«Իմ ուսման վարձը երեք անգամ գերազանցում է անգլիացի կուրսընկերներիս ուսման վարձավճարին»
«168 Ժամը» շարունակում է «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ ուսանողներին: Այսօր ներկայացնում ենք Մանչեսթերի համալսարանում սովորող Լիլիթ Պետրոսյանի պատմությունը:
Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու ընթացքում իրեն ու իր մի քանի ընկերներին անընդհատ անհագստացնում էր ուսանողական միջավայրը, որում գտնվում էին.
«Որպես կրթական այլընտրանքային մի տեղ՝ ընտրեցի Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Այստեղ իմ կյանքում կարևորագույն մի քանի մարդկանց օգնությամբ կրթության մասին պատկերացումներս փոխվեցին: Ամեն անգամ դասախոսությունների ընթացքում որոշակի անհասանելիության զգացում էր առաջանում անգլոամերիկյան արվեստագետների, արվեստի գործերի և տեսաբանների հանդեպ: Առաջին անգամ հասկացա, որ հայ լինելն ունի թարգմանության խնդիր. ուրիշի հետ հանդիպելու և խոսելու կարիք»:
Լիլիթն ընդունվում է Մանչեսթերի համալսարան՝ արվեստի պատմության ֆակուլտետ. «Ուսանողական առօրյան այստեղ հագեցած է այնքանով, որքանով կարող է հագեցած լինել աշխարհի որևէ այլ համալսարանում: Այսինքն՝ լայն իմաստով, այս համալսարանը, ինչպես այսօր աշխարհում գործող ցանկացած առաջատար համալսարան, գիտելիքը բրենդավորող կենտրոն է, որտեղ ուսանողների համար գործող տարբեր ակումբներն ու կազմակերպվող լրացուցիչ դասընթացներն ավելի շատ ունեն զվարճացնող (entertaining) բնույթ, քան վերլուծական»:
Լիլիթը նշում է, որ իր առօրյան հագեցած է, որովհետև դասերին զուգահեռ՝ աշխատում է ռեստորանում՝ որպես մատուցող, և «Ուիթորթ» պատկերասրահում՝ որպես ուսանողական պատվիրակ` տան վարձը և մնացած ծախսերը հոգալու համար. «Հայաստանից դուրս սովորելն ինձ առաջին հերթին՝ ստիպել է հասկանալ բազմազանություն ասվածը. տարբեր մաշկի գույն, տարբեր ազգություն, տարբեր սեռային կողմնորոշում: Թվում է, թե բոլորի համար կան անհրաժեշտ պայմաններ: Բայց թե որքանով է հնարավոր լինել տարբեր և հավասար, կարծում եմ՝ մի հարց է, որի հետ հենց այսօր Անգլիայում առերեսվում եմ: Օրինակ, որպես միջազգային ուսանող՝ իմ ուսման վարձը երեք անգամ գերազանցում է անգլիացի կուրսընկերներիս ուսման վարձավճարին»:
Նա ասում է, որ դասախոսների մեծ մասը նեղ-մասնագիտացված են, և երբեմն մեկ առարկայի շրջանակներում կարող են հանդիպել տասնյակ դասախոսների. «Սա օտարվածություն է առաջացնում և գրեթե բացառում միջանձնային հաղորդակցությունն ուսանողի և դասախոսի միջև, չնայած ֆորմալ առումով այն տեղի է ունենում»:
Լիլիթն ընդգծում է՝ Հայաստանից դուրս սովորելը հնարավորություն է տվել իրեն հանդիպել ուրիշներին, և բոլորի հետ հաղորդակցությունն իրականանում է մի լեզվով, որը հայերենը չէ. «Իմ կուրսում մեծամասնությունը հենց անգլիացի ուսանողներ են, և, բնականաբար, իմ և իրենց տարբերությունները երկկողմանիորեն նկատելի են: Երկրորդ կուրսում առարկաներից մեկի շրջանակում, համալսարանի ֆինանսավորմամբ մի խումբ ուսանողների հնարավորություն տրվեց մեկ շաբաթով լինել Փարիզում՝ այցելելու արվեստային կենտրոններ՝ Լուվր, Պոմպիդու, Պիկասոյի թանգարան, Կորբյուզեի շենքեր, և այլն:
Երբ Լուվրում մտանք այն սրահը, որտեղ Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզայի դիմանկարն է, մարդկանց երկար հերթը հուշում էր, որ այն մոտիկից տեսնելու հնարավորություն չի լինելու: Անգլիացի կուրսընկերներիցս մեկը նայեց ինձ ու ասաց. «Մարդիկ այնպես են հարձակվել այս գործի վրա, կարծես վերջին անգամ են Լուվրում», ու ես հիշեցի, որ Հայաստանում տարբեր ֆիլմեր նայելուց հետո ընկերներիս հետ երազել էի մի օր լինել Լուվրում ու հենց այդ պահին Լուվրում կանգնած երազում էի՝ մի օր ընկերներիս հետ լինել Լուվրում: Ըստ էության, երազում էի, որ դա չլիներ իմ վերջին այցելությունը Լուվր»:
Հետաքրքրվեցինք, թե մասնագիտական առումով ի՞նչ առանձնահատկություններ կան Մանչեսթերի համալսարանում.
«Կնշեմ, թերևս, մասնագիտական համեստությունը: Հիշում եմ` առաջին կուրսում հոգեվերլուծաբան Ժակ Լականի վերաբերյալ հանրային դասախոսություն էր, ու լսարանում հիմնականում համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող դասախոսներ և ասպիրանտուրայի ուսանողներ էին: Ես որոշակի նախնական ինֆորմացիա ունեի Լականի հիմնական դրույթների վերաբերյալ: Հարցուպատասխանի ժամանակ մի հարց էլ ես տվեցի՝ փորձելով խնդրականացնել դասախոսի փաստարկը: Նա այնքան քաղաքավարությամբ պատասխանեց իմ ասածին, լսարանից ինձ հաղթած զգալով էի դուրս գալիս:
Հետո գնացի գրադարան ու պարզեցի, որ բանախոսն իրականում Լականի աշակերտներից մեկն է, ով նրա դասախոսությունների վերաբերյալ երկհատորյակ է հրապարակել: Անընդհատ առիթ եմ ունենում առերեսելու սեփական գավառականությունս՝ ի հակադրություն համեստության: Բոլորովին չեմ ասում, թե Լականի աշակերտին չի կարելի քննադատաբար վերաբերվել, բայց այդ անելու համար այստեղից-այնտեղից լսած կամ կարդացած հատվածները բավարար չեն: Կարծում եմ՝ սա ոչ միայն իմ անձնական հատկանիշներից եկող խնդիր է, այլ բավական լավ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում Հայաստանում՝քննադատական մտքով խոսակցություն ծավալելու առումով»:
Մեր հարցին՝ ի՞նչ տարբերություններ կան հայկական ու անգլիական բուհական համակարգում, Լիլիթը պատասխանեց. «Տարբերությունն այն է, որ այստեղ որոշումներն ու կանոնադրությունները համակարգային են, որոնց ձևակերպման մեջ ամեն մեկն իր ֆորմալ մասնակցությունն է ունեցել: Հայաստանում համակարգերն անձնական բնույթ ունեն, և մեկ ռեկտորի կամ դեկանի փոփոխությունից ամբողջ կրթական ծրագիրը կարող է փոխվել: Այստեղ համակարգային խզումներ չեն կարող լինել, որովհետև պետականորեն արխիվացվում և պատմականացվում են կոլեկտիվ հիշողություններն ու քննադատական միտքը, իսկ Հայաստանում պետականորեն քանդում են կոլեկտիվ հիշողություններն ու անում հնարավոր ամեն բան՝ պատմությունը հրամցնելու՝ որպես ընդամենը մի պատում:
Հակված չեմ կարծելու, թե բրիտանական կրթական համակարգը մոտ է կատարյալ լինելուն, բայց առնվազն այստեղ համալսարանի ադմինիստրացիան գործում է ու անշրջանցելի է և՛ ուսանողի, և՛ դասախոսի, և՛ սևամորթի, և՛ սպիտակամորթի, և՛ բրիտանացու, և՛ եվրոպացու, և՛ միջազգային ուսանողի համար: Իհարկե, սա չի նշանակում, թե, օրինակ, ես և որևէ բրիտանացի ուսանող ունենք նույն հնարավորությունները, բայց ունենք հավասար իրավունքներ, և եթե բրիտանացիների հետ համեմատության մեջ իմ հնարավորությունները սահմանափակ են, դա չի վերաբերում իմ անձին, այլ իմ` միջազգային ուսանող լինելու կարգավիճակին»:
Խոսելով ապագա պլաններից, մեր զրուցակիցը նշեց, որ դեռ երկրորդ կուրսում է ու մեկ տարի էլ ունի սովորելու, և, հավանաբար, ավարտելուց հետո նորից կփորձի շարունակել ուսումը.
«Ես չեմ հավատում, թե ընդամենը որևէ առաջատար համալսարանում կրթություն ստանալով՝ հնարավոր է ստեղծել ավելի լավ աշխարհ. երբեմն հենց հակառակն է լինում: Ինձ համար կարևոր է, թե ի՞նչ կարող եմ անել ստացածս կրթության և ունեցածս փորձառության հետ: Լավագույն դեպքում կարող եմ փորձել հաջողակ լինել և անել ամեն ինչ՝ որոշակի սոցիալական դիրք և մասնագիտական ճանաչում ունենալու համար (երկուսն էլ արդարացիորեն կարևոր են): Բայց կարծում եմ՝ այս դեպքում գիտելիքի կարևորագույն առանձնահատկությունը՝ անորոշությունը, ջնջվում է: Ինձ համար կարևոր է սպասելը, որը հնարավորություն է տալիս, որ թարգմանություն տեղի ունենա: Թարգմանելիս ոչ թե ընտրում ես լավագույն տարբերակը, այլ այն տարբերակը, որը հաշվի է առնում քո և ուրիշի միջև հարաբերության հենց այդ պահը, իսկ այդ պահը հաշվի առնելու համար ստիպված ես լինում անդադար աշխատել և կարողանալ սպասել»: