ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:
«Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով նախորդ տարում խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել:
Ընդգծելով, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես հաշվի առնելով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից ավելի վաղ սկսվելու հանգամանքը, նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև ապրիլի 1-ն ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի փետրվար ամսին Հնդկաստան կատարած այցի արդյունքները: Խորհրդակցության մասնակիցներին տրամադրվել են հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած հնդկական ընկերությունների կոնտակտները` գործարար կապեր հաստատելու և հայկական կոնյակն ու գինին Հնդկաստանի շուկա արտահանելու հնարավորությունների շուրջ բանակցություններ սկսելու նպատակով:
Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում որոշ հնդկական ընկերություններ նախատեսում են այցելել Հայաստան, և նախարարությունը նաև կնախաձեռնի հայկական ընկերությունների հետ գործարար հանդիպումների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խաղողագործության և գինեգործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին