Բաժիններ՝

Միկա Բաղդասարովի «Հրազդան-ցեմենտը» կվերակենդանացնի ՎՏԲ բանկը

«Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կազատվի 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Այս հարցն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, որ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին  հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ և 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ:

Ըստ նրա` ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ և ըստ ընկերության ծրագրի, որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից, նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տոննա և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, սակայն ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:

«Հրազդան-ցեմենտի» գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Ա.Մինասյանի խոսքով` երբ «Հրազդան-ցեմենտը» սկսի աշխատել, «Արարատ-ցեմենտի» հետ միասին այսօրվա եղած արտադրության ծավալներով կբավարարվի հանրապետության պահանջարկի 90%-ը: Նա նշեց, որ նախկինում, երբ գործարաններն ամբողջ ծավալով էին աշխատում, ցեմենտն արտահանվում էր Վրաստան, բայց հիմա նախատեսվում է շինարարութան ծավալների մեծացման շնորհիվ ներքին պահանջարկն ավելացնել:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս աջակցությունը ՎՏԲ-ի՞ն է ցուցաբերվում, թե՞ սեփականատիրոջը:

Ա.Մինասյանը նշեց, որ գործարանի բաժնետոմսմերը և սեփականության իրավունքն անցել են ՎՏԲ-ին, գույքը դուրս է գալիս կալանքից, ՎՏԲ-ն գործարանը դիտարկում է որպես իր դուստր ընկերություն և կառավարում է. «Մենք ոչ թե աջակցում ենք ՎՏԲ-ին, այլ ՀՀ ձեռնարկությանը: Մենեջմենտի մեջ մենք չենք մտնում, մեզ համար այն է կարևոր, որ աշխատի: 4.6 մլն դոլարի վարկային փաթեթի տրամադրումն արդեն հաստատվել է և նոր հեռանկարներ կան զարգացման համար»:

Հիշեցնելով ապրիլի 17-ին Հրազդանում սպասվող ՏԻՄ ընտրությունները` Թ.Պոոսյանը հույս հայտնեց, որ թույլ չեն տա, որ գործարանի աշխատելը ներկայացվի որպես քաղաքապետի հաջողություն:

«Բնականաբար, չի արվի»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Սա երբեք չի կարող դիտվել որպես որևէ անձի ձեռքբերում»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացավ, փակվեցին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս