիչ առաջ նշեցի, վերսկսված զինված հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գլխացավանք է Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որին Պուտինը ձգտում էր հասնել այն բանից հետո, երբ Թուրքիան նոյեմբերի 24-ին խոցեց ռուսական ռազմական կործանիչը, որը խախտել էր թուրքական օդային սահմանը։ Երկրորդ, բռնությունը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ նախագահներ Ալիևն ու Սարգսյանն առանձին հանդիպումներ ունեցան ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ, ինչը մի շարք փորձագետներին հույս էր տվել, որ Մինսկի խումբը կվերակենդանանա։
Փոխարենը, 1990-ականների սկզբին մեկնարկած պատերազմի ամենասարսափելի բախումներին զուգահեռ տեղի է ունենում Սպիտակ Տան խոստումնալից հանդիպումը Օբամայի հյուրընկալությամբ, ում առաջարկը ՌԴ նախագահը հրաժարվեց ընդունել։ Գուցե այս հաջորդականությունը համընկել է։
Հնարավոր է, որ ներկայիս իրավիճակը հիմնովին տարբեր է 2008թ․ օգոստոս ամսից, երբ Ռուսաստանը աշխարհի առաջնորդների նկատմամբ առավելություն ստանձնեց, որոնց ուշադրությունը սևեռված էր Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության վրա, և ներխուժեց Վրաստան կամ, երբ նա նույնն արեց 2014թ․ փետրվար ամսին` Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ ռազմական գործողություններ սկսելով Ուկրաինայում։ Ամեն դեպքում, էական է, որպեսզի ՄԽ համանախագահ երկրների նախագահները աշխատեն համատեղ` ներկայիս բռնությունը թուլացնելու և խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։
-Պարոն Բրայզա, ՄԽ համանախագահ երկրների նախագահները, միջազգային կազմակերպություններն արդեն իրենց հայտարարություներով գնահտել են իրավիճակը՝ կողմերին զսպվածության կոչեր ուղղելով։ ՄԽ համանախագահները նույնիսկ պետք է վաղը հանդիպեն Վիեննայում։ Ի՞նչ է ցույց տալիս այս իրավիճակը, որ միջազգային հանրությունը չունի՞ ազդեցություն կողմերի նկատմամբ և հատկապես Ադրբեջանի, որի նախագահը կարող է սկսել մարտական գործողություններ` լինելով նույնիսկ Վաշինգտոնում, հանդիպումներ ունենալով ԱՄՆ պաշտոնյաների հետ, քննարկել ԼՂ հակամարտությունն ու այն մեխանիզմների ներդրման հարցը, որը ԱՄՆ-ն է առաջարկում։ Ի՞նչ է սա նշանակում։
– Դա նշանակում է, որ հակամարտության կողմերն են պատասխանատու կարգավորման համար և ոչ` միազգային հանրությունը։ Միջնորդներն ու մյուս լավ տրամադրված արտաքին ուժերը կարող են միայն օգնել, երբ նախագահներն ու հասարակությունները պատրաստ են զիջումների։ Այսինքն՝ ՄԽ պաշտոնական հայտարարությունը թույլ է։ Թվում է` այն վերաբերում էր հրադադարի այն բազում խախտումներին, որոնք եղել են վերջին տարիներին։ Այնինչ, ներկայիս լարվածությունն աննախադեպ է ու պահանջում էր ՄԽ համապատասխան աննախադեպ հայտարարություն և ջանք։
– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր երկրի ջանքերը։ Ինչպիսի՞ն եք պատկերացնում ԱՄՆ դերակատարությունը այս իրավիճակում։
– ԱՄՆ արձագանքը չափազանց թույլ էր։ Այս պահի դրությամբ չի եղել պաշտոնական հայտարարություն Սպիտակ Տան կողմից, բացի պետքարտուղար Քերիի մամլո հաղորդագրությունը։ Միայն ՌԴ նախագահն ու նրա արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն են ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի թուլացմանը։ Այս ամենը վախեցնող ուղերձ է հակամարտութան կողմերի համար, որ բոլոր խաղաքարտերը նախագահ Պուտինի ձեռքում են։ ԱՄՆ չներգրավվածության այս ճյուղերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Ուկրաինայի և Սիրիայի իմաստով։