«Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես երբևէ, մոտ են հակամարտության մասշտաբային վերսկսմանը». Սերգեյ Մարկեդոնով
«Երևանի և Բաքվի միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը որևէ կողմին թույլ չի տա հասնել ճնշող առավելության և կզսպի հակամարտությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով այսօր ադրբեջանական զինուժի սանձազերծած մարտական գործողությունների քաղաքական ենթատեքստին:
Նա նշեց, որ սկսած 1994թ. մայիս ամսից՝ սա ամենախոշոր ալիքն է: Մարկեդոնովը հիշեցրեց, որ դեռևս 2010թ. հունիս ամսին, երբ տարածաշրջանում բավականին լուրջ ուժային առաջխաղացում տեղի ունեցավ, գրել էր այն մասին, որ քայլ առ քայլ միջադեպերի հաճախակիացումը կարող է հանգեցնել հակամարտության մասշտաբային վերսկսմանը: Այսօր, նրա համոզմամբ, կողմերը, ինչպես երբևէ, մոտ են դրան:
Ռուս հեղինակավոր վերլուծաբանը մեզ տրամադրեց իր՝ «Միջազգային սպառնալիքներ» զեկույցի չորրորդ հատվածը, որը նա գրել է 2015թ. դեկտեմբեր ամսին: Նա դեռևս անցյալ տարի է արձանագրել, որ կողմերը 2016թ. են թևակոխում՝ առանցքային հարցերում զիջումների գնալու մասին առանց որևէ ակնարկի: Նա արձանագրել էր նաև, որ ԼՂ հակամարտության սրումը մտահոգիչ է ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի համար: «Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությամբ հակամարտության «ապասառեցումից» զգուշանում է նաև Իրանը, որը հայտարարում է հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավման:
Այնինչ ռուս-թուրքական առճակատումը, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան-Ռուսաստան ռազմավարական բնույթի հարաբերությունները, բարձրացնում է պատերազմի վտանգն ու ԼՂ հակամարտության ելքը Կովկասյան տարածաշրջանի սահմաններից: Ընդ որում, Երևանն ու Բաքուն, հետևելով Մոսկվայի և Վաշինգտոնի տարաձայնություններին, փորձում են Մինսկի խմբին և նույնիսկ ՀԱՊԿ-ին` միջադեպերին արագ և համախմբված արձագանքելու հարցում»,- նշել է նա: Մարկեդոնովի կարծիքով՝ Ռուսաստանի համար փխրուն ստատուս-քվոյի կոտրումն այս «տաք կետում» ունենալու է բացասական հետևանքներ, քանի որ առաջին հերթին՝ դա հարցականի տակ կդնի եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հեռանկարները, հաշվի առնելով Հայաստանին ռազմաքաղաքական աջակցություն ցույց տալու հարցում անդամ երկրների շրջանում կոնսենսուսի բացակայությունը, երկրորդ` կտրուկ կերպով կհակադրի Մոսկվայի և Բաքվի շահերը, ընդհուպ՝ «վրացական սցենարի» կրկնության հնարավորությամբ, և երրորդ` ռուսական դիրքերի թուլացումն անխուսափելիորեն խաղաղ կարգավորման գործընթացի «միջազգայնացման» հարցը կբարձրացնի, որի դեպքում ՌԴ ազդեցությունն էականորեն կնվազի:
Մարկեդոնովի կանխատեսմամբ՝ գոյություն ունի բացասական զարգացումների երկու պայման: Դրանցից առաջինը, նրա խոսքով, ռուս-թուրքական առճակատման խորացումն է ու չսանձազերծված էսկալացիան այս հարցում: «Մոսկվայի հետ հակամարտությունը կարող է Անկարային հրահրել՝ մեծացնել Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ոչ միայն՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ անմիջականորեն Հայաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով: Սակայն Երևանի և Բաքվի միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը որևէ կողմից թույլ չի տա հասնել ճնշող առավելության և կզսպի հակամարտությունը»,- իր աշխատությունում նման եզրահանգման էր եկել Մարկեդոնովը: