Բաժիններ՝

«2015թ. բենզինի գները նվազել են». Արտակ Շաբոյան

2015թ. բենզինի գները նվազել են: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով դիզվառելիքի և բենզինի շուկայում ուսումնասիրությունների արդյունքները:

«Քանի որ բենզինի ոլորտը, բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է հանդիսանում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, և հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015թ. ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որ իրացվում է հայկական դրամով և ներմուծվում է ԱՄՆ դոլարով: Այդ պատճառով հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե 2014թ. դիտարկենք թվերը, ապա գները շատ ավելի շատ են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ վաճառքի գները ձեռքբերման գների հետ համեմատելու դեպքում կարող ենք ասել, որ վաճառքի գներն ամբողջությամբ ադեկվատ են ձեռքբերման գներին:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող պետական վիճակագրության թվերի համաձայն՝ 2015թ. ընթացքում բենզինի գները եվրոյով արտահայտված Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում՝ 8 տոկոսով, Գերմանիայում՝ 7 տոկոսով, Իտալիայում՝ 8 տոկոսով, Չեխիայում՝ 10 տոկոսով, Ռումինիայում՝ 7 տոկոսով. «Այսինքն՝ եվրոպական մյուս երկրներում, երբ համադրելի ժամանակ ենք վերցնում համադրելի թվերով, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում»: Արտակ Շաբոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գնագոյացման համար կարևոր նշանակություն ունի նավթի տեսակարար կշիռը.

«ՀՀ-ում բենզինը ներկրվում է հիմնականում ՌԴ-ից՝ մեծ չափերով: ՌԴ-ում արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ՝ նաև հարկերի մեծ տեսակարար կշիռ ունենք, և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է, տրանսպորտային բավական մեծ ծավալի ծախսեր են իրականացվում՝ հաշվի առնելով նաև հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում, ստացվում է՝ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս: Եթե այստեղ համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է, և նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա: Այսպիսով, եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, կստացվի, որ վաճառքի գները 2015թ. նվազել են մոտ 10 տոկոսով, իսկ 2014թ. սկսած, երբ համաշխարհային շուկայում բենզինի գների նվազում սկսվեց, վաճառքի գները մեր երկրում դոլարային արտահայտությամբ նվազել են մոտավորապես 28 տոկոսով»:

Կարդացեք նաև

Արտակ Շաբոյանն ասաց, որ պարբերաբար ուսումնասիրում են ներմուծող ընկերությունների վարքագիծը. ներկայումս բենզին ներկրում են հիմնականում 2 ընկերություններ՝ «Ֆլեշ», «CPS». «Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007թ. սկսած որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը: 2006-2007թթ. 5-6 ընկերություններ են եղել, սակայն կրկին խոշոր ներմուծող 2-3 ընկերություններ են եղել: Այս պահին ներմուծում իրականացնում են երկու ընկերություններ, և նրանց գործունեությունը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս