Թուրքիան՝ քաղաքացիական պատերազմի շեմին
Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան անկայունության և վախի մթնոլորտի հերթական շրջափուլ թևակոխեց։ Վերջին քվեարկության արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր՝ ստանալով ընտրողների ձայների 49.4 %-ը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ձայների 10,7%-ը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 25,4%-ը, իսկ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 11,9%-ը, այնինչ հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավելի ճիշտ էին պատկերում թուրք ժողովրդի վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել է քվեների 40.9 տոկոսը և 550 հոգանոց խորհրդարանում ստացել 258 պատգամավորական մանդատ, ԺՀԿ-ն՝ 25.0 տոկոսը, ստանալով 132 պատգամավորական մանդատ, ԱՇԿ-ն՝ 16.3 տոկոսը, ստանալով 80 պատգամավորական մանդատ, ԺԴԿ-ն՝ 13.01 տոկոսը, ստանալով 80 մանդատ։ Էրդողանի հետընտրական դոկտրինի կենտրոնում քրդական պետության ձևավորման վախն է, որը երկրի ողջ տարածքում թուրք-քրդական լուրջ լարվածության է հանգեցրել, այդ թվում՝ ահաբեկչությունների։ «168 Ժամը» Թուրքիայում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրի հետ։
– Պարոն Գյուր, վերջին ընտրություններից հետո, ըստ էության, իրականություն դարձան արևմտյան վերլուծաբանների կանխատեսումներն այն մասին, որ Էրդողանն իր ձեռքում կկենտրոնացնի ուժն ու ավտորիտարիզմը և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական կյանքում՝ էլ ավելի մեծ ճնշումների ենթարկելով քրդերին, սիրիացիներին՝ թուրք-սիրիական սահմանին, չփոխելով իր քաղաքականությունը Սիրիայում։ Ի՞նչ է կատարվում այսօր Թուրքիայում, և որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը։
– Լարվածության այդ վերջին փուլը սկսվեց հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո, երբ իշխող կուսակցությունը, ըստ էության, պարտվեց՝ հավաքելով իր համար չափազանց քիչ ձայներ, իսկ ընդդիմությունը ստացել էր բավարար ձայներ, ապա նոյեմբերի 1-ի ընտրություններում կեղծեց ձայները՝ ապօրինի եղանակով կրկին իր ձեռքում պահելով իշխանությունը և նոր պատերազմ հայտարարելով քրդերին և՛ Սիրիայում, և՛ Իրաքում։ Սա է այն ձևը, որով նա գործում է։ Սակայն զարգացումները Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում, նրան և թուրք իշխանություններին վախեցնում են, ստիպում մտածել, որ քրդերը կձևավորեն նոր ժողովրդական ուժ տարածաշրջանում և կառաջարկեն նոր կյանք ոչ միայն՝ Թուրքիային, այլև՝ ողջ Մերձավոր Արևելքին։ Սա է պատճառն այս ողջ պատերազմի՝ քրդերի դեմ։
– Իրավիճակի և ընդհանրապես քրդական հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։
– Ներկայումս բարդ է։ Անցյալ տարի հուլիս ամսին Էրդողանը տապալեց խաղաղ գործընթացը Թուրքիայում և Քրդստանի դեմ պատերազմ սկսեց, թուրքական օդուժը բավականին ծանր սպառազինություն օգտագործեց Քրդստանում։ Դրանից հետո մեկնարկեց լարվածությունը Թուրքիայում։ Երեք կարևոր կետ կա, որոնք կցանկանայի ընդգծել։ Առաջինը՝ Էրդողանը երբեք չի ճանաչի քրդերի իրավունքը, դրա վառ ապացույցն էր այն, որ հերթական անգամ տապալեց մեկնարկած խաղաղ գործընթացը, որը հարցի կարգավորման հույս էր ներշնչում այն ժամանակ։ Երկրորդը՝ հզոր, անմարդկային մեկուսացման մեջ է Աբդուլլահ Օջալանը, շուրջ մեկ տարի, անցյալ տարվա ապրիլ ամսից նա մեկուսացման մեջ է, ոչ ոք չի այցելել նրան, սա մեկ այլ խնդիր է, որը հրահրում է լարվածություն։
Երրորդ՝ Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես՝ ուժային կառույցները, շրջափակել են քրդաբնակ քաղաքները, ինչպիսին է Ջզիրը, Նսեդին, Շրնակը, Կոտեն, Դիջլան և, իհարկե, ամենակարևորներից մեկը՝ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ նաև հայկական մշակութային լուրջ ժառանգություն կա։
Այդ թաղամասն ամբողջությամբ կործանվել է, այնտեղ բռնությունն ու լարվածությունը շարունակվում է, ոչ միայն՝ շարունակվում, այլև՝ ավելի խորանում։ Այս պարագայում իսկապես բարդ է խաղաղ կարգավորում գտնելը, բայց մեր կուսակցությունն աշխատում է ակտիվորեն ջանքեր ներդնել քրդական հարցի ժողովրդավարական կարգավորման համար։ Մենք Թուրքիայի իշխանություններին լրջորեն խորհուրդ ենք տալիս դադարեցնել ագրեսիան քրդերի հանդեպ, դադարեցնել քրդական քաղաքներում մեծ գործողությունները, հաստատել հրադադար ու սկսել խաղաղ գործընթաց։ Այս ուղղությամբ ենք աշխատում, դեռ ապարդյուն է։ Քանի դեռ դա ապարդյուն է, անկայունությունը շարունակվելու է։
– Արևմտյան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ակնհայտորեն այլևս մեծ վստահությամբ չեն խոսում Թուրքիայի իշխանությունների հասցեին, և որոշ փորձագետներ չեն բացառում, որ լինեն ճնշումներ։ Հնարավո՞ր է՝ սա լուրջ ազդեցության լծակ դառնա։
– Եթե Էրդողանին հարցնեք, թե արդյոք կփոխի՞ իր քաղաքականությունը քրդերի հանդեպ, կասի, որ չի կարող փոխել։ Նրա աշխատակազմից, կառավարությունից և իշխանություններից ընդհանուր առմամբ չկան նախադրյալներ՝ կարծելու, որ կա փոփոխության ցանկություն, միջազգային հարթակներն են նրան այդ վստահությունը տվել մինչ այսօր։ Բայց ես կասեի նաև, որ նա վախենում է, չի ցանկանում լինել երկրորդ Մուրսին։
ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, նրա կարևոր գործընկերները պետք է ճնշումներ բանեցնեն նրա նկատմամբ, որպեսզի նա փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը քրդերի հանդեպ, որը Թուրքիան գցելու է շատ վատ իրավիճակի մեջ։ Շատ բարձր է Թուրքիայում քաղաքացիական պատերազմի վտանգը, որը կարող է դառնալ մեկ այլ աղետ, ինչպիսին Սիրիան է։ Բոլոր միջազգային հարթակներն ու կառույցները հնարավոր բոլոր եղանակներով պետք է ճնշումներ բանեցնեն Էրդողանի նկատմամբ, սակայն, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ սա կհանգեցնի ավելի մեծ փախստականների ճգնաժամի։ Իրավիճակը բարդ է, բայց ճնշումներն անհրաժեշտ են։
– Քրդական ինքնավարության հնարավորությունն այսօր որքա՞ն եք գնահատում։
– Սա այն է, ինչի համար քրդերը Թուրքիայում պայքարում են։ Ներկայումս դա իրատեսական չի թվում, բայց ամենաքիչը, ինչին քրդերը կհամաձայնեն, հենց այդ հեռանկարն է, որն այսօր աղոտ է։
– Հայ-թուրքական հարաբերություններն այսօր Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում ի՞նչ տեղ են զբաղեցնում։
– Կարծում եմ, որ կարճաժամկետ ապագայում արմատական փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չեն լինի, չի փոխվել ու չի փոխվի Ցեղասպանության ու հայերի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։ Իշխանությունն այսօր այլ հարցերով է զբաղված, ինչպես տեսնում եք։
– Վերջին շրջանում թուրք պաշտոնյաները հաճախակի անդրադառնում էին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որը որոշ փորձագետների ստիպում էր մտածել, որ Թուրքիան կփորձի միջամտել ԼՂ հակամարտությանը, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները Մերձավոր Արևելքում հակասության մեջ էին, կփորձի ԼՂ հակամարտության միջոցով վերականգնել Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացած խնդիրները։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
– Իրականում հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ հակամարտությունը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Թուրքիայում տիրող իրավիճակն իրար հետ կապված են։ Հասկանում եմ, որ նախապայմանների հարցում ՀՀ-ն դժգոհություններ ունի, բայց չպետք է մոռանալ թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների, գազի և նավթի մասին։ Միջամտություն չեմ ակնկալում Թուրքիայի կողմից։ Թուրքիան կարող է որոշակի քայլերի դիմել, նկատի ունեմ նախապայմաններից հրաժարվելը, սակայն մյուս հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարող են էապես փոխվել, ինչն այսօր Թուրքիայի իշխանությունները չեն կարող թույլ տալ։