Բաժիններ՝

«Առանց քաղաքացու մասնակցության հնարավոր չէ հաղթահարել կոռուպցիան»

168.am-ի զրուցակիցն է «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարոն Հոկտանյան, Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանին բեկում է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ իր պայքարում: Ըստ Ձեզ՝ ո՞րը կարող է լինել այդ բեկումը:

– Բեկումը, պարզ է, ինչ պետք է լինի. կոռուպցիայի ընկալումը պետք է այնպիսին լինի, որ տեսնենք՝ առաջընթաց կա: Հայաստանում 2003թ.-ից սկսած որևէ փոփոխություն չկա, լճացման վիճակ է: Եվ դա վերաբերում է ոչ միայն՝ ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվին, այլ նաև՝ Համաշխարհային բանկի, «Freedom House»-ի և ընդհանուր որակական հետազոտություններին, որոնք ցույց են տալիս, որ առաջընթաց չկա: Թե ընկալումն ինչպե՞ս պետք է փոխվի, դա արդեն առաջին հերթին՝ տնտեսական խնդիրներն են՝ մոնոպոլիաների գերիշխանության վերացում, բիզնես և քաղաքական վերնախավերի սերտաճման վերացում կամ նվազեցում և իշխանության 3 ճյուղերի միջև հավասարակշռության վերականգնում:

– Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ունենք մի շարք լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների պլան, հակակոռուպցիոն մարմին, որը ղեկավարում է վարչապետը, բայց արդյունքներ չկան: Ինչի՞ շնորհիվ պետք է արդյունք ապահովվի:

– Առաջին հերթին՝ պետք է լինի քաղաքական կամք: Կա տարբերակ, երբ տեղի է ունենում իշխանափոխություն, և նոր իշխանությունները, որոնք պայքարը կոռուպցիայի դեմ հռչակում են՝ որպես իրենց գլխավոր նպատակ, թեև, իհարկե, միշտ չէ, որ գալով իշխանության՝ իրենց խոստումները կատարում են: Մյուս տարբերակը՝ գործող իշխանությունները հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի, այստեղ նաև ցանկալի կլիներ, որ ներքևից էլ ճնշում լիներ, և հասկանալով իրավիճակի լրջությունը, բարդությունը, և գիտակցելով, որ պետության գոյությանն է արդեն վտանգ սպառնում, փորձում են ինչ-որ բան փոխել:

– Ի՞նչը փոխել:

– Վերջերս միջազգային շրջանակներում էլ շատ ենք քննարկել, որ կան մի շարք կարևոր քայլեր, իհարկե, դրանց պարտադիր նախապայմանը քաղաքական կամքի առկայությունն է, որոնք, որպես կանոն, և, ինչպես այլ երկրների փորձն է ցույց տվել, բերում են հաջողության, և կոռուպցիայի նվազում է լինում: Առաջին հերթին՝ անպատժելիության մթնոլորտի վերացումն է: Սա շատ կարևոր է, որ, եթե կա հանցանք, այն պետք է պատժվի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, կապերից և այլն:

Երկրորդը՝ բնականաբար, հանրային ծառայության և հանրային ֆինանսների կառավարման համակարգերի բարեփոխումն է, այսինքն՝ պետք է լինեն բարեփոխումներ, որոնք հնարավորություն տան է՛լ ավելի թափանցիկ դարձնել բյուջեն, և ավելի մասնակցային լինի, քայլեր արվեն բարեխիղճ հանրային ծառայողի դասը ձևավորելու ուղղությամբ:

Երրորդը՝ այդ տեղեկատվության ազատության, թափանցիկության խորացումը պետք է լինի, այսինքն՝ որպես կանոն, այն երկրները, որոնք հաջողություններ են ունեցել, խոսքս հիմնականում վերաբերում է եվրոպական երկրներին, նրանք տասնամյակներ առաջ բավականին լուրջ քայլեր ձեռնարկեցին տեղեկատվության, խոսքի ազատության ոլորտներում, որպեսզի հնարավորինս հանրությունն իմանա, թե որոշում կայացնողներն ինչ որոշումներ և ինչպես են կայացնում:

Չորրորդը՝ քաղաքացիների ակտիվությունն է, որ քաղաքացին զգա, որ առանց իր մասնակցության՝ հնարավոր չէ հաղթահարել կոռուպցիան:

Սա մեր տիպի երկրների համար ամենալուրջ խնդիրն է, հատկապես՝ Հայաստանի համար, որտեղ կա համատարած անտարբերության և կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ:

Այդպիսի մթնոլորտում, իհարկե, շատ բան կախված է նաև իշխանությունների վարվելակերպից, բայց ունենք նաև այնպիսի օրինակներ աշխարհում, երբ որքան էլ կոռումպացված են եղել իշխանությունները, այնուամենայնիվ, քաղաքացիները փորձել են պայքարել դրա դեմ, ինչ-որ քայլեր են ձեռնարկել՝ ակտիվ դուրս գալ փողոցներ, ակտիվ շարժումների մեջ ներգրավվել: Մեզ մոտ դա, դժբախտաբար, չկա:

Վերջինը՝ ինչպես և այլ հանցագործություններ, կոռուպցիան նույնպես գնալով միջազգայնանում է: Եվ մենք ունենք արդեն շատ լուրջ դեպք՝ օֆշորային սկանդալի հետ կապված դատավարություն է գնում: Հարկավոր է, որ միջազգային հարաբերություններում օֆշորային, փողերի լվացման և այլ հնարավորությունները բացառվեն, շատ լուրջ խոչընդոտներ լինեն դրա համար: Եվ սա միայն տվյալ երկրի խնդիրը չէ, այլև միջազգային համագործակցություն է պահանջում, միջազգային պայմանագրերի, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիա, ՀՀ-ն վավերացրել է Քրեական իրավունքի վերաբերյալ Եվրոպական խորհրդի կոնվենցիան, Գրեկոյի շրջանակներում կամ Տնտեսական զարգացման համագործակցության կազմակերպության հանձնառությունների կատարում, և այլն: Դրանք հիմնականում վերաբերում են ներքին քաղաքականությանը, բայց երբ դրանք տարբեր երկրների խմբերի կամ ամբողջ աշխարհի մակարդակով են, դա հնարավորություն է տալիս նաև փոխգործակցել այլ երկրների հետ: Սրանք այն հիմնական բաղադրիչներն ու կոնցեպտուալ տարրերն են, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի նվազմանը ցանկացած երկրում, այդ թվում և՝ Հայաստանում:

– Իսկ գործնականում հնարավո՞ր է, որ իշխանափոխության բացակայության դեպքում, շատերի կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող իշխանություններն իրենք «դարձի գան», քաղաքական կամք դրսևորեն և պայքարեն կոռուպցիայի դեմ:

– Նախ, որպեսզի հստակ լինի, ես որևէ պատրանք չունեմ, որ ՀՀ իշխանությունը կսկսի ձերբակալել շատ բարձրաստիճան պաշտոնյաների, առավել ևս, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ մեր մոտ կոռուպցիան համակարգային բնույթ ունի, իսկ դա կոռուպցիայի ընկալման համաթվի ցածր լինելու ինդիկատորներն են ցույց տալիս, իսկ համակարգայինի դեպքում՝ սպասել, որ այս կոռուպցիոն բուրգում այդ ռեպրեսիվ մեթոդները կարող են բերել նույնիսկ ամենավերևներում ձերբակալությունների, կամ այդ ձերբակալությունների արդյունքում իրավիճակը կփոխվի, ես մի քիչ կասկածում եմ: Բայց կա մեկ այլ բան, որ հնարավոր է, օրինակ՝ Սինգապուրի դեպքում այդպես եղավ, բավականին լուրջ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների, այն ժամանակվա վարչապետ Լի Կուան Յուի ընկերներին հենց Լի Կուան Յուն ձերբակալել տվեց կոռուպցիայի համար:

Ես կասկածում եմ, որ Հայաստանում գործն այդտեղ կհասնի, նաև՝ շատ հաճախ մենք տեսել ենք բավականին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ, բայց արդյունքում՝ այդ ոլորտներն առանձնապես չեն մաքրվել, որովհետև համակարգային բուրգի առկայության պայմաններում, նույնիսկ գագաթին մոտ տարրը կամ անձին փոխարինելով՝ բուրգը չի քանդվում:

Այդ պատճառով քաղաքական կամք կարող է լինել նշված որոշակի լուրջ բարեփոխումներ կատարելու մեջ, երբ իշխանություններն ասեն, որ այլևս այսպես շարունակելը կարող է բերել շատ լուրջ հետևանքների, և սկսեն պայքարել այդ երևույթի դեմ: Դրա համար շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքանով են պետականորեն մտածում իշխանությունները, այլ նաև՝ որ ներքևից ճնշում լինի: Երկու գործոնն էլ հարկավոր են, որովետև միշտ չէ, որ ներքևից ճնշումը կարող է դրան բերել:

Օրինակ՝ Սկանդինավյան երկրների պատմությունը դիտարկելիս, նույն Դանիայում, որ այժմ ամենամաքուր երկիրն է, դեռևս 17-18-րդ դարերում անցկացվեցին հանրային ծառայության բարեփոխումներ: Այն ժամանակ Դանիան լիակատար միապետություն էր, բայց միապետը հասկացավ, որ միայն այդ ձևով կարելի է իսկապես ծաղկուն երկիր ունենալ, որի դեպքում ժողովուրդը չի մտածի անել այն, ինչ արեցին Ֆրանսիայում 1789 թ.-ին: Այսինքն՝ միապետը սկսեց հասկանալ, որ ինքը նույնպես կարող է իր կյանքն ավարտել գիլյոտինի վրա, և բավականին հաջող բարեփոխումներ իրականացրեց: Իհարկե, պետք է շատ ավելի լուրջ վերլուծել՝ հասկանալու համար, թե դա որքանով է հնարավոր Հայաստանում:

Իմ կարծիքով՝ Հայաստանի դեպքում ակնհայտ այն ուղղությունները, որ ցույց կտան, որ իսկապես կա քաղաքական կամք, առաջին հերթին՝ կլիներ այնպիսի տնտեսական բարեփոխումների իրականացումը, որը լրջագույն հարված կհասցնի հայաստանյան կոռուպցիայի գլխավոր հենասյուներից երկուսին՝ մոնոպոլիաներին, որոնք միշտ բերում են կոռուպցիայի և ստիպում են, որ կառավարություններն ու խորհրդարանները որոշումներ և օրենքներ ընդունեն ի օգուտ իրենց, և տնտեսական ու քաղաքական վերնախավերի սերտաճումը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն բիզնեսներ: Հարց է ծագում, թե ինչպե՞ս նրանք կհրաժարվեն դրանից: Բայց եթե չեն հրաժարվում, և այդ կամքը չկա, մնացածն ամենը լիրիկա է դառնում:

– ԵՄ դեսպանն էլ նշել էր, որ ՀՀ նախագահի փետրվարյան ելույթը կարող է լինել արդյունավետ գործողությունների հիմքը:

– Իհա՛րկե կարող է լինել, կարող է և չլինել: Ամեն ինչ հնարավոր է: Ես երբեք չեմ լսել ո՛չ հայաստանյան, ո՛չ խորհրդային տարիների ղեկավարների ելույթներ, որ ասեն, թե՝ գողանում ենք, լավ ենք անում: Խնդիրը խոսքերի մեջ չէ, խնդիրը գործերի մեջ է: Ողջունում եմ նախագահի ասածը, ուրեմն եկեք գործի անցնենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս