«Միակ շանսը, որ ունի, Արման Թաթոյանն է. Սա շատ լուրջ փորձություն է նրա համար». Ավետիք Իշխանյանը՝ օմբուդսմենի թեկնածուների մասին

168.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Պարոն Իշխանյան, Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդեն հայտնի երեք թեկնածուներից Ժառանգություն» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿական Մակար Եղիազարյանը և Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը) ո՞ւմ եք տեսնում՝ որպես օմբուդսմեն, Ձեզ համար ո՞վ է հավանական անցողիկ թեկնածուն:

– Ես կուզենայի հետհայացք գցել 2006 թվականին, երբ ընտրվելու էր նոր պաշտպան՝ Լարիսա Ալավերդյանից հետո, և այն ժամանակ թեկնածուները Արման Հարությունյանն ու կուսակցական Հրանտ Խաչատրյանն էին: Հիշում եմ՝ երբ «Ազատություն» ռադիոկայանում քննարկում եղավ այդ կապակցությամբ, ես ասացի՝ քանի որ Ազգային ժողովում ներկայացված մեծամասնությունն իշխանությունն է, ապա Հրանտ Խաչատրյանը որևէ շանս չունի դառնալու Մարդու իրավունքների պաշտպան, և Հրանտ Խաչատրյանը նույնիսկ ինձնից նեղացավ, թե ինչու եմ ես այդպես մտածում, և ասաց՝ «պետք է հավատալ, որ ես կլինեմ»: Անիրականանալի բաների ես չեմ ուզում հավատալ, համենայն դեպս, Հայաստանում իշխանության հոգեբանությունը դեռևս չի փոխվել, և այնպիսի քննարկում չեղավ Հայաստանում, թե ով կլիներ լավագույն պաշտպան, և դրանից ելնելով՝ առաջարկվեր թեկնածուն:

Դա կլիներ այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը և իշխանությունը համատեղ նպատակ ունենային Հայաստանում իրավիճակ փոխելու, ու այդ ժամանակ այնպիսի մարդու նշանակեին ՄԻ պաշտպան, ով համընթաց օժանդակեր այդ բարեփոխումներին: Քանի որ չկա այդ հոգեբանությունը, և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կախված է  իշխանության ներկայացուցիչների ցանկությունից, թե ով  կնշանակվի, ապա այդ երեք թեկնածուներից ես համարում եմ, որ միակ շանսը, որ ունի, Արման Թաթոյանն է, մյուսները շանս չունեն: Կարելի է արդեն հաստատապես ասել, որ մենք շուտով կունենանք նոր պաշտպան՝ Արման Թաթոյանին:

Այսինքն՝ ով էլ լիներ իշխանությունների կողմից առաջադրված, նա՞ էր «նշանակվելու»:

– Այո, այստեղ պետք է ուղղակի գնահատել, թե Արման Թաթոյանն ինչպիսի պաշտպան կարող է լինել: Այս տեսակետից ես պետք է ասեմ, որ Արման Թաթոյանին շատ վաղուց եմ ճանաչում, մենք համագործակցել ենք՝ դեռևս, երբ նա փոխնախարար չէր, Համալսարանում դասախոս էր, նա մեր կազմակերպած՝ մարդու իրավունքների սեմինարներին մասնակցել է և ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ներքին մեխանիզմները: Բավականին դրական  տպավորություն է թողել, հետագայում նա աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ Արմեն Հարությունյանի ժամանակ, և մենք համատեղ նաև աշխատել ենք Ազգային խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի արտասահմանյան փորձի շուրջ:

Հետագայում՝ դառնալով փոխնախարար, երբ խոշտանգումների ձևակերպումը Քրեական օրենսգրքում փոխվեց, մենք բավականին համագործակցել ենք իրար հետ՝ մի խումբ փաստաբաններով և իրավապաշտպաններով, և բավականին արդյունավետ ենք աշխատել: Նա եղել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ՝ Հայաստանի կողմից, ու ես կարող եմ նրան բնութագրել՝ որպես բավականին բարձր պրոֆեսիոնալ՝ իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի ոլորտում: Այստեղ հարց է առաջանում՝ լինելով բարձր կարգի մասնագետ՝ ինչպիսի՞ մարդու իրավունքների պաշտպան նա կարող է լինել: Սա արդեն բավականին մտածելու հարց է, որովհետև նա հանրային գործիչ չի եղել, հանրությանն առանձնապես հայտնի չէ, ու հիմա նրան սպասվում է լուրջ հանրային գործիչ դառնալու ճանապարհ: Սա շատ լուրջ փորձություն է Արման Թաթոյանի համար: Նա պետք է արդեն բավականին փոխի իր աշխատաոճը, կարո՞ղ է արդյոք նա փոխել իր աշխատաոճը, ժամանակը ցույց կտա:

Հայաստանում ընդդիմությունը պատկերացնում է՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի ընդդիմադիր: Այո՛, նա պետք է լինի ընդդիմադիր, բայց ընդդիմադիր ոչ քաղաքական, նա պետք է լինի ընդդիմադիր՝ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Այդ մտայնությունը, ցավոք, մեր քաղաքական ընդդիմության մեջ էլ չկա: Արդյոք Արման Թաթոյանը կարո՞ղ է լինել այդպիսին, ժամանակը ցույց կտա, համենայն դեպս, եթե նույնիսկ նա պատրաստ չէ դրան, կարող է իրավիճակը ստիպել, ինչպես իրավիճակը ստիպեց նախորդ պաշտպաններին՝ բարձրացնել այն հարցերը, որոնք ականջահաճո չեն ՀՀ իշխանություններին:

Ի՞նչ կարող եք ասել մյուս երկու թեկնածուների՝ Մակար Եղիազարյանի և Զարուհի Փոստանջյանի մասին, որքանո՞վ նրանք կհամապատասխանեին այդ պաշտոնին: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը որքանո՞վ կլիներ լավ օմբուդսմեն՝ հաշվի առնելով նրա ընդգծված ընդդիմադիր կեցվածքը, սուբյեկտիվ դիրքորոշումները:

– Մակար Եղիազարյանի անունն առաջին անգամ եմ լսում, ու նրա մասին որևէ կարծիք չեմ կարող հայտնել: Արդյոք նա (նկատի ունի Զ. Փոստանջյանին.– Ա.Ք.) պատրա՞ստ է՝ լինելով մարդու իրավունքների պաշտպան, դեն նետել քաղաքական իր համակրանքներն ու հակակրանքները, կամ դնել չհրկիզվող պահարանի մեջ, փակել, քանի դեռ օմբուդսմեն է աշխատում, և լինել ծայրահեղ օբյեկտիվ և ոչ կոնֆլիկտային ու մոռանալ իր նախկին կուսակցական պատկանելությունը, շատ դժվար է ասել: Ես չեմ բացառում, որ՝ դառնալով ՄԻ պաշտպան, այդ պաշտոնը Զարուհի Փոստանջյանին դարձնի ավելի զուսպ ու ավելի օբյեկտիվ, որովհետև մենք բոլորս կարծրատիպերի տակ ենք ու մտածում ենք՝ այդպիսին եղել են, այդպես էլ կշարունակվի: Բայց, նորից եմ կրկնում, այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են, որովհետև պետք է դիտել իրականությունը:

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված թեկնածուների ընտրությունը, ընդդիմությունը չէ՞ր կարող ոչ կուսակցական գործիչների առաջադրել, կամ՝ իշխանությունները՝ ավելի հայտնի մարդու:

– Այդ օբյեկտիվ մտայնությունը Հայաստանի քաղաքական ուժերի մեջ չկա, որ այդ ինստիտուտը դիտեն՝ որպես ոչ յուրային ինստիտուտ, այլ՝ որպես ապաքաղաքական, բայց շատ կարևոր, հեղինակավոր ինստիտուտ, ամեն դեպքում, նրանք մտածում են՝ յուրային լինի այնտեղ: Շատ հաճախ դիտում են այդ ինստիտուտը՝ որպես հերթական նախարարություն, և դրանով է պայմանավորված, որ ուզում են իրենց կուսակցական ընկերոջը դնել՝ որպես յուրային: Սա մեր մտայնությունն է, թող ինձնից չնեղանան, բայց մի քիչ նեղ մտայնություն է: Սա է հիմնական պատճառը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս