«ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում՝ մենք ապրանքային շատ շուկաներով ունենք գների նվազում». ՏՄՊՊ նախագահ
«Դիտարկումը բոլորովին էլ տեղին չէ, քանի որ իրականում գնային նման տարբերություն չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հարևան Վրաստանում բենզինի գինը բավականին ցածր է, և մեր երկրի գների հետ համեմատած՝ 120 դրամի տարբերություն կա:
Նրա խոսքով՝ կան որոշակի գնային տարբերություններ, և հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այդ տարբերությունները պայմանավորված են երեք գործոնով: Առաջինը պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով, որը գանձվում է բենզինը Վրաստանի տարածքով տեղափոխելու համար.
«Երկրորդ պատճառը հարկային քաղաքականությունն է. կան որոշակի պայմանավորվածություններ` ՀՀ և Վրաստանի հարկային քաղաքականությունների մասով, և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեկ լիտր բենզին Հայաստան ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ պատճառը պայմանավորված է Վրաստանում ձեռքբերման գների որոշակի նվազմամբ, որն էլ ամբողջությամբ պայմանավորված է նրանով, որ Վրաստանում վերջին ժամանակահատվածում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրվում Ադրբեջանից և Թուրքմենստանից»:
Ա. Շաբոյանի դիտարկմամբ՝ ԵՏՄ-ն, անշուշտ, իր ազդեցությունը թողնում է, և, ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում՝ մենք ապրանքային շատ շուկաներով ունենք գների նվազում.
«Եթե դա չլիներ, ապա հնարավոր է, որ ավելի բարձր գներ ձևավորվեին: ԵՏՄ անդամակցությունը մաքսային ընթացակարգերի խոչընդոտների վերացման առումով իր ազդեցությունը թողնում է, բայց դա դեռ չի նշանակում, որ ապրանքների գները պետք է կտրուկ նվազեն: Դա առավելապես օգնում է մրցակցության խթանմանը: Բենզինի գնի հարցում էլ իր ազդեցությունը թողել է, և դրա արդյունքում մենք ունենք ներկայումս ձևավորված գնագոյացումը»:
Ա. Շաբոյանի խոսքով, ճիշտ է՝ գները տնտեսվարողների համար կարևոր նշանակություն ունեն, բայց տնտեսվարողների բիզնես որոշումների համար կարևոր նշանակություն ունեն նաև այլ գործոններ.
«Ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, բայց, որպես տնտեսագետ, կարող եմ ասել, որ գներից բացի, նաև այլ գործոններն են կարևոր: Օրինակ`մատակարարման պայմանները: Մրցակցությունն ազատ է, մուտքի խոչընդոտներ չկան, սահմանափակումներ չկան»:
Նա նշեց, որ խոշոր ընկերությունները կարողանում են ապրանքն ավելի էժան գներով ձեռք բերել և միավոր ապրանքի հաշվով ավելի քիչ տրանսպորտային ծախսեր կատարել. «Այդ տեսանկյունից խոշոր ընկերությունները մրցակցային առավելություններ ունեն փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ»: