
«Հայերը միշտ պետք է պատրաստ լինեն նման դեպքերի». տնտեսագետը՝ Մոսկվայում «անօրինական» կառույցներ քանդելու մասին

Մոսկվայում «անօրինական» կառույցներ քանդելուց հետո, որոնցում զբաղված էին նաև ԱՊՀ երկրներից աշխատանքային ներգաղթյալներ, այդ թվում՝ նաև մեր հայրենակիցները, որոշ մեկնաբաններ դրանում երկրից աշխատանքային ներգաղթյալների արտաքսման միտումներ նկատեցին: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ սա քաղաքական ճնշող նպատակներ չունի, բայց ռուսների շահերն է հետապնդում.
«Մեր տարբեր կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները Ռուսաստանում զբաղվում են բիզնեսով կամ աշխատում են, ու Մոսկվայի դեպքերը որպես սանկցիայի շարունակություն կարելի է դիտել։ Իհարկե, քաղաքապետարանն իրավունք ունի իր քաղաքը բարեկարգել, ինչպես մեզ մոտ ժամանակին եղավ, և պետք է նաև հաշվի առնենք, որ թույլտվությունը եղել էր նախկին քաղաքապետի ժամանակ, բայց կարծում եմ՝ դա նաև սանկցիաների հետևանք է, որովհետև նման կրպակները բավականին շատ են Ռուսաստանում, հետևաբար՝ այդ պրոցեսը կարող է նաև շարունակվել»:
Նրա խոսքով՝ մեր քաղաքացիների մի մասն այդքան էլ պատրաստ չէր, և մինչև վերջին պահը հույս ունեին, որ կարող են առևտուր անել.
«Սա քաղաքական շատ սուր ճնշող նպատակներ չունի, բայց Ռուսաստանն իր շահերն է հետապնդում։ Հայերը միշտ պետք է պատրաստ լինեն նման դեպքերի, որովհետև Ռուսաստանը կոռումպացված պետություն է, ու ՌԴ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորություններից»։
Ըստ տնտեսագետի՝ մեր քաղաքացիները պետք է գրագետ գործեն.
«Պետք է իրենց իրավունքներն ու օրենքներն իմանան: Մոսկվայի մոտեցումը կարող է տարածվել այլ վայրերի վրա ևս։ Չեմ կարծում, որ Մոսկվայի դեպքը գործազրկության մեծ ալիք կառաջացնի Հայաստանում, քանի որ այնտեղ առևտրով զբաղվողների մի մասն են հայեր: Բայց նման երևույթները կարող են գեներացնել մեծ արձագանքներ»: