«Այստեղ բոլորս ունենք ընդհանուր շահեր…». «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը կոչ է անում ԸՕ-ի մշակման շուրջ միասնական ճակատ ստեղծել

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման շուրջ միասնական ճակատ ձևավորել։ Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ

Ի՞նչ է դա իրենից ենթադրում, առաջիկայում ի՞նչ է անելու նախաձեռնությունը: Հնարավո՞ր է՝ նաև ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպեք:

– Մենք մեր համախոհների հետ միասին ձևավորել ենք «Ժողովրդավարության Ազգային պլատֆորմը», որի երկարաժամկետ նպատակների մեջ ներառվում է պայքարը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրությունների որակի բարձրացման համար: Այս փուլում մենք աշխատում ենք 2017թ. ընտրությունների ընթացքում վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացման վրա և այդ համատեքստում շատ ենք կարևորում նոր Ընտրական օրենսգրքում մեր առաջարկների ներառումը, որը, մեր կարծիքով, զգալիորեն կնվազեցնի իշխանության ընտրակեղծարարության հնարավորությունները: Այս առաջարկներն առավել արժեքավոր դարձնելու նպատակով մենք նաև դիմել ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք ներկայացված են խորհրդարանում, և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին՝ միասնական հայտարարություն ստանալու ակնկալիքով: Համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո մենք պատրաստվում ենք կազմակերպել համաժողով, որտեղ պետք է ֆիքսվի ամբողջ ընդդիմադիր և քաղաքացիական դաշտի միասնական դիրքորոշումն Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ: Դրանից հետո արդեն բոլորդ պետք է հետամուտ լինենք, որպեսզի մեր պահանջները տեղ գտնեն օրենսգրքում:

Հաշվի առնելով նախորդ փորձը՝ երբ սահմանադրական բարեփոխումների դեմ էիք պայքարում ու հաջողության չհասաք, ի՞նչ եք անելու հիմա, որպեսզի ձեր առաջարկներն անցնեն:

– Քաղաքականությունը շատ ավելին է, քան օրվա իրավիճակային հանգուցալուծումները: Քաղաքականությունը մարդկանց քո գաղափարները ներկայացնելն է, դրանց շուրջ համախմբելը, նոր գիտակցության ձևավորումը: Այս առումով ես համոզված եմ մեր հաղթանակում, որովհետև մեզ հաջողվեց ամբողջ հանրությանը համախմբել մեր գաղափարների շուրջ և ապահովել միասնական մերժողական դիրքորոշում իշխանությունների առաջարկած ծրագրի դեմ: Այո, նրանք կեղծեցին հանրաքվեն, պաշտոնապես հռչակեցին նոր Սահմանադրությունը և մեզ բոլորիս ստիպեցին նոր խաղի կանոններ, որի շրջանակում էլ երկիրը գնում է 2017թ. ընտրություններին: Բայց մենք պետք է գիտակցենք, որ այդ ընտրություններին գնում ենք ոչ միայն՝ իշխանությունների կեղծած սահմանադրությամբ, այլ նախևառաջ՝ քաղաքական հասունության և քաղաքացիական ինքնագիտակցության այսպիսի բարձր մակարդակ ցուցաբերած հանրության հետ, և ես նկատի ունեմ ոչ միայն համատարած «ՈՉ» քվեարկությունը, այլև այն հարյուրավոր քաղաքացիներին, որոնք տեղամասերում շուրջօրյա կռիվ տվեցին վարչախմբի կեղծարար խմբակների դեմ և ապահովեցին մարդկանց կամարտահայտության իրավունքը: Հիմա 2017թ. ընտրություններին ընդառաջ՝ մեր խնդիրը կայանում է այդպիսի քաղաքացիների թիմերի ստեղծումը, որոնք ամբողջ հանրապետությունում, բոլոր 2000 տեղամասերում կապահովեն այդ իրավունքի իրացումը:

– Ո՞ր քաղաքական ուժերի, նախաձեռնությունների կամ հ/կ-ների հետ արդեն կան հստակ պայմանավորվածություններ քննարկումներ անցկացնելու և միասին օրենսգիրքը մշակելու շուրջ:

– Մենք փետրվարի 18-ին կազմակերպել ենք մեր առաջին ֆորումն այս թեմայով, ֆորումին մասնակցել են ՀԱԿ, «Ազատություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, այն հայտնի հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելության ընթացքում: Մենք ողջունում ենք նրանց մոտեցումները և պատրաստ ենք բոլորի հետ աշխատել: Ինչպես արդեն ասացի՝ հրավերն ուղարկված է բոլոր խորհրդարանական ուժերին և հիմնական հ/կ-ներին, վերջնական համաձայնությունները ստանալուց հետո կհրապարակենք ցանկը:

Ո՞ր ուժերի հետ եք բացառում համագործակցությունը:

– Մենք մեր պոտենցիալ գործընկերներն ենք համարում ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերին և այս խնդրով մտահոգ բոլոր հասարակական կառույցներին, իսկ իշխանությանը մաս կազմող ուժերն էլ մեր պահանջի հասցեատերերն են, որոնց հետ ևս պատրաստ ենք քննարկել այս հարցը: Բացառելու խնդիր չեմ տեսնում:

ՀԱԿ-ն առաջարկում է ստեղծել միասնական առաջարկությունների պլատֆորմ: Ինչո՞վ են իրար հակասում այս երկու նախաձեռնությունները: ՀԱԿի ո՞ր առաջարկների հետ համաձայն չեք, որ առանձին ճակատ եք ստեղծում:

– Այն խնդիրները, որոնք կարևորել և առանձնացրել ենք մենք և Կոնգրեսը՝ ընտրացուցակների մաքրումը, ստորագրված մատյանների հրապարակումը, տեսախցիկների տեղադրումը տեղամասերում և մատների թանաքոտման համակարգի ներդրումը, նույնն են, հետևաբար՝ ոչինչ չի խանգարում միասնական պլատֆորմի ստեղծման գործում: Այստեղ գործ ունենք ոչ թե՝ հակասությունների, այլ՝ միմյանց լրացնելու հետ: Մենք հիմա ակտիվ հաղորդակցության մեջ ենք ինչպես՝ Կոնգրեսի, այնպես էլ՝ մյուս ուժերի հետ: Կարծում եմ՝ այստեղ բոլորս ունենք ընդհանուր շահեր, ընտրությունների օրինական ընթացքը բոլորի շահերից է բխում՝ թե՛ քաղաքացիների, թե՛ քաղաքական ուժերի, և սա հենց այն տեղն է, որտեղ պետք է համատեղենք մեր ջանքերը՝ միասնական արդյունքի հասնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս