«Հայաստանի համար այդ օրենսդրությունն աբսուրդ է, բայց կիրառվում է». Գագիկ Աղաջանյան
«Մեր երկրի օրենսդրությամբ՝ տարանցիկ փոխադրման համար ամեն կիլոմետրի համար 220 դրամ պետք է վճարի ավտոտրանսպորտային միջոցը, որն անցնում է քո երկրով, բացի դրանից՝ մաքսային վճարն ամեն հարյուր կիլոմետրի համար 10 հազար դրամ է: Կան նաև մուտքի և ելքի վճարներ: Մի խոսքով՝ այդ գումարների թիվը բավականին լուրջ է: Իսկ ամենաաբսուրդն այն է, որ տարանցիկ ուղղակի փոխադրման ժամանակ տրանսպորտային միջոցը պարտավոր է Հայաստանում գտնվել ոչ ավելի, քան, ասենք, 10 օր, նա 3 օրում կարող է դուրս գալ՝ վճարելով ամբողջ երկրում սահմանից սահման անցնելու ճանապարհային վճարը: Դե հիմա պատկերացրեք՝ նա ընդամենը երկու օր հետո հետ է վերադառնում, ու ասում են՝ մի հատ էլ այդքան վճարիր, որ հետ գնաս: Այսինքն՝ այնպիսի թվեր են, որ ձեռնտու չէ քո երկրով անցնել:
Շահագրգռել այդ նույն ավտոձեռնարկությանը՝ վերադառնալ քո երկիր և քո երկրով ետ գնալ, չի արվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ այս օրենսդրությունը վերցրել են բրիտանական օրենսդրության օրինակից՝ առանց հաշվի առնելու, որ Բրիտանիան կղզի է. «Հայաստանի համար այդ օրենսդրությունն աբսուրդ է, բայց կիրառվում է»:
Նա նշեց, որ Վրաստանի հետ մենք ունենք միջպետական համաձայնագիր, որի համաձայն՝ երկու երկրներն էլ իրար ազատել են ճանապարհային հարկերից.
«Բայց եթե համեմատելու լինենք տարանցիկ ռեժիմ հասկացողությունը Վրաստանում և Հայաստանում, շատ մեծ տարբերություն կտեսնենք: Ընդհանրապես ամբողջ աշխարհում տարանցիկ երկու ռեժիմ գոյություն ունի՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի փոխադրումը նախատեսում է մաքսային կետից մուտք՝ դեպի երկիր, և այլ մաքսային կետից ելք՝ դեպի երրորդ երկիր: Անուղղակի տարանցիկ ռեժիմը, որը Հայաստանում իսպառ բացակայում է, հետևյալն է՝ երբ բեռը մուտք է գործում քո երկիր, հասնում է մաքսային պահեստ, ինչ-ինչ պատճառներով այնտեղ գտնվում է որոշակի ժամանակ, վերաբարձվում է այլ տրանսպորտային միջոց և դուրս է գալիս քո երկրից: Բեռն ի սկզբանե ունի տարանցիկ ռեժիմի ստատուս՝ անկախ նրանից, թե տրանսպորտային ինչ միջոցով է նա գալիս, իսկ Հայաստանում դա չի դիտվում՝ որպես տրանզիտ»:
Նրա խոսքով՝ եթե նախկինում Հայաստանը հրապուրիչ չէր որևէ տրանզիտի համար, հիմա իրավիճակը փոխվել է, ու դրա պահանջը լինելու է. «Օրինակ՝ Վրաստանից բեռը երկաթուղով գալու է մինչև Երևան, երկաթուղին չի գնում-հասնում Պարսկաստան, տրանսպորտային միջոցը պետք է փոխվի, և մենք ուզում ենք, որ օրենսդրորեն դա ամրագրված լինի՝ որպես տրանզիտ: Բեռը պետք է ստանա կարգավիճակ, այլ ոչ թե՝ տրանսպորտային միջոցը»: Բանախոսը հավելեց, որ նավթի գների անկման հետ կապված՝ բեռնափոխադրումների գները նվազել են ամբողջ աշխարհում. «Այսօր Երևանից 20 ֆունտանոց բեռնարկղը (20-25 տոննա բեռ փոխադրող), Չինաստան հասցնելն արժե ընդամենը 1600-1700 դոլար, ծիծաղելի թիվ, և տրանսպորտային միջոցն այլևս չի խանգարում մեզ արտադրություն զարգացնել»: