«Քացով մեջքիս էլ են տվել, նարուշնիկով էլ են փակել, տոկի էլ են տվել». Սեդրակ Զատիկյանի սպանության գործով ցմահ դատապարտվածը մանրամասներ է պատմել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստով այսօր շարունակվում էր Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով քրեական գործի քննությունը:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Նարեկ Խաչատրյանին
Հարցաքննվեց սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը: Դատավորի հարցին, թե ե՞րբ է դատապարտվել, նա պատասխանեց՝ «չկա՞գործի մեջ գրած, որ ինձ եք հարցնում», և հավելեց, թե հիշողությունը լավ չէ: Ասաց, թե չի հիշում 2006, թե՞ 2007թ. է դատապարտվել. «9 տարի ա, նստած եմ»: Իսկ դատավորի հարցին, թե ի՞նչ հոդվածներով է դատապարտվել, դատապարտյալ Արսեն Առուշանյանը պատասխանեց՝ «ահագին». «104 կա, 177 կա, եսիմ, հա կա, է՛լի, ինչ ուզեցել են՝ դրել են» (նկատի ունի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները):
Նշենք, որ դեպքի շրջանակներում մեկ այլ գործով դատապարտված Ստեփան Հակոբյանի վերաբերյալ կայացված դատավճում նշված է, որ Արսեն Առուշանյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձանց սպանություն), 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 177 հոդվածով (գողություն), 34-177 հոդվածով (գողության փորձ) և 185 հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և դատապարտվել է ցմահ ազատազրկման:
«9 տարի անցել ա ձեր ասած գործից, 9 տարվա մեջ էլ ահագին հիվանդություններ եմ տարել, ահագին վիրահատություններ եմ տարել, ու սենց ասեմ, որ ես ինձ մեղավոր եմ ճանաչել, ոնց որ, «частично»: Չգիտեմ ո՛չ Նարեկին էդ գործի մեջ, ո՛չ Ստեփանին, ո՛չ մի հատ կապող օբշչի բան ունենք, որ շառով ա, որ համոզմունքով ա, թե ում զակազով ա, ես գործի մեջ փաստ չեմ տեսել»,- ասաց դատապարտյալը:
Նա նշեց, թե իր անձնական խնդիրն է եղել Սեդրակ Զատիկյանի հետ: «Ո՛չ գնացել եմ սպանելու, ո՛չ գնացել եմ ինչ-որ մի հատ նման բան անելու: Գնացել եմ խոսալու: Ինչ որ ստացվել ա, ո՞նց են ասում հայերեն, զուգադիպություն ա, ո՞նց են ասում: Ես կայնացրել եմ, ինքը չի կայնել, քշել ա վրես: Ոչ մի քննություն չի տվել՝ իմ ասածը ճիշտ ա՞, թե՞ չէ: Դեպքի վայր ինձի չեն տարել: Ասել են՝ քեզի կուզենան խփեն, մեզի կկպնի»,- պատմեց դատապարտյալ Արսեն Առուշանյանը:
Նա նշեց, որ դեպքից տարիներ առաջ իրեն տարել, «սպանել են», գցել են փոսի մեջ, սակայն ինքը «սաղ է մնացել», ոչ ոք չի ասում, որ նման բան չի եղել. «Ո՞վ ա քննել, ասել՝ Արսեն, գիտե՞ս, դու չես ունեցել ինչ-որ անձնական մի խնդիր էդ մարդկանց հետ: Դրդող-մրդող, շարժիչներ… դրել են գործի մեջ, խոսքեր են գրել, որ ոչ մի բանով չի համապատասխանում էս գործին»:
Իր ցուցմունքում դատապարտյալը բազմաթիվ անգամներ նշեց, որ իր անձնական հարցն է եղել Ստեփան Զատիկյանի հետ, որևէ մեկի հետ չի պայմանավորվել: «Ես ինձ ճանաչել եմ մենակ նրա մեջ մեղավոր, որ գնացել եմ տենալու: Միամիտ ստացվել ա տենց, որի համար խորը ցավակցում եմ հա՛մ իրա ծնողներին, հա՛մ իրա էրեխեքին, հա՛մ էն կնգա… (նկատի ունի պատահական անցորդ կնոջը, ով կրակոցների արդյունքում սպանվել է.- Օ.Հ.): Ни за что не горжусь, как говорится. Что случилось то случилось. Я свое тяну: Причем тут эти люди. За что наговаривают»,- ասաց դատապարտյալը: Նա «աբսուրդ» որակեց պատվերով սպանություն կատարելու որակումները. «Ես էդքան ներվեր չունեմ: Էսքան որ եկել եմ, նրա համար եմ եկել, որ տեսնեմ՝ сколько будет концерт продолжаться»:
Պատասխանելով մեղադրողի հարցին, թե ինչ խնդիր է ունեցել Սեդրակ Զատիկյանի հետ, դատապարտյալը պատասխանեց, որ դեպքից տարիներ առաջ իրենից «բան» են ուզել խլել՝ քարի արտադրամաս, չեն հասկացել միմյանց. «Իրանք էլ որոշել են՝ էդ ձևի հարց լուծեն, որ պիտի տանեն, տրուբով տան գլխիս, որ ուշքս գնա, կոխեն փոսի մեջ, տեղն էլ հես ա (ձեռքով ցույց տվեց գլխի հատվածը.- Օ.Հ)»: Բացի այդ՝ նա նշեց, որ «եկել են իր տան վրա», անպատվել են, «էրեխեն ձեռը»՝ անպատվել են իր կնոջը: Մեղադրողի հարցին ի պատասխան՝ դատապարտյալն ասաց, որ Սեդրակ Զատիկյանի վրա չի կրակել. «Ես կրակել եմ էն մեքենայի վրա, որը որ քշել ա իմ վրա»:
Մեղադրողը հետաքրքրվեց, թե դեպքի օրը ո՞ր հարցը պարզաբանելու համար է գնացել Սեդրակ Զատիկյանին տեսնելու, ինչին ի պատասխան՝ դատապարտյալը հարց հնչեցրեց՝ արդյոք քննությո՞ւն են տանելու. «Եթե քննություն եք տանելու, ինձի առանձին կանչեք: Ես չեմ հավատում: Գիտե՞ք ինչ ա՝ ես 10 տարի ա՝ հես ա նստած եմ, ցմահ եմ: Գիտե՞ք ինչ ա՝ չեմ հավատում՝ քացով մեջքիս էլ են տվել, նարուշնիկով էլ են փակել, տոկի էլ են տվել: Էդ ինչ որ դուք սենց սիրուն խոսում եք, էդի անցավ-գնաց արդեն: Էտենց խոսացել ենք մի վախտ մարդկանց հետ: Եկեք, նստեք, ես ձեզի ասեմ, լրագրողները հես ա՝ ստեղ են, ասեմ՝ ոնց ա, ինչ ա, հատ-հատ բացատրեմ, ասեմ՝ որտեղ որ սխալ ա եղել»:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննության ընթացքում Արսեն Առուշանյանի՝ որպես կասկածյալ և մեղադրյալ տրված ցուցմունքները: Նա նշել էր, որ 2001թ. դատապարտվել է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Ազատվել է համաներումով: Կալանավայրում գտնվելու ընթացքում թղթախաղով 3500 դոլարի պարտք է գոյացրել: Կալանավայրից ազատվելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ հայ հեղինակություններից մեկին է հանձնել պարտքը: Հետագայում վերադարձել է Հայաստան: Ընդհարում է տեղի ունեցել: Նրանցից մեկը, ով խմբի ղեկավարն է եղել, ներկայացել է «Մալաթիայի Սեթո» և ագրեսիվ տոնով ասել, որ կալանավայրից պարտք ունի, դա ստանալը «պերեվոդ է եղել» իր վրա, ինքը պատասխանել է, որ պարտք չունի: Զանգահարել են իր ասած մարդուն, ով հաստատել է իր խոսքերը: 1 տարի անց իրենց տուն է եկել Սեթոն, ով ասել է, որ ինքը պետք է նրանց հետ գնա, մարդ կա տեսնելու: Գնացել են 40 Սովխոզ, որտեղ ինքը դաժանաբար ծեծի է ենթարկվել: Ֆիզիկապես և հոգեպես ծանր վիրավորանք է ապրել, որոշել՝ երբ էլ լինի, վրեժխնդիր լինել Սեթոյից, սպանել նրան:
Ըստ ցուցմունքի՝ առավոտյան, տաքսիով, կրկին պատրաստված գնացել է Սեդրակենց տան թաղամաս: Տեսել է, որ իրոք Սեդրակի մեքենան մոտենում է, դիմահար կրակոցներ է ուղղել դեպի Սեդրակը: Մեքենան շարունակել է ընթանալ դեպի իրեն, բայց մի ակնթարթ դանդաղեցնելով ընթացքը՝ հանկարծակի մեծ արագությամբ կտրուկ սլացել է դեպի իր կողմը: Հետ է քաշվել, և, երբ մեքենան հավասարվել է իրեն, նորից կրակոցներ է ուղղել Սեդրակի վրա, այս անգամ կողքից և մի քանի մետր մեքենայի կողքով նրա արագությամբ վազելով նույն ուղղությամբ՝ շարունակել է կրակել Սեդրակի վրա: Ցուցմունքի հրապարակումից հետո դատապարտյալն ասաց, որ ինչ գրվել է, իրենք են գրել: Պատասխանելով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հարցին՝ դատապարտյալը պատասխանեց, որ Նարեկ Խաչատրյանին չի ճանաչում, ճանաչում է նրա հորը, ով իր հոր ընկերն է եղել. «Նարեկին էլ ո՛չ տեսել եմ, ո՛չ ռաստ եմ եկել, ո՛չ իմացել»:
«Ես արդեն ցմահ եմ ու սաղ կյանքս ստեղ եմ ըլնելու, ինչ որ տենց նպատակներ էլ չունեմ դուրս գալու»,- հայտարարեց դատապարտյալը: Դատավորի հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել սպանությունը, դատապարտյալը պատասխանեց, որ չի հիշում, չի էլ ուզում հիշել: «Ես ամեն առավոտ հելնում եմ, աղոթում եմ, ներողություն եմ խնդրում, սենց ասեմ, որ… ես ուզում եմ մոռանամ էդ ամեն ինչը»,- եզրափակեց նա: