Բաժիններ՝

Խթանում են խաղողի օղու արտադրությունը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով ենթադրվում է` կխթանվի խաղողի օղիների արտադրությունը:

Ըստ Մակարյանի՝ ՀՀ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ և այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ:

Փոխնախարարը նշեց, որ գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25%) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով:

Ռ.Մակարյանի խոսքով՝ օրինագծով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 % և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում կլրացվի խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը, իսկ տարեկան տուրքի դրույքաչափը կհավասարեցվի այդ խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին, այսինքն՝ 50 հազար դրամ:
ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ օրինագիծը բխում է խաղողագործների շահերից, և ափսոսանք հայտնեց, որ ուշ է բերվել:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դրական որակեց նախագիծը, բայց նշեց, որ մարզեր իր այցելության ժամանակ պարզել է, որ համատարած խնդիր կա, որ խաղողագործները մթերել են իրենց արտադրանքը, բայց գումարը չեն ստացել: Ըստ պատգամավորի՝ մթերողները 3.1 մլրդ դրամի պարտք ունեն գյուղացիներին:

Ն.Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ այս գումարները չեն ստացվում, և գյուղացիներն ինչպե՞ս են վարկերը փակելու: Ըստ նրա՝ գյուղացիներն ավանդական ճանապարով են գնում՝ այլ տեղից են վարկ վերցնում, որ նախկինը փակեն, արդյունքում գյուղացու պարտքն ավելի մեծանում է, իսկ խաղողի դիմաց վճարումներին տոկոսներ չեն ավելանում և արդեն գործ ունենք գյուղացիների համատարած սնանկացման հետ: «Հարկավոր են շատ կոնկրետ քայլեր»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 90 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս