Ընտրակեղծարարները պետք է ազատազրկվեն, այլընտրանք չկա. Էդմոն Մարուքյան

«Ես առաջարկել էի, որ տուգանքները դուրս գան և մնա 2-3 տարի ազատազրկում միայն, որ դատարաններն այլընտրանք չունենան ազատազրկման, և ժողովրդավարության դեմ հանցագործությունների պարագայում մարդկանց միայն չտուգանեն ու տուն ուղարկեն, գնան ու տուգաննք էլ վճարի նա, ով ասել էր՝ այդ կեղծիքն արա: Սա շատ կարևոր ուղերձ և շատ կարևոր ինդիկատոր է, որով մենք ընտրակեղծարարներին պետք է ասենք՝ ընտրություններում չի կարող լինել այնպիսի տարբերակ, որ կեղծիք անեք, տուգանք վճարեք և ազատ արձակվեք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօր կառավարության նիստում իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տալու մասին:

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատժից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: ՀՀ քր.օրենսգիրքը մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսում է պատիժ` տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից երեք տարի ժամկետով: Գործադիրի անդամները կողմ են արտահայտվել պատիժն անհատականացնելուն, և նշել, որ հարցը դեռ պետք է քննարկվի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտարարել է, թե գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության, այսինքն՝ խախտում անում է, բայց դա ենթակա չէ ազատազրկման: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարել հարցը թողնել Ազգային ժողովի որոշմանը:

Է.Մարուքյանը նշեց, որ հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների հետ կապված մոտ 10 գործ է քննվել դատարանում, և բոլորով կեղծարարները տուգանվել են, իսկ նվազագույն տուգանքը 500 հազար դրամ է. «Այդ մանկապարտեզի վարիչին կամ դայակին, որ 500 հազար տուգանել են, պարզ է, որ ինքը չի վճարում, ինչ-որ մարդ վճարում է, կեղծիքն անողը պատասխանատվությունից ազատվում է և վերջ: Որքան էլ տուգանքները բաձրացնեն՝ ի՞նչ տարբերություն, եթե այդ մարդիկ իրենք չեն վճարում: Եթե այդ մարդիկ տեսնեն, որ ազատազրկում են, 2-3 տարի բանտում պետք է մնան, ո՞վ կանի նման բան, ոչ ոք չի համաձայնի: Այլ լուծում չկա, տնային կալանքի ինստիտուտ չունենք, որևէ այլ տարբերակ ընդունելի չէ»:

Հարցին, թե դեռ հնարավո՞ր է, որ գյուղերում ամուսինը կնոջ փոխարեն նրա անձնագրով քվեարկի, Է.Մարուքյանը պատասխանեց, որ այդ տարբերակն անիրական է. «Ո՞նց կարող է նման բան լինել: Եթե նման փաստարկ են բերում, դրանով հերքում են նոր Ընտրական օրենսգրքի այն մեխանիզմը, որ էլեկտրոնային գրանցում է ենթադրում: Ինչպե՞ս կարող է ամուսինը կնոջ տեղը քվեարկել, նոր կարգով դա բացառվում է: Ես այդ փաստարկները անհիմն եմ համարում»:

Տեսանյութեր

Լրահոս