Բաժիններ՝

Հայաստանի ուսանողների 12 տոկոսը մասնագիտանում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանում 2014-2015թթ. ուսումնական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը 9 հազար 352 է, որը ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ընդհանուր թվի (79 հազար 623) 11.71 տոկոսն է: Տնտեսագիտության և կառավարման մասնագիտացմամբ սովորողները հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողների գրե թե 19 տոկոսն են: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղոդրակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն 2015»-ի արդյունքների համաձայն՝ ուսանողների մոտ 61.2 տոկոսը սովորում է Երևանի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում:

Վերջին տարիներին անընդհատ ավելանում է նաև Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը: Նրանք, հիմնականում ԱՊՀ-ից են, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից:

Ինչ վերաբերում է դասավանդողներին, ապա ՏՀՏ-ին առնչվող մասնագիտություններ առաջարկող ԲՈՒՀ-երի դասախոսների մեծ մասն աշխատում է ԵՊՀ-ում և ՀԱՊՀ-ում: Ընդհանուր առմամբ, վեց առաջատար ԲՈՒՀ-երում դասավանդում է 1098 մասնագետ:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կրթական ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրը ոչ բավարար ֆինանսավորումն է, քանի որ ուսման վարձերը և պետական օժանդակությունը չեն բավականացնում կրթական հաստատություններին, իսկ մասնավոր հատվածը գրեթե չի մասնակցում կրթական ծրագրերի ֆինանսավորման գործընթացին: Միաժամանակ, շատ ԲՈՒՀ-եր չեն կարող բարձրացնել ուսման վարձը, քանզի այն բարձր է միջին հայ ուսանողի համար: ԲՈՒՀ-երի զարգացմանը խոչընդոտում են նաև դասագրքերի ու մասնագիտական գրականության բացակայությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցության դժվարություններն, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ տարեց անդամներին փոխարինող նոր մասնագետների ներգրավման դժվարությունները: Որոշ ԲՈՒՀ-երում մինչ այժմ առկա են խնդիրներ` կապված ինտերնետի հասանելիության և համակարգիչների ոչ բավարար քանակի հետ:

Կարդացեք նաև

Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունն իրականացվում է 2002 թվականից: Հետազոտության նպատակն է հետևել ՏՀՏ ոլորտում արձանագրվող զարգացմանը և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ուղղված վերհանված խնդիրների կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս