Ունենք «քողարկված» մեծամասնական ընտրական օրենսգիրք. Մանե Թանդիլյան

«Գործող իշխանական կուսակցությունը մաքսիմալ փորձել է ներկայացնել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որտեղ ինքը հնարավորինս ուժեղ է համարում իրեն, իսկ իշխանությունները շահել են հիմնականում մեծամասնական ընտրության միջոցով:Մենք գիտենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների մեծ մասում այսօր գործում են հանրապետական ղեկավարներ և ավագանիներ, որոնք  իրենց տրամադրության տակ գտնվող ամբողջ ռեսուրսն օգտագործելու են մարդկանց վրա ճնշում գործադրելու համար: Դրան ավելանում է նաև արհեստական մրցակցությունը տեղական հեղինակությունների մեջ՝ տեղերի համար, որոնք մի կողմից ավելացնելու են իշխող կուսակցության ձայները՝ իրենց հետևից ամրագրված ցուցակով, մյուս կողմից՝ պայքարելու են առաջատար լինելու համար, և այստեղ էլ որևէ բանի առջև չեն կանգնելու: Սա նշանակում է, որ մարզերի բնակիչները, տեղական հեղինակություններից ում էլ ընտրեն, վերջին հաշվով ձայները գնալու են իշխող կուսակցությանը, եթե ընդդիմության թեկնածուն չկարողացավ արժանի հակահարված տալ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունը մինչ օրս ՏԻՄ ընտրությունների չի մասնակցել, և բավականաչափ ռեսուրս չունի տեղերում, որի արդյունքում շատ դժվար է լինելու այսօր դա անելը: Այսպիսով, Մ. Թանդիլյանի կարծիքով, ունենք «քողարկված» մեծամասնական ԸՕ, որն իրականում ավելի վտանգավոր է,  քան հին մեծամասնական ընտրակարգը:

Ընտրատարածքների թվի կրճատումը 41-ից մինչև 13, Մ. Թանդիլյանի խոսքով, ունենալու է այն հետևանքը, որ ընդդիմության առանց այդ էլ սուղ ռեսուրսները վերջնական պատկերի վրա արդյունք ավելի դժվար կգրանցեն, քան թե համեմատաբար փոքր ընտրատարածքների դեպքում, որտեղ քարոզարշավ անցկացնելը թե´ ֆինանսապես, թե´ մարդկային ռեսուրսով համեմատաբար ավելի դյուրին էր: Նա նշեց, որ այստեղ նույնպես, ամբողջ ռեսուրսը տարիների ընթացքում իրենց ձեռքում կենտրոնացրած լինելու հետևանքով, իշխանությունները ավելի շատ ռեսուրս կարող են տրամադրել, ապահովելով մասշտաբային արդյունք. «Կարծում եմ, որ կայուն մեծամասնության խնդիրն արդեն այսօր լուծել է ՀՀԿ-ն՝ ՀՅԴի հետ համագործակցության փաստով, և 2-րդ փուլ դժվար թե լինի, ինչը նշանակում է ԱԺ-ն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 101 պատգամավորից»:

Նույն ընտրատեղամասում դիտորդների և ԶԼՄ-ների թվի սահմանափակման վերաբերյալ (մինչև 8),Մ. Թանդիլյանի խոսքով, որևէ բացատրություն ընդունելի չէ. «Սա շատ վտանգավոր դրույթ է: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Հակառակը, թափանցիկություն ապահովելու համար պետք է դիտորդական հնարավորությունից օգտվեն հնարավորինս շատ կառույցների անդամներ, քաղաքացիներ, որոնք շահագրգռված են թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում: Ինչ վերաբերվում է ԶԼՄ-ներին, սա զուտ մամուլի ազատ գործունեության սահմանափակում է, ինչն անընդունելի իրեն ժողովրդավարական հռչակած պետության համար»:

Տեսանյութեր

Լրահոս