
«Խաղամոլության հետևանքները սարսափելի են». հոգեբան

Խաղամոլությունը գոյություն է ունեցել միշտ, սակայն իր անվանումը ստացել է վերջերս: Այն ամենատարածված հիվանդություն-կախվածություններից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հիվանդությամբ տառապում են տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ: «Տեսակետ» ; ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Խաղամոլության հիմնական դրդապատճառը բախտին հավատալն է: Այն մարդը, ով չի հավատում բախտին, հասկանում է, որ հնարավոր է մեկ անգամ հաղթանակ տանել, սակայն պարտվելու հավանականությունն ավելի մեծ է: Խաղամոլը մտածում է, որ բախտ գոյություն ունի: Եթե մարդը մեկ անգամ հաջողության է հասնում, ենթադրում է, որ կրկին կհասնի և շարունակում է խաղալ, իսկ եթե կորցնում է` ուզում է հետ բերել»,-ասաց հոգեբանը:
Ըստ նրա՝ խաղամոլության պատճառ կարող է լինել նաև պարզապես իրականությունից կտրվելու ցանկությունը: Նրա խոսքով՝ ցանկացած կախվածություն իրականությունը ցրելու հատկություն ունի:
«Խաղամոլության հետևանքները սարսափելի են: Չկա մի մարդ, որ խաղամոլությամբ հարստացած լինի, ընդհակառակը, այն մարդկանց հասցնում է ծայրահեղ վիճակի: Խաղամոլների մոտ շատ հաճախ նկատվում են սիրտ-անոթային հիվանդություններ, նրանք ենթարկվում են սթրեսների, ձեռք են բերում նյարդային խանգարումներ»,- նշեց Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով՝ խաղամոլությունը հնարավոր է դառնում հաղթահարել այն ժամանակ, երբ մարդն ինքն է գիտակցում դրա բացասական հետևանքները և ինքնակամորեն հրաժարվում: Սակայն եթե մարդ չի կարողանում հրաժարվել այդ հիվանդությունից, ապա պետք է դիմի մասնագետի օգնությանը: Այս մի քանի տարիների ընթացքում մասնագետներին դիմողների թիվն ավելացել է:
Մանյա Կարախանյան