«Հայաստանը կանգնած է նոր «երկաթե վարագույրի» հետևում մնալու սպառնալիքի առջև». Ռուբեն Մեհրաբյան

«Հայաստանի վրա եռակի զսպաշապիկ է հագցրած»,- այս մասին այսօր կայացած «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» գագաթաժողովի ընթացքում ասաց ՔՄՈւՀԿ և ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ներկայացնելով  «Անվտանգության նոր ճարատարապետություն Հարավային Կովկասի համար. հայացք Հայաստանից» թեման:

Մեհրաբյանն ասաց, որ Հարավային Կովկասի անվտանգության հարցը ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում, մեծ հաշվով, մնացել է բաց: Ավելին, ըստ նրա՝ ԽՍՀՄ-ի փլուզմամբ անկախացած երկրներն իրենց բնականոն զարգացման ուղուց շեղված են, մնում են կաղապարված սառեցված հակամարտություններով, պետական ինստիտուտների անկատարությամբ, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ՝ ավել կամ պակաս չլուծված հիմնախնդիրներով:

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի բնորոշմամբ, որը նա բարձրաձայնել է Երևանում իր այցի ժամանակ 2012-ի սեպտեմբերին, Հարավային Կովկասի պես ֆրագմենտացված տարածաշրջան դժվար է գտնել գլոբուսի վրա, մինչդեռ այն ունի ահռելի պոտենցիալ, որը, ցավոք, մնում է չօգտագործված: Գոնե ինձ համար միանշանակ է, որ դրա պատճառը խաղաղության և անվտանգության բացակայությունն է: Միանշանակ է նաև, որ Հարավային Կովկասը, նույն ինքը՝ Հարավ-Արևելյան Եվրոպան, դրանով իսկ բոլոր առումներով լինելով Եվրաատլանտյան տարածքի անբաժանելի մասը, իր խաղաղությունն ու անվտանգությունը նվաճելու համար անհրաժեշտ ռեսուրսը և երաշխիքը կարող է ձեռք բերել՝ էապես սերտացնելով կապերը, այնուհետև՝ լիովին ինտեգրվելով ՆԱՏՕ-ի դաշինքին: Մի դաշինք, որն աննախադեպ է իր հուսալիությամբ և հաջողությամբ մարդկության պատմության ողջ ընթացքում: Ես նորություն չեմ ասում, պարզապես 28 երկրների վերջին տասնամյակների քաղաքականության ընթացքը և տրամաբանությունն ապացուցում են հենց դա: Այլ է հարցը, թե ինչպես հասնել դրան, և ինչ գին է պետք վճարել դրան հասնելու համար»,- նշեց Մեհրաբյանը:

Նա խոսեց մի շարք իրադարձությունների և գործոնների մասին, որոնք, ուղղակի և անուղղակի, լրջագույն սպառնալիք են հետխորհրդային երկրների, տարածաշրջանի և հատկապես՝ Հայաստանի համար: Նրա համոզմամբ, խիստ դրական գործոն է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, սակայն տարածաշրջանում և Հայաստանում մինչ այդ տեղի ունեցածը վեր է հանում այն իրողությունը, որ, փաստորեն, մենք չենք կարողանում օգտվել բացվող հնարավորություններից:

«Հայաստանի վրա հագցրած է եռակի զսպաշապիկ, որոնք են. ՀԱՊԿ-ն, ԵՏՄ-ն և ռուսական պետական ընկերությունների՝ կասկածելի պայմանագրերով օրինականացված մենաշնորհները երկրում: Այդ զսպաշապիկները, փաստորեն, թույլ չեն տալիս դիվերսիֆիկացնելու ո՛չ բուն անվտանգությունը, ո՛չ էներգետիկ քաղաքականությունը, ո՛չ տնտեսական, ո՛չ արտաքին քաղաքական կապերի համակարգը: Ավելին, այսօր Հայաստանը կանգնած է նոր «երկաթե վարագույրի» հետևում մնալու սպառնալիքի առջև: Այս ամենը, անշուշտ, իրենից ներկայացնում է ուղղակի սպառնալիք մեր պետականությանը, զարգացմանն ու մեր ապագային: Փաստացի, Հայաստանի ինքնիշխանությունն այսօր սահմանափակված է մեկ պետության կողմից, և այդ պետությունը Ռուսաստանն է: Ավելին, Ռուսաստանը ենթարկվում է պատժամիջոցների՝ ի պատասխան իր իսկ վարած ագրեսիվ քաղաքականության: Հայաստանը մտնում է այդ նույն բեռի տակ միայն նրա համար, որ չպատժվի այնպես, ինչպես, ասենք, Ուկրաինան և Վրաստանը: Իսկ Հայաստանի համար պատժվելու այդ սպառնալիքն ուղղակի էքզիստենցիալ աստիճանի է»,- նման տեսակետ հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ այսօր տարածաշրջանում առկա է անվտանգության դեֆիցիտ և ապակայունացման մեծ ներուժ, ուստի ՆԱՏՕ-ի գործոնը տարածաշրջանի կայունացման գործում չափազանց կարևոր է:

Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Արևելյան գործընկերության ամենագլխավոր բացն անվտանգության հարցն էր, և այն այդպես էլ մնաց չլուծված: «Լեհաստանի ԱԳ նախարար Վաշչիկովսկին ազդարարեց, որ Արևելյան գործընկերության քաղաքականությունն ավարտվեց աղետով: Սա ուղղակի մեջբերում է: Պետք է ավելացնել, որ այդ աղետը տեղի ունեցավ հե՛նց անվտանգության մարտահրավերները հաղթահարված չլինելու պատճառով, երբ Ռուսաստանի գործոնի՝ ուղղակի սխալ գնահատականի բերումով, անվտանգության հարցերը մնացին ուշադրությունից դուրս: Սպառնալիքը չընկալվեց՝ որպես այդպիսին: Ցավոք, պետք է փաստենք, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի մասին պատկերացումները ռուսական պրոպագանդայի և մանիպուլյացիաների արդյունքում ձևախեղված են զգալի չափով: Եվ ուղղակիորեն կարիքը կա այս իրավիճակը փոփոխելու:

Իհարկե, ողջունելի է, որ պաշտոնական մակարդակում կա համագործակցություն ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև: Սակայն, ներկայիս մարտահրավերների և իրական սպառնալիքների մակարդակի համար այն բավարար չէ: Անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի՝ էապե՛ս ավելի մեծ ներկայություն տարածաշրջանում, ներկայություն լրատվական դաշտում, հանրային և քաղաքական դիսկուրսներում:

Նման միջոցառումները, իմ համոզմամբ, պետք է կրեն պարբերական բնույթ, երկխոսությունը և կարծիքների փոխանակումը՝ մշտական: Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրում այլևս անհրաժեշտություն է ինֆորմացիոն կենտրոնների բացումը»,- մեկնաբանեց փորձագետը` շարունակելով, որ ոչ մի երաշխիք չկա, ավելին, գնալով մեծանում է հավանականությունը, որ Ռուսաստանը մի օր կանի այն, ինչ վերջին հարյուր տարվա ընթացքում արել է արդեն երկու անգամ. դուրս է եկել տարածաշրջանից՝ թողնելով այն անվտանգության վակուումի և հակամարտությունների անդունդի մեջ: Նրա համոզմամբ՝ արդեն այսօր է պետք պատկերացումներում դուրս գալ հետխորհրդային պարադիգմայից և մտածել հետռուսական ժամանակաշրջանի մասին, փաստի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ է, որ անվտանգության հարցերի, մոդելների, ճարտարապետության հետ կապված հարցերի պատասխանները պատրաստ լինեն վաղօրոք:

 

Տեսանյութեր

Լրահոս