«Վայ-վույ» անողները, բնականաբար, չասացին՝ «կներեք, սխալվել ենք». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը վերջերս ասել է, որ պետք չէ պարտադիր նպատակ դնել՝ հոսանքին դեմ գնալու, անհրաժեշտ է պարզապես գնալ այն ուղղությամբ, որը ճիշտ ես համարում: Բիզնեսմենն իրավացի է, միայն թե հաճախ է ստացվում, որ քո ընտրած ուղղությունը հոսանքին դեմ է: Բերեմ պարզ օրինակ:
Վերջերս ինչ-որ «հավաստի աղբյուրներ» պարզել են, որ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն իր կտակում գրել է՝ իբր իր միլիոնների մի մասը տան Հայաստանին, բայց շրջանցեն Հայաստանի իշխանություններին: Եթե ես գնայի հոսանքին «համընթաց», ես էլ կասեի՝ վայ-վույ, եւս մի ապտակ, ճշմարիտ գնահատական եւ այլն: Բայց ես գիտեմ, որ ոչ մի սոլիդ արեւմտյան գործարար նման բան իր կտակում չէր գրի: Եվ օրերս մեր գործընկեր Հարութ Սասունյանը, որն իսկապես հավաստի աղբյուր է, հաստատեց իմ այդ համոզմունքը: «Վայ-վույ» անողները, բնականաբար, չասացին՝ «կներեք, սխալվել ենք»:
«Հոսանքին համապատասխանելու» համար անհրաժեշտ է անել միայն մեկ բան՝ առանց երկար մտածելու, առանց հասկանալու եւ խորանալու մի պիտակ կպցնել որեւէ մարդու կամ երեւույթի՝ պիտակ, որը պարտադրում է մեր դաստիարակությունը կամ գուցե ինչ-որ «հեղինակություններ», եւ հետո արհամարհել բոլոր այն փաստերն ու դատողությունները, որոնք կարող են հակասության մեջ մտնել այն կարծրատիպի հետ:
Գորբաչովի 85-ամյա՞կն է՝ քանդեց Սովետը «ցեռեու»-ի հրահանգով: Լեւո՞ն՝ Առաջին, Հիմնադիր, հաղթանակներ, ժողովրդավարության կղզյակ: Կամ հակառակը՝ երկիր քանդող, բռնապետ, «ցրտի-մթի» հեղինակ: Պուտի՞ն՝ կայսերական հավակնություններով խելագար: Կամ հակառակը՝ Ռուսաստանը վերածնած հերոս, բարին մարմնավորող միակ համաշխարհային առաջնորդը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: