ԱԻՄ-ը դրական է արձագանքում «Նոր Հայաստանի» հրապարակավ հնչեցրած համագործակցության կոչին

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը և ԱԻՄ մամուլի պատասխանատու, «Անկախություն» շրջաբերականի խմբագիր Սուսաննա Գրիգորյանը: Նրանք ներկայացրեցին ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի արձագանքը «Նոր Հայաստանի» համագործակցության կոչին:

Արկադի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Նոր Հայաստանը» մարտի 17-ին հրապարակավ կոչով էր հանդես եկել՝ քաղաքական ուժերին հրավիրելով համագործակցության, այդ թվում՝ ԱԻՄ-ին, որի քննարկման նպատակով ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը մարտի 28-ի գումարած նիստում քննարկել էր համագործակցության առաջարկը:

Հանդիպումը շարունակվեց բանախոս, ԱԻՄ մամուլի պատասխանատու, «Անկախություն» շրջաբերականի խմբագիր Սուսաննա Գրիգորյանի մամուլի հաղորդագրության ընթերցմամբ, որում, մասնավորապես, նշվում էր.

«ԱԻՄ Լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը մարտի 28-ի ԱԻՄ ՆԽ նախագահ Արկադի Վարդանյանի գլխավորությամբ գումարած նիստում անդրադառնալով «Նոր Հայաստանի» հրապարակավ հնչեցրած համագործակցության կոչին, արձանագրելով այն հանգամանքը, որ ԱԻՄ-ն իր կանոնադրության համաձայն պարտավոր է դրական արձագանքել հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության համագործակցելու նախաձեռնություններին, հավատալով, որ հրապարակայնորեն հնչած կոչին հաջորդելու են հրապարակային քննարկումներ՝ թե´ նպատակների, թե´ մարտավարական հարցերի վերաբերյալ, իր պատրաստակամությունն է հայտնում հանուն արդար սահմանադրական կարգի հաստատման աշխատել և´ «Նոր Հայաստանի», և´ այլ քաղաքական ուժերի հետ»:

Նախկինում համագործակցության ընդհատված բանակցությունների թեմային անդրադառնալով՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանն ասաց, որ այս պահին ընդունում են համագործակցության առաջարկը, որովհետև ի վերջո նա այլ բնույթի համագարծակցության առաջարկ էր՝ կապված անվանումների հետ, սա՝ բոլորովին այլ. «Մենք մեր կանոնադրությամբ ենք պարտավորված համագործակցել քաղաքական ուժերի հետ: Նախկինում խնդիրն անվանումների մեջ էր, մենք փորձում էինք համագործակցությանն առավել բնորոշ անվանում առաջարկեինք, որը կարող էր լինել «Ազատ Հայաստանը», որն ավելի ընդգրկուն և ամեն ինչ ասող անվանում է, թեև սա ընդամենը առաջարկ էր, և անկախ նրանից՝ կընդունվի՞, թե՞ ոչ, մենք պատրաստ ենք համագործակցելու»:

ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը մանրամասնելով համագործակցության առաջարկի ընդունման դրդապատճառները՝ ասաց.

«Մեզ հիմնականում միավորել է վերջին Սահմանադրության ապօրինի հանրաքվեն: Բոլոր նրանք, ովքեր ՈՉ են ասել այդ Սահմանադրությանը, կարող էին միավորվել ՈՉ-ի պայքարին, որովհետև այդ պայքարն իրականում չի ավարտվել: Արդեն հաստատված փաստ է, որ Սահմանադրության հանրաքվեն առնվազն 200 տոկոսով կեղծված է: Մենք միավորվում ենք, որպեսզի այդ ապօրինի Սահմանադրությունը չեղյալ համարենք և հետագայում առաջ շարժվենք»:

ԱԻՄ մամուլի պատասխանատու, «Անկախություն» շրջաբերականի խմբագիր Սուսաննա Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում և զբաղված է իր հեղինակած՝ «Լույսի ճանապարհին» գրքի հրատարակման աշխատանքներով:

Տեսանյութեր

Լրահոս