2017թ. ընտրությունները նման են լինելու նախագահական ընտրություններին

Մեր զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

– Ի՞նչ դիտարկումներ ունեք Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

– Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ խոսքը գնում է միայն էլեկտրոնային գրանցման մասին, և ոչ թե՝ էլեկտրոնային քվեարկության։ Կարծում եմ՝ այստեղ ամենակարևոր խնդիրը էլեկտրոնային գրանցման ծրագրային ապահովման երաշխիքների և անվտանգության տրամադրումն է հանրությանը, որը չկա։ Այսինքն՝ ո՞վ է իրավունք ունենալու միջամտել հաշվառմանը, խոսվում է մասնագետի մասին, բայց ո՞վ է նրան նշանակում, ե՞րբ և ինչքա՞ն կարող է միջամտել կոնկրետ ընտրատեղամասում և, ընդհանուր առմամբ, ամբողջ ծրագիրը ո՞նց է կառավարվելու, այդ առումով ես առայժմ որևէ երաշխիք չեմ տեսնում։ Եվ դրանից բխում է ընտրողների ցուցակի հրապարակման խնդիրը, այսինքն՝ եթե չկա երաշխիք, այդ ցուցակները պետք է հրապարակվեն, բայց մեր Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ դա հակասահմանադրական է, կա քվեարկության գաղտնիություն, իսկ ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է։

– Բայց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ այլ գնահատական էր տվել։

– Դա նշանակում է, որ մինչև չգտնենք երաշխիքներ կրկնաքվեարկությունները բացառելու համար, այդ դեպքում ես կողմ չեմ նրան, ինչ գրված է ԸՕ նախագծում։ Այլ հարցեր կան մատների թանաքոտման հետ կապված, որն այնքան էլ առաջադեմ եղանակ չէ։ Բայց եթե այս երաշխիքը չլինի, դա էլ կարելի է դիտարկել։ Բայց ես կողմ եմ, և դա կարելի է անել՝ երաշխիքներ տալ ծրագրային անվտանգության հետ կապված։ Առանցքային խնդիր է նաև ռեյտինգային քվեարկությունը։ Ընտրատարածքները 41-ից դառնում են 13. 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում։

Ճիշտ է՝ խոշորացումը լավ է, որովհետև համամասնական համակարգը նշանակում է՝ ամբողջ հանրապետության մակարդակով պետք է լինի քվեարկությունը, ինչը չկա։ Իսկ եթե մի մարզը դիտարկենք՝ որպես վարչական միավոր, ապա վարչական ռեսուրսն այդ մարզում շատ ավելի լավ կաշխատի, օրինակ, մի մարզում մարզպետարանն է, մյուսում՝ գազն է, մյուսում՝ էլեկտրաէներգետիկան, ջրմուղը և այլն, այսինքն՝ վարչական ռեսուրսն ավելի կոմպակտ և ուժեղ կաշխատի մի մարզի համար։

Դա ինչպե՞ս հասկանանք։ Ես կողմ եմ, որ ընտրատեղամասերն ավելի խոշորանան, լինի 5-6-ը, որ իսկական համամասնական լինի, և ոչ թե, ինչպես շատերն են ասում, թաքնված մեծամասնական։ Ես չէի ասի, թե մեծամասնական է, բայց իր բնույթով չի լուծում համամասնականին հարիր խնդիրը, քանի որ վարչական ռեսուրսի ազդեցությունը, միևնույն է՝ մնում է։ Համամասնականով նաև քաղաքական դեմքերն ավելի հեշտ կանցնեն, որովհետև ամբողջ հանրապետությունով տվյալ գործչի հեղինակությունն ավելի մեծ է, կարող է միջին ձայներ հավաքել բոլոր տարածքներից և անցնել։

Բայց հիմա հարցը չի լուծվում, լոկալացվում է մի մարզի ցուցակով։ Սա լուրջ խնդիր է և ամենակարևոր հարցն է։ Երրորդ խնդիրը կապված է ընտրահամակարգի ձևավորման հետ՝ դիտորդներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, օրինակ, ընտրատեղամսում դիտորդների և ԶԼՄ-ների 8-ով սահմանափակելը, կարծում եմ, լիովին անտեղի է։ Հիմա նման սահմանափակում չկա, և նախագծում էլ այդ արգելքը պետք է հանվի։

Ընտրացուցակների հետ կապված՝ դիտորդներն ու վստահված անձինք իրավունք են ստանում ընտրությունների հաջորդ օրը 2 ժամով ծանոթանալու քվեարկողների ցուցակներին, բայց պատճենահանել կամ նկարահանել չի կարելի, ուղղակի պետք է ինչ-որ ծաղկաքաղ անեն։

Հարց է՝ ինչո՞ւ է 2 ժամ, ո՞րն է խնդիրը։ Քվեարկածների ցուցակները եվրոպական մի շարք երկրներում հրապարակվում են, օրինակ՝ Լյուքսեմբերգում, Լիխտենշտեյնում, Կիպրոսում, և այլն։ Գաղտնիությունը մի քիչ հարաբերական է։ Ենթադրենք, պետական ոլորտի աշխատող է, և ղեկավարն իմանա, որ տվյալ անձը մասնակցել է ընտրությանը, դա ի՞նչ է փոխում։ Հակառակը, օրինակ, Սինգապուրում ժամանակին ընտրություններին չմասնակցելը համարվել է լուրջ խնդիր, որ չեն մասնակցել իշխանության ձևավորմանը։ Մենք նույնպես այն փուլում ենք, որ ժողովուրդը պետք է մասնակցի իշխանության ձևավորմանը։

– Կարող են 2 ժամի փոխարեն՝ ցուցակներն ուղղակի տրամադրել քաղաքական ուժերին կամ դիտորդական կազմակերպություններին։

– Այո, դա չի ստացվի հրապարակել, ինչը սահմանադրական նորմի հետ կապված՝ հակասություն ունի, բայց շահագրգիռ կողմերը կկարողանան ստանալ ցուցակները։
Հաջորդ խնդիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն իրավունք է ստանում անդամների 2/3 ձայներով «խանգարող» անձին դուրս հրավիրել, բայց նկարագրված չի՝ ի՞նչ է նշանակում՝ «խանգարել», գուցե հենց հանձնաժողովի նախագա՞հն է խանգարում։ Ո՞վ պետք է որոշի։ Այսինքն՝ ընհանուր առմամբ, եթե ամփոփենք, ընտրական գործընթացի կազմակերպման և կարգավորման վարչարարությունը ԸՕ-ով լավ ներկայացված չէ, և, եթե հարցեր կան, որ հետո ԿԸՀ-ն պետք է իր որոշումներով կանոնակարգի, ես դեմ եմ, որ մենք շատ հարցեր, առաջին հայացքից՝ գուցե ոչ կարևոր, բայց դրանք թողնենք ԿԸՀ-ին։

Ավելի կողմ եմ, որ դրանք ԸՕ-ում ներառվեն։ Հաջորդ մտահոգությունը կապված է նրա հետ, և սա հետքայլ է, որ իշխանությունները՝ ուզում են ընտրական օրվա նկատմամբ քննադատությունները քիչ լինեն, բայց ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում ընտրարշավը ո՞նց է անցնելու, ընտրողների հետ աշխատանքը ո՞նց է լինելու, այդ բոլորը խնդիրներ են։ Խնդիր է մնում նաև գունավոր քվեաթերթիկների հարցը, որ բոլոր գույները տալու են ընտրողին, և եթե դրանցից մեկը քվեարկում է՝ ծրարով գցում է տուփը, մյուսները լցնում է մյուս տուփի մեջ, բայց եթե ինչ-որ մեկը վերցնի մի թերթիկ ու դուրս գա, դա ի՞նչ է նշանակում։

Նման շատ այլ հարցեր կան, որ ստացվում է՝ ունքը շինելու տեղը՝ աչքն են հանում։ Այս բոլոր վարչարարական խնդիրները պետք է քննարկել։ Մեկ այլ մտահոգություն կա՝ կայուն մեծամասնության ձևավորման հետ կապված, որ 1/3-ն անպայման պետք է լինի ընդդիմությունը, պատգամավորների նվազագույն թիվը 101 է, 1/3-ը ստացվում է 34-35 ձայն, իշխանությանը մնում է 66-67 ձայն։ Բայց կա 3/5-ի գաղափարը, որով գլխավոր դատախազը, ԿԲ և ՎՊ նախագահները պետք է ընտրվեն, բայց դա ինչպե՞ս է լինելու։ 3/5-րդը 60-61-ն է, կայուն մեծամասնությունը՝ 54 ձայնը, ինպե՞ս է լինելու այս հարցը և, կարծում եմ, որ ապագա քաղաքական մեծամասնության բնութագիրը երևում է այս ձայների քանակից ելնելով։

Սրանից ելնելով՝ ենթադրում եմ, որ երկրորդ փուլի հավանականությունն է մեծանում, և պատգամավորների քանակն ավելի շատ կլինի 101-ից։ Նման բազմաթիվ մտահոգությունների շարք կա, և, կարծում եմ, որ աշխատանքային տարբերակ է նախագիծը, կլինեն լուրջ քննարկումներ, և շատ հարցեր տեսքի կբերվեն։ Խորամանկ բաներ չպետք է լինեն, պարզ կերևա՝ իշխանությունը հստակ գնո՞ւմ է վստահության բարձրացմանը, թե՞ ոչ։

– ԸՕ-ի դեմ շարժում է, կարծես, ձևավորվում, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի, կմիանա՞ այդ շարժմանը։

– Ոչ, դեռ քննարկումների փուլն է լինելու, շարժումների մասին տեղյակ չեմ։ Կարծում եմ՝ պետք է աշխատել օրենսգիրքն իսկապես, եթե ոչ՝ կատարյալ, ապա համամասնականին հարիր լինի, և ոչ թե՝ հարցեր առաջացնի, այլ պատասխաններ տա։

– ՀՀԿ-ականներն ասում են, թե քննարկելի և փոփոխելի է նախագիծը, բայց Սահմանադրության օրինակով դիտարկենք, թե ընդդիմության առաջարկների որ մասն ընդունվեց, արդյոք հիմա իշխանություններն ընդառաջ կգնա՞ն քաղաքական ուժերին։

– Կարծում եմ՝ իշխանությունները կգնան որոշակի շտկումների և շատ չորով չեն մերժի ընդդիմության առաջարկները, բայց 1-2 առանցքային դրույթներ չեն փոխի, այդ թվում՝ ցուցակների հրապարակման հարցում։

– ԲՀԿ-ում ներքին խմորումներ են գնում, ի՞նչ է կատարվում։

– Որևէ բան չի կատարվում, «Բարգավաճը» անցավ մի փուլ, որ քննարկումների առանցքը ոչ թե իշխանության հետ համագործակցել-չհամագործակցելն էր, այլ առանցքը նոր իրողությունների պայմաններում, երբ կա նոր քաղաքական մեծամասնություն, դրանից բխում է նաև, թե ինչ ուղեգիծ է ԲՀԿ-ն ընտրելու՝ ավելի կո՞շտ շեշտադրումներով, թիրախավորված ձևակերպումներո՞վ, թե՞ ավելի մեղմ տոներով։

Մեր առանձին գործընկերների դիրքորոշումները, մասնավորապես՝ Վահան Բաբայանի, որ դուրս է գալիս կուսկացությունից, հարգում ենք, ինքն ունի իր տեսլականը, և դա նորմալ է։ Սա քաղաքական կուսակցություն է, հո զինվորական մաս չի՞։ Անձնական որևէ բան չկա։ Կա աշխատանքային բանավեճ, և դա քաղաքական գործիչների բանավեճ է, ոչ թե բիզնեսի կամ այլ։ Շատ հաճախ կարող է, նպատակները նույնը լինեն, բայց դրանց հասնելու պատկերացումները տարբեր լինեն։ Կյանքը ցույց կտա արդյունավետությունը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում պարոն Բաբայանի դիրքորոշմանը։ Անձամբ ես ԲՀԿ հիմնադիրներից մեկն եմ, և իմ տեսլականն այն է, որ մենք պետք է առաջ շարժվենք։

– Լուրեր կային, որ Դուք էլ կարող է դուրս գաք ԲՀԿ-ից։

– Ո՞վ է ասում, իհա՛րկե նման բան չկա։ Անցած տարի էլ ինչ-որ մարդիկ դուրս եկան ԲՀԿ-ից, ինձ էլ էին նման հարցադրումներ անում, և ես հայտարարել էի, որ դուրս կգամ, երբ ԲՀԿ-ն լուծարվի։ Միքայել Մելքումյանը ճանաչվել է ԲՀԿ-ի միջոցով, դուրս գամ՝ ի՞նչ անեմ։ Հակառակը, պետք է աշխատել և տարբեր հարցերի շուրջ մոտեցումներն իրար մոտեցնել։ Դա նորմալ երևույթ է։

– Հիմա ԲՀԿ-ի քաղաքական գիծը ո՞րն է լինելու։

– ԲՀԿ-ն գնում է 2017 թ.-ի ընտրություններ, կլինի ընդդիմադիր լուրջ կեցվածքով, բայց դա չի նշանակում՝ ռեժիմ, հեռացիր, այլ լինելու է ծրագրային դրույթներին համահունչ, անձամբ ես տնտեսական, սոցիալական հարցերում կոշտ քննադատության կենթարկեմ կառավարությանը։ Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունը չի կարողանում ռեֆորմներ իրականացնել, մարդկանց աղքատությունը չի կրճատվում, ճիշտ է, որոշակի կայունություն ունենք, բայց տեղ էլ չկա, որ աղքատությունը մեծանա։ Դրա համար, կարծում եմ, մարդկանց եկամուտները պետք է մեծացնել, թեկուզ մի քիչ էլ գնաճ լինի։

Մարդիկ պետք է արժանավայել ապրեն, որովհետև ոչ արժանավայել ապրուստ ունեցող քաղաքացին շատ բարդ հոգեբանություն ունի, ցանկացած տրամաբանական հարց չի ընկալում։ Կառավարությունն այսօր չի կարողանում ներդրումներ ապահովել, տրանսֆերտները քչանում են, ինչպե՞ս պետք է խնդիրները լուծեն։

– Այսինքն՝ իշխանության այդ անհաջողություններն առաջիկա ընտրություններում նրա դիրքերը կթուլացնե՞ն։

– Միանշանակ կթուլացնի, որովհետև հասարակությունը դժգոհ է։

– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չլինի՞։

– Եկեք հնարավորով չխոսենք, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, բայց կյանքը ցույց կտա՝ քաղաքացին իր դժգոհությունն արտահայտելուց, իր ձայնը տալուց հետո տեր կկանգնի՞ իր ձայնին։ Բայց քանի որ Հայաստանում հնարավորություն չկա փողոցից իշխանության գալու, միակ ձևն ընտրություններն են։ Ես հասկանում եմ, որ կառավարման մոդելի փոփոխությունը տարբեր ավանդույթների փոփոխություն կբերի, և այս ընտրությունը պետք է տարբերվի մյուս բոլոր ընտրություններից։ Սա նման է լինելու նախագահական ընտրություններին, երբ որոշվում է իշխանության ճակատագիրը։ 2017 թ. շուրջ պետք է հանրային կոնսենսուս լինի։

Տեսանյութեր

Լրահոս