Ժողովրդավարության գաղտնիքը. պարտվում է հաղթողը

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ

– Ի՞նչ դիտարկումներ ունեք Ընտրական օրենսգրքի նոր նախագծի մասին։

– Դեռ մանրամասն չեմ ուսումնասիրել, քանի որ հետևելով կառավարության նիստի քննարկմանը, լսեցի, որ պարզվում է, որ այն տեքստը, որ ուղարկվել է Վենետիկ, և այն տեքստը, որ գործադիրը հավանության արժանացրեց, տարբեր են։ Բայց չունեմ ոչ մի վստահություն, որ այն տեքստը, որ ի վերջո կգա Ազգային ժողով՝ որպես նախագիծ, կլինի վերջնականը։ Դրա համար, երբ պատգամավորներին կբաժանեն վերջնական տեքստը, այն ժամանակ կուսումնասիրեմ։

Ընդհանրապես շատ հարցեր արհեստական են ներմուծվում նման փաստաթղթերի մեջ, որոնց հանդեպ հանրությունը պայքարում է, բողոքում, առաջարկներ է անում, որոնք բոլորն ընդունվում են, իսկ այն բոլոր գլխավոր մանրուքները, որոնց մեջ են սատանաները թաքնված, այդպես էլ չեն նկատվում և մնում են փաստաթղթում։ Ես այլ տեսանկյունից կնայեի, մենք պետք է փորձենք այնպես քննարկել, թե ներդրվող մեխանիզմներն ինչքանո՞վ են նպաստելու ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, արդյոք մենք կունենա՞նք այն վերահսկողության մեխանիզմները, որոնց հիման վրա կարող ենք ասել, որ, այո՛, արդյունքը համապատասխանում է իրականությանը։

Քաղաքական տեսանկյունից ելնելով՝ այն ռեյտինգային համակարգը, որ ասում են՝ մրցունակության խնդիր կա, և այլն, դրանք պետք է ուսումնասիրել և հասկանալ, որ ցանկացած մի տեղ, երբ խոսքը գնում է համամասնական և ռեյտինգային համակարգերի մասին, մեծ կուսակցություններն ի սկզբանե ունենում են դրական մեկնարկ իրենց նախընտրական պայքարի ժամանակ։ Հիմա պետք է նայել՝ արդյոք մնացած բոլոր պայմաններում այսպիսի հավասար իրավիճա՞կ է ձևավորվելու, որ բոլոր կուսակցությունները կարողանան հավասար պայքարել։

– ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետևանքով արդյո՞ք հաջորդ խորհրդարանում մեծամասնությունը չի կանխորոշվել, և արդյոք մնացած կուսակցությունները չե՞ն հայտնվել լուսանցքում։

– Կամ մենք հավատում ենք ընտրական գործընթացին և ասում ենք, որ ընտրում է հանրությունը, և, եթե ասում ենք, որ ընտրությունները կախված են մարդկանց նախասիրություններից, և ունենք մեխանիզմներ, որ վերահսկողական իմաստով ապահովում են վստահություն արդյունքների հանդեպ, դրանից հետո բողոքելը, թե ով մեծամասնություն ստացավ, անիմաստ է։ Դա լինելու է հանրության ընտրությունը։ Հիմա ես որտեղի՞ց իմանամ, թե ինչ են ընտրելու մեր քաղաքացիները։ Պետք է ծրագրերով պայքարել, պատրաստ լինել պայքարի։

Այսինքն՝ կամ մենք հավատում ենք արժեքներին և օրենքներին, կամ չենք հավատում։ Այսօրվա դրությամբ հասկանալի է, որ ցանկացած օրենքի նախագիծ, որը բերվելու է իշխող կուսակցության կողմից, փորձելու է սկզբնական այնպիսի պայմաններ ձևավորել, որ իրենք կարողանան ավելիին հասնել, քան մնացածները։ Այդ խնդիրը կա, բայց, ի վերջո, մի բան պետք է հասկանանք, որ, եթե ունենք վստահություն ընտրական համակարգի հանդեպ և ունենում ենք օրենք, որտեղ բոլոր մեխանիզմները գրված են, դրանից հետո բողոքենք, թե ինչու հանրությունն այդպիսի ընտրություն կատարեց, երևի սխալ է։ Ժողովրդավարության գաղտնիքը հենց դրա մեջ է, որ մարդիկ նախապատրաստում են օրենքներ իրենց համար, բայց ունենում են պարտություններ։ Վրաստանն ու Հունաստանը դրա վառ օրինակներն են, որ ոչ մեկը չէր հավատում, բայց ստացվեց հակառակը, նույնիսկ ԱՄՆ-ում այսօր կատարվողը, որ հայտարարում են՝ Թրամփին չի կարելի դառնալ նախագահ, բայց Թրամփը դրանից միայն ավելի է շահում։

Գլխավորը՝ վստահության մեխանիզմներն ունենանք, որ արդյունքների հանդեպ խնդիր չունենք։ Եթե կարողանանք այդ մեխանիզմներն ապահովել, ապա բողոքել ընտրությունների արդյունքներից՝ սխալ է լինելու։ Բայց եթե չունենք այդ վստահության մեխանիզմները, այդտեղ խնդիր է գալիս, թե ինչու են վախենում այդ մեխանիզմները ներդնելուց և մաքուր ընտրություններ անցկացնելուց։

– Խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ կառավարությունում պաշտոնյաների այս ակտիվ փոփոխություններն ինչո՞վ եք պայմանավորում, ի՞նչ է նշանակում սա։

– Ինձ թվում է՝ այդտեղ շատ խնդիրներ կան, այնպես չէ, որ միայն պատրաստում են թիմային խաղի խնդիրները, այլ իսկապես այս երկրում տնտեսությունն այնպիսի վատ վիճակում է, որ պետք է ինչ-որ խնդիրներ լուծեն։ Պետական ապարատը չի աշխատում, որևէ հին մեխանիզմ, համակարգ չի կարողանում տեղում դրական արդյունք ցուցաբերի։

Այնպես որ, սա ունի մի քանի նպատակներ, առաջինը՝ վստահ եմ, որ բոլոր տեղաշարժերը միտված են նրան, որ ՀՀԿ-ն փորձում է իր դիրքերն ամրապնդել, և կուսակցություն ներսում տեղի է ունենում ներկուսակցական պայքար, որը բնական է, այդ թվում՝ սերնդափոխության խնդիր կա, մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ 2017 թ.-ին պետք է զեկուցեն, որ ինչ-որ մի դրական բան արել են։ Եթե չունենան դրական արդյունք, ի՞նչ են զեկուցելու։ Միգուցե դրան է միտված նաև, որ ասում են՝ այլևս չեն լինելու արտոնյալներ։ Զարմանալի է, բայց միգուցե պետք է բոլորս հասկանանք, որ մարդկանց մոտ եկել է գիտակցում, որ այլևս հնարավոր չէ նույն ձևերով ապրել, որովհետև տնտեսությունը ոչ մի ձևով չի օժանդակում զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս