Մանկական դիաբետի խնդիրները` ուշադրության կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» համաժողովի օրակարգում ընդգրկվել էր նաև «Մանկական դիաբետի խնդիրները և լուծման ուղիները» հարցը` հաշվի առնելով, որ երեխաների առողջության պահպանումը մեր երկրում գերկայություն է, իսկ շաքարային դիաբետի տարածվածությունը ոչ վարակիչ հիվանդությունների շարքում առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում։
Ռուսաստանի Դաշնության էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նատալյա Վոլևոձը, որ հատուկ հրավիրվել էր համաժողովի այս նիստում ելույթ ունենալու համար, ներկայացրեց մանկական դիաբետի վիճակն աշխարհում և ՌԴ-ում։ Նա հանգամանալից անդրադարձավ իրենց երկրում դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության կազմակերպման առանձնահատկություններին։ Նատալյա Վոլևոձը մասնավորապես նշեց, որ ՌԴ-ում դիաբետով հիվանդ երեխաների 98 տոկոսը ստանում է ինսուլինային անալոգներ և 26 տոկոսը` ապահովվում ինսուլինային պոմպերով։ Բուժօգնության ամբողջ ծավալն իրականականացվում է անվճար, որում լուրջ մասնակցություն ունեն տարածքային մարմինները։
ՀՀ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրեց Հայաստանում «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումները։ Նա անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրին, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները: Նա նշեց, որ ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում նախարարությունը 2015թ.-ից երեխաների համար ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության, առողջ մարդու օրգանիզմում արտադրվող ինսուլինի ֆիզիոլոգիական արտադրությանն առավելագույնս նմանակելու շնորհիվ լայնորեն կիրառվում են աշխարհում: Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ` կանխարգելելով խորը հիպոգլիկեմիաները, հետաձգելով դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Միաժամանակ ծրագրի բոլոր շահառուներն ապահովվել են ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն բարելավում են դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։
Ծրագրի շրջանակում հանրապետությունում ստեղծվում է դիաբետով հիվանդ երեխաների տվյալների շտեմարան։ Իսկ դիաբետի ուսուցման 4 կենտրոններում, որոնք ապահովվում են ժամանակակից սարքավորումներով, այդ թվում` գլիկոհեմոգլոբինի անալիզատորներով` իրենց թեստ-ժապավեններով և դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով, իրականացվում են մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև հիվանդ երեխաների և նրանց խնամակալների ուսուցում դիաբետի արդյունավետ կառավարման, հմտությունների ձեռք բերման ուսուցում` նոր մոտեցումներով։
Ոչ վարակիչ հիվանդությունների թվում այսօր լրջագույն ուշադրություն պահանջող մանկական շաքարային դիաբետի խնդրիներին նվիրված նիստին մասնակցում էին հանրապետության մակական և մեծահասակների էնդոկրինոլոգները, այդ թվում` մարզերից, ինչպես նաև կլինիկական օրդինատորներ, մանկաբույժներ, առողջապահության կազմակերպիչներ։